Թե ինչպես հնդիկ իշխանը (մահարաջան) փրկեց Երկրորդ աշխարհամարտի լեհ որբերին

Թե ինչպես հնդիկ իշխանը (մահարաջան) փրկեց Երկրորդ աշխարհամարտի լեհ որբերին

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուրավոր լեհ որբեր հայտնվեցին խորհրդային մանկատներում: Նրանց ապագան բավական աննախանձելի էր, սակայն անակնկալ կերպով հեքիաթի բարի փերու նման նրանց կյանքում լուսավոր էջ բացվեց, շնորհիվ մի հնդիկ իշխանի՝ մահարաջայի: Շատերն են մոռանում, որ մինչ Լեհաստանի վրա հարձակվելը Ֆաշիստական Գերմանիան դաշինք կնքեց Խորհրդային Միության հետ 1939 թվականին: Նույն տարվա օգոստոսին ստորագրվեց Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը, որով երկու կողմերը պայմանավորվեցին թե ինչպես են մասնատելու Լեհաստանը: 1939-ի սեպտեմբերի մեկին Հիտլերը ներխուժեց Լեհաստան, իսկ 16 օր անց Խորհրդային Միության Կարմիր բանակը սկսեց լեհական ներխուժումն արեւելքից: Լեհաստանն իրար մեջ բաժանելով, երկու գերտերությունները կարողացան խաղաղ գոյակցել մինչեւ 1941-ի հունիսը: Ստալինի ներխուժումը Լեհաստան հազարավոր երեխաների ծնողազուրկ դարձրեց, որոնք տեղափոխվեցին Խորհրդային Միության խորքերը, ժամանակավոր կացարանային ճամբարներ, որտեղ շատերը մահացան հիվանդությունից եւ հյուծվածությունից: 



Դժոխքից դեպի դրախտ



1941-ին խորհրդային իշխանությունները համաներում հայտարարեցին, որը թույլ տվեց փոքրիկ փախստականներին լքել ԽՍՀՄ տարածքը: Նրանցից շատերն ապաստան գտան Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, եւ այլ հեռավոր երկրներում, սակայն օգնության ձեռքն առաջինը մեկնեց Հնդկաստանը: Մահարաջա Ջամ Սահիբ Դիգվի Ջայսինհջա Ռանջիտսինջան, Նավանագարայի իշխանը Բրիտանական Հնդկաստանում, հարյուրավոր որբերի ապաստան տվեց: Լինելով Հնդկաստանի ներկայացուցիչը Մեծ Բրիտանիայի ռազմական կաբինետում, մահարաջան լավ էր տիրապետում այն ժամանակի միջազգային դրությանը եւ անմիջականորեն իր օգնությունն առաջարկեց: Երեխաներին տեղափոխեցին Հնդկաստան Անդերսի կամավորականների բանակի միջոցով: Զգալի օգնություն ցուցաբերեց նաեւ Կարմիր Խաչը, Մումբայիի /նախկին Բոմբեյ/ լեհական հյուպատոսությունը եւ բրիտանական պաշտոնյաները: 1942-ի սկզբին 170 որբեր բեռնատարներով ճանապարհ ընկան Աշխաբադից: Նրանք պետք է անցնեին 1500 կմ, մինչեւ կհասնեին Մումբայի, որտեղից էլ մեկնեցին Բալաչադի փոքրիկ սահմանամերձ գյուղակը, որը 25 կմ էր հեռու մահարաջայի աթոռանիստ Ջամնագարայից: Երեխաների համար դա դժոխքից դրախտ տեղափոխվելու նման էր, չնայած որ ճանապարհը երկար էր ու բարդ: Մահարաջան երեխաներին դիմավորեց հետեւյալ խոսքերով. «Այսուհետեւ դուք էլ որբեր չեք, դուք նավանագարցիներ եք, իսկ ես Բափուն եմ՝ նավանագարցիների, նաեւ ձեր հայրը»: Մահարաջան հոգ տարավ, որպեսզի երեխաները որեւէ բանի կարիք չունենան սկսած հասարակ կենցաղից մինչեւ ուսում եւ խաղեր:



«Լեհ» մահարաջային հյուր



1942-46 թթ ավելի քան 600 լեհ որբեր ապաստան գտան Հնդկաստանում մահարաջա Ջամ Սահիբի հարկի տակ: Նրանց բոլորի համար էլ հոգ էր տարվում ամեն բան, որի կարիքը ունեին երեխաները՝ սնունդ, հագուստ, բուժօգնություն, կրթություն, դասիտարակություն: Բալաչադիում գտնվող մահարաջային հյուրատունը վերակազմավորվեց դպրոցի, որտեղ երեխաները սովորում էին գրել եւ կարդալ: Նույնիսկ լեհերենով գրադարան ստեղծեց իշխանը, որպեսզի երեխաները չմոռանային մայրենի լեզուն, մշակույթը, ավանդույթները: Վեսլավ Ստիպուլան իր «W gościnie u «polskiego» maharadży» խորագիրը կրող գրքում գրում է, որ երեխաների համար նույնիսկ աշակերտական թատրոն հիմնվեց: Երեխաների ներկայացումներին մահարաջա Ջամ Սահիբն այցելում էր պարտադիր, իսկ ներկայացումից հետո հրավիրում թեյ խմելու եւ կոնֆետներ հյուրասիրում: Պատերազմի ավարտից հետո երեխաները վերադարձան Եվրոպա, թեեւ բաժանումը դժվար էր եւ երեխաների եւ մահարաջայի համար:



Բարի Մահարաջայի հրապարակը



Մահարաջա Ջամ Սահիբը երբեք իր արած մեծ բարերարության դիմաց որեւէ բան չի պահանջել: Միայն մեկ անգամ լեհ գեներալ Վլադիսլավ Սիկորսկու հետ հանդիպման ժամանակ խնդրել էր, որ իր անունով որեւէ փողոց անվանակոչվի ազատագրված Լեհաստանում: Ավաղ համայնավարական ռեժիմը թույլ չտվեց դա եւ միայն 1989-ին մահարաջա Ջամ Սահիբի անունով հրապարակ անվանակոչվեց, իսկ 2012-ին էլ պուրակ անվանակոչվեց նրա անունով: Պուրակը կրում է այսօր էլ Բարի Մահարաջայի պուրակ անվանումը: Իշխանն էլ պարգեւտրվեց Լեհաստանին մատուցած ծառայությունների Հրամանատարական Խաչով:



Մարեկ Կեմպա, culture.pl



Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի