Եթե Ռուսաստանի հավաքականը պարտվեր՝ հայ մեկնաբանը կինքնահրկիզվե՞ր

Եթե Ռուսաստանի հավաքականը պարտվեր՝ հայ մեկնաբանը կինքնահրկիզվե՞ր
Օլիմպիական ձմեռային խաղերի ամենաուշագրավ ներկայացումները թերևս հոկեյի մրցաշարի հանդիպումներն են ազգային հավաքականների միջև։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով, և օլիմպիական խաղերին մասնակցում էր օլիմպիադայի դրոշով։ Սա որոշ առումով խղճահարություն էր առաջացնում նրանց մոտ, որոնք հակված են պաշտպանելու թույլին և ճնշվածին։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Հոկեյի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, դուրս է շարքային մարզասերի երևակայությունից։



Գերմանիայի և ռուսական մարզիկներից կազմված օլիմպիական հավաքականների եզրափակիչ հանդիպումը հեռարձակվում էր նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։ Հայ մեկնաբանները, հավանաբար, մոռանալով, որ վաղուց Խորհրդային կայսրության կազմում չենք՝ այնպիսի ոգևորությամբ էին գովում ռուս հոկեյիստների խաղը, որ տպավորություն էր ստեղծվում, թե Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքում ենք, իսկ հեռուսադիտողները ոչ թե հայեր են, այլ ռուսահպատակներ։



Ավելորդ չի նշելը, որ մարզական մեկնաբանի գործառույթն է՝ մեկնաբանել այն, ինչը տեղի է ունենում մարզական ներկայացման ժամանակ, ինչպես նաև այն, ինչը չեն ֆիքսում տեսախցիկները։ Սակայն մեր մեկնաբանները, մի կողմ թողած անկողմնակալությունը, մեղմ ասած, ոչ մասնագիտական մոտեցում էին դրսևորում, հեռուստադիտողին ստիպելով լսել ռուսական մարզիկներից կազմված օլիմպիական հավաքականի անտեղի գովերգը։



Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ էին հայ մեկնաբանները հուզական պոռթկումներով գովերգում ռուսական մարզիկների խաղը։ Միգուցե հայ մեկնաբանները ռուսական մարզիկների գործակա՞լ են աշխատում։ Իսկ միգուցե նրանք թյուրիմացաբար կարծում են, թե հայ հեռուստադիողների մեծ մասը երկրպագու՞մ են ռուսական մարզիկներից կազմված հավաքականին։ Թե՞ կարծում են, որ մարզիկներին չի կարելի որակազրկել խթանիչներ օգտագործելու համար, և իրենց պատռելով փորձում են բարձր պահել Ռուսաստանի տրորված պատիվը։



**Հակոբ ՄԿՐՏՉՅԱՆ**