Գառան դմա՞կ եք արտահանում արտերկիր․ հարցրեց լրագրողը վարչապետի խորհրդականին

Գառան դմա՞կ եք արտահանում արտերկիր․ հարցրեց լրագրողը վարչապետի խորհրդականին
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական **Արմեն Ավակ Ավակյանն** այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2017թ․ ՀԶՀ-ի գործունեության արդյունքները։ Արմեն Ավակյանը տեղեկացրեց, որ հիմնադրամում անցած տարվա ընթացքում փոխվել է ՀԶՀ մանդատը՝ ընդհանուր զարգացման հիմնադրամից այն վերածվել է բիզնեսին ուղղված կառույցի։



Սրանից զատ, ՀԶՀ գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով եւ հետսպասարկման ծառայությունով։ Ոսկերչության, սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, կոշիկի արտադրության, գինեգործության եւ այլ ոլորտների շուրջ 70 ընկերություն էլ, ըստ Արմեն Ավակյանի, մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։



Էքսպոների արդյունքում օտարերկրյա մեծածախ գնորդների ու մատակարարների հետ կնքվել են 5,1 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր, որոնք էլ իրականացվում են հաջողությամբ։ «**WorldFood Moscow 2017**»-ում էլ մեր երկրի տաղավարը ճանաչվել է լավագույնը։ Ներդրումներն էլ են, ըստ վարչապետի խորհրդականի, խոստումնալից։ Արդեն մշակված եւ փաթեթավորված են 1,5 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր։ Իսկ տարվա ընթացքում 3,2 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել, շուրջ 124,5 միլիոն դոլարի ներդրում կամ ներդրումների ընդլայնում սկզբնական փուլում է։ Արմեն Ավակյանին ասուլիսի ժամանակ հարցեր ուղղեցին ինչպես լրագրողները, այնպես էլ դրսում գտնվող մեր հայրենակիցները՝ տեսակամուրջի միջոցով։



Հարցերը վերաբերում էին հիմնականում ներդրումներին։ Արմեն Ավակյանն ասաց, որ ներդրումների մի մասն առեւտրային գաղտնիք է, եւ իրենք չեն կարող այդ մասին հրապարակել տվյալներ։ Հետո հավելեց, որ տուրիզմի ոլորտում ունենք ներդրումներ։ Հանրային հեռուստաընկերության թղթակիցը հետաքրքրվեց, թե գառան դմա՞կ են արտահանում արտերկիր։ Արմեն Ավակյանը ծիծաղեց, հետո արձագանքեց, որ հիմնականում արտահանում են սննդամթերք, գինի, ոսկերչական իրեր, տեքստիլ։ Հիմնական խոչընդոտները, ըստ նրա, մնում են վարչարարությունը, օրենքի չիմացությունը։ ՀԶՀ գործադիր տնօրենին ոգեւորում է, որ մեր երկիրը եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ աշխատում է GSP+ ռեժիմով։ Գյումրիից հարց հնչեց, թե Երեւանից դուրս ինչպես են պատրաստվում ներդրումներ անել։ Արմեն Ավակյանն էլ ասաց, որ իրենք ներկայացուցիչ ունեն Գյումրիում, իսկ մարզերում ծրագրեր իրականացնելն ունի ռազմավարական նշանակություն։ Նա հիշեցրեց, որ Գյումրիում իրենք բացել են տեքստիլի արտադրություն, բացվել է օդանավակայանը։



**Hraparak.am**-ը հետաքրքրվեց, թե ներդրումյանին ինչ ծրագրեր են իրականացնում սահմանամերձ բնակավայրերում, օրինակ՝ Սյունիքում, Տավուշում։ Արմեն Ավակյանի պատասխանը հակիրճ էր՝ ոչ մի ծրագիր։ Նա ասաց, որ բիզնես ծրագիր իրականացնողը, ելնելով բիզնեսի տրամաբանությունից, պետք է գա, ատամներով կռիվ տա այդ մարզերում ծրագիր իրականացնելու համար, իրենք էլ կաջակցեն։ Իսկ ահա Արցախի կառավարության հետ խոսում են, համագործակցում, որպեսզի կարողանան Արցախի ապրանքի, արտադրության բրենդը ներկայացնեն արտերկրում։