«Ինչո՞ւ հարց չի դրվում ԱՊՀ-ից դուրս գալու, ՀԱՊԿ-ից դուրս գալու»․ Զուրաբյանը՝ Մարուքյանին

«Ինչո՞ւ հարց չի դրվում ԱՊՀ-ից դուրս գալու, ՀԱՊԿ-ից դուրս գալու»․ Զուրաբյանը՝ Մարուքյանին
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցը։ Հարցի հիմնական զեկուցողը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։ Հարակից զեկուցողը հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է։ Հիշեցնենք, այս թեմայով լսումներ էլ անցկացվեցին «Ելքի» նախաձեռնությամբ։ Մարուքյանը նախ ներկայացրեց իրենց պատրաստած հայտարարության տեքստը, որը հրապարակվել է նաև ԶԼՄ-ներով։ Օրինակ՝ թվային պատկերով այդ տեքստում ներկայացված է հետեւյալը, որ փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների դեպորտացիան սովորական երևույթ է դարձել հատկապես ԵԱՏՄ անդամ ամենախոշոր երկրում՝ Ռուսաստանում, վարչական երեք իրավախախտման դեպքում իրականացվում են ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանից Հայաստան ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական դժվարություններ, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն կարողանում Հայաստանի վարորդական իրավուքններով այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնել»,-ասաց Մարուքյանը՝ թվարկելով այլ հիմնավորումներ ևս։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ավելի լավ պայմաններում էր գտնվում նախորդ մաքսային ռեժիմում, քան այս միության մաքսային ռեժիմում գտնվելով։



«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հարց ուղղեց Մարուքյանին՝ ինչու՞ հարց չի դրվում ԱՊՀ-ից դուրս գալու, ՀԱՊԿ-ից դուրս գալու և ինչու՞ հարց չի դրվում Հայաստանի իշխանությունների առջև՝ սկսել բանակցություններ նոր ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ։ Մարուքյանն ասաց, որ «Ելք» դաշինքի տեսլականը հետևյալն է․ «Մենք ջատագովներն ենք ասոցացման համաձայնագրի՝ պահպանելով ԱՊՀ և այլ երկրների հետ մեր հարաբերությունները։ Ինչու՞ հարց չի դրվում ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Երբ որ մենք կունենանք ինչ-որ այլ անվտանգային համակարգ՝ որպես այլընտրանք առաջարկելու ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը մեզ կխանգարի դրան անդամակցել, մենք կքննարկենք այդ հարցը։ Իսկ ԱՊՀ-ի հետ կապված՝ դա մեզ չի խանգարում այլ երկրների հետ տնտեսական գործունեություն ծավալելու և չի ոտնահարում Հայաստանի շահերը»։



Արձագանքելով Մարուքյանի պատասխանին՝ Արարատ Զուրաբյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ այս կառույցներից որևէ մեկից դուրս գալը նույնն է, ուստիև գտնում եմ, որ ավելի նպատակահարմար կլիներ ձեր այդ այլընտրանքային կոչված բանակցությունները վարվեին, հասնեիք մի մակարդակի, որ Հայաստանն իրոք ունենար այլընտրանք, նոր այս հարցը դրվեր։ Ես կարծում եմ, որ այս հարցի բարձրացումը դիտարկվելու է Հայաստանի կողմից հեռացում»։ Նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ ասաց, որ ինքը կարծում է՝ ճիշտ կլիներ, որ սպասեինք, չշտապեինք, քանի որ Հայաստանը օրերս ԵՄ-ի հետ ստորագրեց նոր համաձայնագիր։ Մարուքյանն էլ ասաց, որ դա կապ չունի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության հետ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**