Համեցեք ներքեվ, պարոն Հարությունյան

Համեցեք ներքեվ, պարոն Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ ներկայացրել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնաթողության պատճառները: Նրա խոսքով` քրեակատարողական վարչությունում աշխատելու ընթացքում Օսիկյանը հաջողությունների է հասել, սակայն, ինչպես ցանկացած դեպքում, Օսիկյանի աշխատանքում թերություններ եղել են: Եթե պարոն Հարությունյանն այսքանով սահմանափակվեր, ապա ամեն ինչ ավելի հասկանալի կլիներ, քան այն ամենից հետո, ինչ նա ասել է արդեն խոհափիլիսոփայորեն:



«Չկա մարդ, ով անթերի է աշխատում, ինչպեսեւ բոլորիս դեպքում: Այնպես որ, երբեմն անձի փոփոխության հարց է առաջանում, երբ համակարգին անհրաժեշտ է նորովի նայել»: Նախարարի այս խոսքերից այնքան էլ լավ չի հասկացվում, թե Օսիկյանին տեղաշարժ անելու համար ով է փորձել նորովի նայել համակարգին` Օսիկյանի ղեկավարնե՞րը, թե՞ Օսիկյանը, որը լավ է աշխատել իր տեղում, ինչպես փաստում է Հարությունյանը: Հավանաբար զգալով, որ մի քիչ անհարմար բան է ասել, Հարությունյանն անցել է սեփական հայտարարությունը «շուշաթղթելու» գործին. «…ընդհանրապես, անհրաժեշտ է պարբերաբար փոփոխել գործունեության ոլորտը՝ իրավիճակն այլ ձեւով տեսնելու համար»: Լավ է ասում, չէ՞: Մնում է նաեւ անուն առ անուն նշի մեր այն պաշտոնյաներին, որոնք «իրավիճակն այլ ձեւով տեսնելու համար» են թռել պաշտոններից ու նորից թառել, բայց՝ ուրիշ պաշտոնների:



Մի ծիծաղեցրեք, պարոն Հարությունյան, որովհետեւ սա Շվեյցարիան չէ կամ Մեծ Բրիտանիան: Պաշտոնից ատամներով կառչելու տեսանկյունից մենք չենք զիջում ոչ մեկին եւ նույնիսկ աֆրիկյան ցեղերին, որոնց ցեղապետերը երբեք չեն ցանկանում իրավիճակին այլ կերպ նայել:



Տեսնելով, որ սա էլ չանցավ, Դավիթ Հարությունյանը գնում է ինքնազոհության ու բերում սեփական օրինակը, թե ինչպես է ինքն այս պաշտոնից թռել այն պաշտոնին, որպեսզի ավելի լավ տեսնի իրականությունը: Ասում է՝ 1998-2006 թվականներին նախարար աշխատած մարդը 2006-ին որոշել է, որ մեկ տարի անց պետք է հեռանա, որպեսզի նոր նախարարը կարողանա նորովի նայել աշխատանքին եւ շտկի իր թերությունները: Մնում է նրանից հետաքրքրվել` պարոն Հարությունյան, ինչո՞ւ նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո գոնե մի քանի օրով չմիացաք հասարակ քաղաքացիներին, որպեսզի նրանց դիտանկյունից էլ լավ տեսնեք հենց ձեր ղեկավարած համակարգի թերությունները: Եվ կամ՝ այդ ի՞նչ եք ասում. կարելի է մտածել, որ հերթով իրար փոխած արդարադատության նախարարների թերություննե՞րն եք հիմա հաշվում ու վերացնում:



Երբեք մի փորձեք երեւալ ավելին, քան կաք, պարոնայք: Մի վերագրեք ձեզ բաներ, որոնք բնութագրական են միայն մեծ մարդկանց պարագայում: Իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում եք տեսնել սեփական թերությունները, ապա խնդրեմ, իջեք ներքեւ` միասին նորովի նայենք այդ ամենին:



**ՀԳ**․ Ի դեպ, համակարգին «հին» հայացքով նայող Օսիկյանին փոխարինել է մի մարդ, որն այս համակարգում է աշխատում սովետի թվերից՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը վերջին 13 տարին էլ եղել է ՔԿ վարչության պետի տեղակալը։ Ինչ խոսք՝ շատ թարմ հայացք է ներմուծել պարոն Հարությունյանը համակարգ։



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**