Սկանդալ Շիրակի մարզում. գյուղապետն ու մարզպետարանի պաշտոնյան որոնվո՞ւմ են

Սկանդալ Շիրակի մարզում. գյուղապետն ու մարզպետարանի պաշտոնյան որոնվո՞ւմ են

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները որոնում են Շիրակի մարզի Փոքր Մանթաշի համայնքապետ 43-ամյա Ժիրայր Հակոբյանին և 57-ամյա Գագիկ Հակոբյանին: Վերջինս համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն է: Որոնվում է նաև Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ գյուղապետն ու աշխատակիցը գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար:



Տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզպետարանից: Ի պատասխան, մարզպետարանի մամուլի ծառայությունն շտապեց հաղորդագրություն տարածել, որում ասվում է. « Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, ինչպես հոկտեմբերի 31-ին, այնպես էլ նոյեմբերի մեկին ամբողջ օրը գտնվել է աշխատավայրում»:



Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանի հետ, սակայն նրա բջջայինն անջատված էր, իսկ համագյուղացիներից մեկի փոխանցմամբ՝ համայնքապետին մի քանի օր է՝ գյուղում չեն տեսել:



Իսկ երբ փորձեցինք կապվել գյուղապետարանի աշխատակիցներից մեկի հետ, նա մի քանի բառ արտաբերեց, թե ոչինչ չգիտի, արագորեն անջատեց հեռախոսն ու այլևս դարձավ անհասանելի:



Հ. Գ. Քիչ առաջ, նյութի հրապարակումից անմիջապես հետո, մեզ զանգահարեց Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանը և, շնորհակալություն հայտնելով, որ փորձել ենք կապվել իր հետ, ասաց. «Գյուղում ջրամբար ենք կառուցում, ես առավոտից էնտեղ էի, հեռախոսս չի բռնում, մի քանի օր է էդ գործով ենք զբաղված, ասեմ, որ էդ ինչ լսել եք, գրում են, հերյուրանքներ են: Մեր գյուղը հանրապետական գյուղ է, ոչ մի խնդիր չկա նման»: Մեր հարցին, թե այդ դեպքում ո՞վ է նման լուրեր տարածողը, պատասխանեց, որ չգիտի, պատկերացում անգամ չունի, թե ինչու են իրեն վարկաբեկում:



Արևիկ Հակոբյան