Դատախազությունը բացասական կարծիք է տվել օրենքի դրույթին, բայց այն ընդունվել է․ Արթուր Դավթյան

Դատախազությունը բացասական կարծիք է տվել օրենքի դրույթին, բայց այն ընդունվել է․ Արթուր Դավթյան
Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դրույթ մտցրեց, որով 100 հազար դրամ դատական տուգանք է նախատեսվում կիրառել դատավարության մասնակից փաստաբանների և դատախազների նկատմամբ, որոնք անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն դատարանի նկատմամբ։ Այս դրույթը մեծ աղմուկ է բարձրացրել փաստաբանների շրջանում, և մի խումբ փաստաբաններ բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ այս և քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք այլ դրույթների։



Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից **Hraparak.am**-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այս օրենքին, և հնարավո՞ր է՝ դատախազներն էլ բողոքի ակցիա սկսեն։



Արթուր Դավթյանն ասաց, որ դատախազությունը բացասական կարծիք է տվել այդ նախագծին մշակման ընթացքում՝ համապատասխան փաստարկներով։



«Բայց համապատասխան պատկան մարմինը քննարկել է օրենքի նախագիծը՝ դրա պատճառաբանություններով։ Իհարկե, մենք որևէ բողոքի ակցիա չենք անի, ես մեծ խնդիր դրանում դատախազական համակարգի հետ չեմ տեսնում, որովհետև ես չունեմ այնպիսի դժգոհություններ դատախազի՝ դատարանում վարքագծի վերաբերյալ, որ բացատրեմ, որ դա էական բացասական հետևանքներ կունենա։ Հետևաբար, մենք սրան վերաբերվում ենք լիարժեք ըմբռնումով»,-ասաց Արթուր Դավթյանը։ Ստացվում է՝ կարող են բացասական կարծիք տալ, դեմ արտահայտվել, բայց փաստացի դեմ չլինել։



Նշենք, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ իր վերոնշյալ խնդրահարույց դրույթն այսօր 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայներով ընդունվեց Ազգային ժողովում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**