ՀՅԴ-ն հնարավոր է կողմ չլինի ռեյտինգային ընտրակարգի վերացման նախագծին

ՀՅԴ-ն հնարավոր է կողմ չլինի ռեյտինգային ընտրակարգի վերացման նախագծին
Չնայած խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ու «Ելք»-ը դեմ են ռեյտինգային ընտրակարգին, սակայն դժվար թե այս հարցի շուրջ կոնսենսուս ձեւավորվի։ Ինչպես ցանկացած հարցում, այս դեպքում էլ ընդդիմադիրների պահվածքը կարապի-խեցգետնի հայտնի պատմությունն է հիշեցնում։



Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում կրկին կքննարկվի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների հեղինակած, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը շրջանառության մեջ դրվեց հունվարի 31-ին՝ նույն հանձնաժողովի նիստում, սակայն նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանն առաջարկել էր այն առնվազն երկու ամսով հետաձգել, որպեսզի քննարկեն նաեւ գործընկերների, մասնավորապես՝ ՀՅԴ-ականների առաջարկները եւ լրացնեն նախագիծը։ Դրանից մեկ շաբաթ հետո Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին առաջարկել է միասին պատրաստել Հայաստանի համապետական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենքի նախագիծ, նաեւ հույս էր հայտնել, թե երկու կողմի փորձագետներն առաջիկայում համատեղ աշխատանքների կլծվեն։



Սակայն Արմեն Ռուստամյանի պատասխանը եղավ այն, որ՝ այո, իրենց կարծիքով էլ ռեյտինգային ներկայիս ընտրակարգը պետք է փոփոխվի՝ հիշեցնելով, որ իրենք ժամանակին կողմ են եղել ռեյտինգային ընտրակարգին` ամբողջ երկրի մասշտաբով քվեարկվող թեկնածուների համար, իսկ տարածքային ցուցակներով առաջադրման տարբերակը, որն ամրագրված է գործող ԸՕ-ում, եղել է կոմպրոմիսային տարբերակ` համամասնական ընտրակարգին անցնելու ճանապարհին, սակայն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն քննարկում է ԸՕ բարեփոխումների ամբողջական փաթեթ ներկայացնելու հարցը: Չուշացավ նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների կոշտ պատասխանը, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգից չի հրաժարվի, Շարմազանովն էլ ասաց, թե դա ավելի ժողովրդավարական է, ժողովուրդն ընտրում է, թե այդ ցուցակներից կոնկրետ ում է ուզում տեսնել ԱԺ-ում։



«Մենք փորձեցինք գալ համաձայնության, պատրաստ էինք քննարկել ցանկացած տարբերակ։ Առաջինը՝ Հայաստանը դիտել մեկ ընտրակարգ, 13 ընտրատարածքների թիվը կրճատել՝ երկու, որը հնարավորություն կտա խուսափել վարչական ռեսուրսի կիրառումից, մենք պատրաստ էինք քննարկել ցանկացած տարբերակ»,- երեկ մեզ հետ զրույցում նախագծի հետաձգման պատճառների մասին հիշեցրեց **Նաիրա Զոհրաբյանը**՝ շարունակելով․ «ՀՅԴ-ն կարծես համաձայն էր եւ համաձայն էր առաջին տարբերակին՝ ողջ Հայաստանը մեկ ընտրատարածք դիտարկելու վերաբերյալ, ինչն ընդունելի է նաեւ մեզ համար, չգիտես ինչու՝ մեր գործընկերները որոշեցին այլ տարբերակ ընտրել, ընտրել ՀՀԿ-ին համոզելու տարբերակը։ Անկեղծ ասած՝ մեր ընտրական համակարգն այնպիսին է, որ եւս 125 տարի սպասելու ժամանակ չունենք»։ Ժամանակ չկորցնելով էլ՝ «Ծառուկյան դաշինքը» նախագիծը նորից շրջանառության մեջ է դրել։



Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ժամանակին ոչ միայն կողմ քվեարկեց ԸՕ նախագծին, այլեւ մասնակցում էր դրա ձեւավորման գործընթացին։ Այնինչ ներկայացված նախագծում փոփոխությունների անհրաժեշտությունը նրանք հիմնավորել էին 2017 թ․ ԱԺ ընտրություններով, որոնք, ըստ հեղինակների, ցույց տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: «Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան: Արդյունքում` ընտրական համակարգն ամբողջությամբ ընտրողի համար դարձավ անհասկանալի եւ բարդ: Ուստի` նման ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձեւավորելու սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթել են տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քաղաքական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է որպես ռեսուրսների պայքար»: Նաիրա Զոհրաբյանը դժվարանում է ասել, թե ինչ դիրքորոշում կունենան ՀՅԴ-ական պատգամավորները քվեարկության ժամանակ, կլինի՞ խորհրդարանում լայն կոնսենսուս, թե՞ միայն «Ելք»-ը կաջակցի նախաձեռնությանը։



Ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզից խորհրդարան անցած ՀՅԴ-ական պատգամավոր Ս**ուրեն Մանուկյանը** չի բացառում, որ ՀՅԴ-ն չսատարի ծառուկյանականների ներկայացրած նախագիծը, քանի որ ՀՅԴ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ամբողջական փաթեթ ներկայացնելու հարցը, եւ այդ հարցն էլ պետք է դիտարկել ողջ փաթեթի համատեքստում։ «Ոչ թե մենք պետք է միանանք իրենց, այլ «Ծառուկյան դաշինքը»՝ մեզ, որովհետեւ եթե իրենք երբեւիցե չէին մտածում դրա մասին, մենք բարձրաձայնում էինք։ Եթե իրենց ներկայացրած մոտեցումները լինեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում, ապա խնդիր չունենք չհամաձայնելու, սակայն խմբակցությունում դեռ չենք քննարկել, թե ինչ դիրքորոշում ենք ունենալու այդ նախագծի հարցում»,- ասաց Մանուկյանը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ ՀՅԴ-ն կողմ է Հայաստանը մեկ ընտրատարածք դարձնելուն։



Ի դեպ, օրերս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե իրենց նախագիծն Ազգային ժողով «քուչի տղերքի» մուտքը կանխելու նպատակով է։ Սուրեն Մանուկյանը թեպետ կողմ է այդ ընտրակարգի վերացմանը, սակայն այդ ընտրակարգով ընտրված նման «տղերքի» չի ճանաչում․ «Ես չգիտեմ, թե ԲՀԿ-ում ովքեր են անցել՝ նման մարդիկ, բայց իմ իմացած ռեյտինգայինով անցած պատգամավորները պարկեշտ, նորմալ մարդիկ են ու արժանի են ԱԺ պատգամավորի մանդատին»։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**