Տեսա՞ր, որ տղամարդ եմ, Մուրադյա՛ն. Ս. Բալասանյանը «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսին՝ շիրազագետին

Տեսա՞ր, որ տղամարդ եմ, Մուրադյա՛ն. Ս. Բալասանյանը «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսին՝ շիրազագետին

Հոկտեմբերի 1-ին «Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարան» -ում տեղի ունեցավ մեծն գրողի «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը: Այն, որ Շիրազը մայրապաշտ էր, բոլորը գիտեն, սակայն այս նոր գրքի հրատարակությամբ բանաստեղծի երկրպագուները բացահայտեցին նոր Շիրազ: Գրքի հրատարակման նախաձեռնությունը հայտնի շիրազագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանինն էր: «Որոշեցինք անպայման տպագրել Շիրազի անտիպ գործերից հենց սա, որովհետև կարևոր է, որ բոլորն իմանան, որ մորից բացի, մեծն գրողը պաշտել է նաև հորը: Այդ ստեղծագործությունները զետեղեցինք այստեղ՝ «Հուշարձան հայրիկիս» ժողովածուի մեջ»,-նշեց շիրազագետը՝ շարունակ շնորհակալություն հայտնելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որ տղամարդ գտնվեց, խոսքի տերը եղավ, ու օգնեց, որ ժողովածուն տպագրեն: Բալասանյանն էլ իր հերթին ավելացրեց, թե այսուհետ ավագանու նիստերին բոլոր այն որոշումները, որոնք վերաբերելու են գրքերի հրատարակմանը եւ նման բաներին, անպայման ընդունվելու են: Քաղաքապետն այդքան ասաց իր կարճ ելույթում, քանի որ շտապում էր դիմավորելու Հանրապետության նախագահին, ով Գյումրի էր գալիս՝ քաղաքի օրը տոնելու: Ուշագրավ էր, սակայն, երբ նա իր շքախմբով հեռանում էր, ձեռքը թափ տալով եւ միայն մտերիմներին ու փոքր-ինչ էլ Մուրադյանին լսելի, ինքնաբավ ասաց. «Տեսա՞ր, որ տղամարդ եմ, Մուրադյա՛ն, տպել տվեցի»: Ի դեպ, ավելացնենք, որ գրքի հրատարակման համար Գյումրու ավագանին դեռ ամիսներ առաջ էր որոշում կայացրել՝համայնքի բյուջեից հատկացնել 1 մլն 250 հազար դրամ: 



Արևիկ Հակոբյան