Իմ համոզմունքը եղել է եւ կմնա, որ զենքերը եղել են ԱԺ-ում․ Հոկտեմբերի 27-ի գործով փաստաբան

Իմ համոզմունքը եղել է եւ կմնա, որ զենքերը եղել են ԱԺ-ում․ Հոկտեմբերի 27-ի գործով փաստաբան

Քանի դեռ թարմ էր Հոկտեմբերի 27-ի վերքը, ոճիրին զոհ գնացած պաշտոնյաների հարազատներն ու տուժողները պայքարում էին, մեր քաղաքացիներն էլ՝ հավատում, որ այն կբացահայտվի։ Իսկ այդ օրերին, ինչպես նաեւ հետագա տարիներին, մամուլում, հեռուստատեսությամբ հնչող հայրենասիրական, սրտաճմլիկ խոսքերի պակաս չէր զգացվում։ Նույնիսկ նրանց կողմից, ովքեր հոկտեմբերի 27-ից հետո բարձրագույն պաշտոններ ստացան՝ խոստանալով ամեն ինչ անել իրենց զոհված ընկերների հիշատակը վառ պահելու, ոճիրը բացահայտելու համար։ Սակայն տարիների ընթացքում վերքը սպիանում է, հիշողությունը՝ զտվում, ոճիրից տուժածներն էլ կյանքի, հանգամանքների բերումով կարող են հայտնվել բարիկադի տարբեր կողմերում, վերանայել երբեմնի պատկերացումներն ու պահանջները։ Ի վերջո, եթե շուրջ երկու տասնամյակ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունենում, իսկ գործող իշխանությունն էլ ի զորու չի գտնվում ոճիրը բացահայտելու համար, մնում է միայն հիշելն ու վերհիշելը դեպքի բոլոր մանրամասները մեկ առ մեկ, զոհերին, ոճրագործներին, դատապարտող խոսքեր հնչեցնել, խոստանալ, որ ահաբեկչությունը պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր երկրում։ 



Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը պատրաստվում է Հոկտեմբերի 27-ի մասին հուշեր գրել։ Ի՞նչ հետեւություններ է արել ոճրագործությունից 18 տարի անց Աշոտ Սարգսյանը, որը ժամանակին դատարանում կռիվ էր տալիս՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին բացահայտելու, ճշմարտությունը «ջրի երես» հանելու համար։ «Պետք է հուշեր թողնենք, չէ՞, որ ճշմարտությունն իմանան։ Գոնե իմանան, որ այն, ինչ կա քրեական գործում, ճիշտ չէ։ Դատաքննության ժամանակ էդ ամեն ինչը հերքվեց։ Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին, ապա այդ շարքը շարունակելի է, մեկ-երկու էջով չի սահմանափակվում»,- ասաց Աշոտ Սարգսյանը։



Հենց ողբերգական իրադարձություններից րոպեներ անց առանձին քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել, որ տեղի ունեցած ոճրագործությունը «մի խումբ ռոմանտիկների» ձեռքի գործ է։ Այդ վարկածը հետագայում էլ շրջանառվեց իշխանական ԶԼՄ-ների, քաղաքական ուժերի միջոցով՝ փորձելով ուղղորդել նախաքննությունն ու դատաքննությունը։ «Ի՜նչ ռոմանտիկ է․․․Ռոմանտիկը կարո՞ղ է մտնել ԱԺ, ամենապաշտպանված վայրը։ Մի կողմ դիր քո լրագրողական վկայականը, ու առանց դրա փորձիր մտնել ԱԺ։ Չե՞ս կարող, չէ՞։ Բա ռոմանտիկները ո՞նց եկան, մտան։ ԱԺ մուտք գործելն ամեն մեկի բանը չէ, շատ վտանգավոր բան է։ Էդ որ իրենց թողել են, շատ վտանգավոր է հետագայի համար։ Կանցնի մի քանի տարի, կհայտնվեն նոր ռոմանտիկներ, կասեն՝ ինչ լավ բան է, մենք էլ գնանք մտնենք։ Էդ անգամ ԱԺ չեն մտնի, կմտնեն կառավարություն։ Կարո՞ղ է, չէ՞, մեկի մտքով էլ անցնի, որ ավտոմատը վերցնի ու մտնի ԱԺ»,- եզրակացնում է փաստաբանը։



