ՊՆ-ում կրկին օրենք են խախտում և տեղյակ չեն իրենց «քթի տակ» գործող հիմնադրամից

ՊՆ-ում կրկին օրենք են խախտում և տեղյակ չեն իրենց «քթի տակ» գործող հիմնադրամից
Պաշտպանության նախարարությունը շարունակում է իր անօրինական աշխատաոճը լրատվամիջոցների հետ աշխատանքում։ Հունվարի 30-ին մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊՆ՝ մի քանի հարց ուղղելով ՊՆ վարչական շենքում՝ Բագրևանդի 5 հասցեում գրանցված «Հայրենիք» ռազմա-հայրենասիրական հիմնադրամի մասին։ Այս հիմնադրամն է, որ պայմանագիր է կնքել Պոլիտեխնիկնիկական համալսարանի հետ՝ ֆինանսավորելով, որ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերեն, որոնք հետո պետք է օգտագործվեն նաև պաշտպանական նպատակներով։



Մինչ գրավոր հարցումը փորձեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից բանավոր ճշտել մեր հարցերը։ Բայց նա, պարզվեց, առաջին անգամ էր լսում այս հիմնադրամի մասին։ Զանգահարեցինք նաև ՊՆ լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանին։ Նա էլ ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ հիմնադրամի մասին է խոսքը։ Փաստորեն, ՊՆ-ում առնվազն լրատվական բլոկի պատասխանատուների մակարդակով չգիտեն, որ իրենց «քթի տակ»՝ նույն շենքում, որտեղ իրենք են աշխատում, գրանցված է մի հիմնադրամ, որը ռազմա-հայրենասիրական բնույթի կարեւոր ծրագրեր է իրականացնում, և որի հոգաբարձուների խորհրդի կազմում են եղել ու կան ՊՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։



Ի վերջո, մեր հարցերը գրավոր ուղարկեցինք ՊՆ։ Բայց ՊՆ լրատվականը, սովորության համաձայն, սահմանված հնգօրյա ժամկետում չպատասխանեց մեր հարցերին՝ խախտելով օրենքը։ Գևորգ Ալթունյանը չորրորդ օրը մեզ խոստացավ, որ եթե հինգ օրը լրանա, պատասխան չունենան, իրենք գրավոր կտեղեկացնեն մեզ, որ 30-օրյա ժամկետում կպատասխանեն։ Ալթունյանը, փաստորեն, ստեց, քանի որ այսօր արդեն վեցերորդ օրն է, և մենք իրենցից որևէ գրություն չենք ստացել այն հասցեով, որով ուղարկել էինք մեր հարցերը։ Այսօր Արծրուն Հովհաննիսյանը մի քանի անգամ ճշտելուց հետո վերջապես հայտնեց, որ մեզ կուղարկեն գրություն, որ 30-օրյա ժամկետում են պատասխանելու։ Թե ինչ են ճշտելու 30 օրվա ընթացքում եւ ինչով է պայմանավորված յուրաքանչյուր փոքրիկ հարցմանը պատասխանելու համար մեկ ամիս ժամանակ խնդրելը, կարծում ենք, միանգամայն հասկանալի է․ գուցե այդ ընթացքում «ձեռ քաշենք» նման հրապարակում անելուց, խնդիրը հնանա, կորցնի իր ակտուալությունը եւ այլն։



Սա, ի դեպ, ՊՆ-ի «ավանդական» աշխատաոճն է։ Նրանք գրեթե երբեք 5 օրում չեն պատասխանում մեր հարցումներին, թեեւ ահռելի լրատվական վարչություն ունեն, որը հաճախ զինծառայությունից խուսափելու միջոց է դառնում տարբեր «պաշտպանված» անձանց զավակների համար։ Պատասխանն էլ հաճախ լինում է թերի, անբովանդակ, մի երկու հերթապահ նախադասությունից կազմված։ Նման վերաբերմունքը մամուլի նկատմամբ նոր չէ, բնորոշ է հատկապես ուժային կառույցների եւ ԱԳՆ-ի լրատվականներին։



Ի դեպ, վաղուց ժամանակն է զբաղվել այս կառույցների վերակազմակերպման, արդիականացման, օպտիմալացման գործով, ինչի առաջին ծիծեռնակը, թերեւս, կլինի մամուլի խոսնակների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերի պաշտոնի համատեղումը, որը նախաձեռնել է կառավարությունը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**