ՇՊՀ-ից վտարված ուսանողները պատրաստվում են լքել երկիրը

ՇՊՀ-ից վտարված ուսանողները պատրաստվում են լքել երկիրը
Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրադարձությունները շարունակվում են: Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, համալսարանից միանգամից հեռացվել են 7 ուսանող: Հեռացված ուսանողները ՆԶՊ (նախազորակոչային պատրաստություն) բաժնի 2-րդ, 3-րդ կուրսի արական սեռի ուսանողներ են:



Ուշագրավ է, որ այս ֆակուլտետի դեկանը բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն է, եւ հենց նա էլ ուսանողներին բուհից հեռացնելու որոշում է կայացրել: Տեղեկացանք, որ նրանք մի քանի առարկայից ակադեմիական պարտք են ունեցել: Մինչդեռ մեզ հետ զրույցում բուհից վտարված ուսանողներից մեկի մայրը վրդովված նշեց, որ ռեկտորը կոպտորեն ու բացահայտ խախտել է օրենքը՝ ոտնահարելով որդու շահերը: «Ամբողջ խնդիրն այն է, որ մեկ անգամ լիկվիդ մնալուց հետո նրանց 2-րդ եւ 3-րդ հնարավորություն չի տրվել, մեկը չի ասել, որ գիտեք ինչ կա, դուք հեռացման ենթակա եք, այսպես ասած կարմիր քարտի տակ: Միամիտ կանչես ու ասես՝ ձեզ հեռացրե՞լ ենք, ո՞ր բուհում է այդպիսի օրենք գործում » ,-ասաց տիկինը՝ նշելով, որ պատրաստվում է բողոք ներկայացնել բուհի դեմ՝ ընդգծելով, որ խախտվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մասին օրենքը:



Ազատված տղաների համակուրսեցիներն էլ նշեցին, թե նրանք այնքան հիասթափված են, որ պայքարելու փոխարեն պատրաստվում են լքել երկիրը: « Մեկը որոշել է գնալ Ռուսաստան՝ հոր մոտ, մյուսն էլ ուզում է արտերկրում ուսում ստանալ »,-ասացին նրանք: Մեր տեղեկություններով՝ վտարված ուսանողներից մի քանիսն անգամ հասցրել են նոր ուսումնական տարում վարձավճար մուծել՝ փոխադրվելով հաջորդ կուրս: Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ գործել է օրենքի սահմաններում. «Եթե խախտում կա, թող բողոքեն: Օրենքի համաձայն՝ պետպատվերում սովորող ուսանողը, եթե ռոտացիայով անցել է վճարովի, կրեդիտ կարգով փոխադրվելու իրավունք չունի»,- կարճ փոխանցեց նա:



ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն էլ նշում է, որ ուսանողներին բուհից հեռացնելը ռեկտորի միանձնյա որոշումն է եղել: «Բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողն իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ: Սակայն ՇՊՀ ռեկտորը ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին նախ տվել է հաջորդ կուրս փոխադրվելու իրավունք,ապօրինաբար որոշներից վարձավճար է գանձել` կոպտորեն խախտելով օրենքը,սեպտեմբերի 20-ից երկու ամիս և մեկ շաբաթ անց միայն տեղեկացրել է ուսանողներին,որ նրանք վտարված են բուհից»,-տեղեկացնում է դասախոսը: Ավելացնենք, որ ուսանողներն ակադեմիական պարտք են ունեցել հոգեբանություն առարկայից:



ՇՊՀ ուսանողների խոսքերով տղաները գուցե հանձնեին պարտքը, եթե հոգեբանության դասախոս Աշոտ Հակոբյանը հիվանդ չլիներ եւ տևական ժամանակ չբացակայեր: Հետաքրքիրն այն է, որ այդ ընթացքում հիվանդ դասախոսին որևէ մեկը չի փոխարինել: Հիշեցնենք, որ ՇՊՀ-ում այս ուսումնական տարին մեկնարկել է ցնցումներով: Սեպտեմբերին ռեկտորի դեմ ըմբոստացան դասախոսները, նրանց միացան նաև ուսանողները: ԿԳՆ ստուգումներ անցկացրեց, որի արդյունքում մի շարք խախտումներ բացահայտվեցին: Սկանդալներից մեկն էլ պրոռեկտորի անակնկալ կերպով աշխատանքից ազատվելն էր:



**Արևիկ Հակոբյան**