Անցյալ տարի, «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունից հետո, գտնվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, որ համեմատություն անցկացրեցին «Սասնա ծռեր»-ի գործողությունների եւ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության միջեւ։ «Չի կարող համեմատվել, չի կարող լինել նման բան։ Չգիտեմ, թե ով է այդ համեմատությունն արել։ Եթե անգամ նման համեմատություն էլ արվել է, ապա դա եղել է ինչ-որ մեկի կարծիքը, որը երբեք չի կարող լինել հասարակության կարծիք։ Բացառվում է դա»,- ասաց մեր զրուցակիցը։



Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի քրեական գործին՝ Աշոտ Սարգսյանը հիշեցնում է, որ զենքերի մասով քննությունը ճիշտ չի ընթացել, եւ այդ մասին ինքը հայտարարել է դատարանում։ «Իմ համոզմունքը եղել է եւ կմնա, որ զենքերը եղել են ԱԺ-ում։ Եվ դա ապացուցել եմ դատաքննության ողջ ընթացքում։ Դրա համար էլ ես այն ժամանակ միջնորդեցի, որ հարցաքննեն բոլոր տուժողներին, այն ԱԺ պատգամավորներին, որոնք ճանաչվել էին որպես տուժող։ Միջնորդեցի, որպեսզի կարողանամ ապացուցել, որ զենքերի մասով քննությունը ճիշտ չի եղել, զենքերը եղել են ԱԺ-ում։ Այդ գործով մի թեթեւ քննություն եղավ, հետո դադարեցրեցին, գործից մաս անջատեցին ու հետո կարճեցին։ Իսկ մենք մինչեւ հիմա չենք ստացել այդ կարճման մասին որոշումը։ Սկզբից դա եղել է ոչ թե կոծկելու նպատակով, այլ ճիշտ նպատակով։ Մեզ ասում էին՝ դուք գնացեք դատարան, այդ մեղադրանքի շրջանակներում ձեզ հնարավորություն է տրվում բոլոր հարցերի մասին բարձրաձայնել։ Մենք այդ հույսով ենք գնացել։ Բայց երբ 2002թ․ որոշեցին, որ ապացույցները հերիք են մեղադրանք առաջադրելու համար, հարց էր առաջանում, թե բա երկու տարի ի՞նչ էին անում։ Տեսահոլովակը կարող էին դնել քրեական գործի մեջ, եւ գործը կվերջացնեին։ Մենք գնացել էինք, որպեսզի դատարանում ճշտեինք չճշտված հանգամանքները։ Ճշտեցինք, հասանք ինչ-որ մակարդակի, դատախազությունը որոշեց, որ այդքան ապացույցները հերիք են, այսքանով պետք է ավարտվի քրեական գործը, պետք է ավարտվի դատաքննությունը։ Գործից անջատված մասով էլ մեր միջնորդություններն ընդունեցին, բայց այդպես էլ դրանք չքննարկեցին, քննության առարկա չդարձրեցին։ Պարադոքսն այն է, որ միջնորդություններն ընդունել են, եւ միջնորդության մեջ նշված փաստերը պետք է դարձնեն քննության առարկա, բայց այդպես էլ քննությունը չկատարվեց։ Իսկ մենք միջնորդություն էինք ներկայացրել զենքերի մասին»,- ասաց Աշոտ Սարգսյանը։



Աշոտ Սարգսյանը կարծում է, որ 1999թ․ տեղի ունեցած ոճրագործությունը բացահայտելու համար պետք է ցանկություն ունենալ։ «Իսկ ո՞վ պետք է ցանկություն ունենա։ Ընդդիմությունը չի կարող քննել, ո՞վ պետք է զբաղվի։ Իշխանությունը։ Իշխանությունը որ ցանկություն ունենար, ամեն ինչ էլ կաներ։ Իշխանությունը ցանկություն չի ունեցել։ Իսկ հիմա գործով անցնող մարդիկ կան, որոնք մահացել են, կան մարդիկ, որոնք փոխել են իրենց դիրքորոշումները, դարձել իշխանության մաս։ Եվ եթե այսօր նորից քննություն լինի, այն մարդիկ, որոնք ցուցմունք են տվել, ինչն օգնել է բացահայտելու որոշ հանգամանքներ, ապա դժվար է պատկերացնելը, որ նրանք կկրկնեն իրենց ցուցմունքները։ Իսկ այդ ամենի պատճառով Հոկտեմբերի 27-ի բացահայտումը դասվեց ենթադրությունների շարքում»,- հետահայաց անդրադառնում է Հոկտեմբերի 27-ի գործով փաստաբանը։



Թագուհի Հակոբյան