Ո՞ր ընկերություններն են անցել հեռավար ուսուցման և աշխատանքի

Ո՞ր ընկերություններն են անցել հեռավար ուսուցման և աշխատանքի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, երեկ ներկայացնելով այն քայլերը, որոնք արտակարգ իրավիճակների պայմաններում լավագույնն են ու ճիշտը՝ ԿԳՄՍ պատկերացմամբ, նշեց, որ մի շարք ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ բուհեր ու հանրակրթական դպրոցներ, արտակարգ իրավիճակի պայմաններում անցել են կրթության հեռավար ուսուցման, այդ թվում` Ռուս-հայկական սլավոնական համալսարանը։

Բուհի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչպես են կազմակերպում այդ ուսուցումը․ «ՀՌՀ-ի բոլոր ինստիտուտներն այս շաբաթվա սկզբից իրենց դասընթացները կազմակերպում են առցանց տարբեր եղանակներով (օրինակ՝ https://meet.google.com/gkk-kusj-tmq?authuser=3-ով) եւ փորձում են առավելապես պահպանել դասացուցակով նախատեսված ժամանակացույցը (օրինակ՝ նայեք Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի դասացուցակը, որտեղ կա նաեւ օնլայն դասընթաց` http://inecbus.rau.am/rus/12/60)։ Դասախոսներն իրենց օնլայն դասընթացները վարում են տներից»։ Ուսումնական հաստատության մամուլի քարտուղարը հավելեց, որ այս պահին քննարկում ենք նաեւ դիպլոմների առցանց պաշտպանության հնարավորությունները։

«Հրապարակը» զրուցել է այդ հեռավար ուսուցումը Սլավոնականում ապահովող «Դիջիֆես» ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Երվանդ Ջհանգիրյանի հետ, որն ասաց, որ արտակարգ դրությունից հետո իրենց կազմակերպությունն առաջիններից էր հանրապետությունում, որ սկսեց աշխատել հեռավար։ «Կան հեռավար աշխատելու շատ միջոցներ, մենք օգտագործում ենք անվտանգը, հատուկ սարքավորումներ ենք օգտագործում, որ դասախոսները միանան, իրենց աշխատատեղերին հեռավար, բոլորին միացնում ենք իրենց սեփական համակարգիչներին։ Այսինքն՝ ոնց որ տան համակարգչից իրենք կատարում են լիարժեք աշխատանք, ինչպես կլիներ իրենց աշխատանքային համակարգչի պարագայում»,- նկատեց Ջհանգիրյանը։

Ընկերության կողմից IT սպասարկումը ներառում է՝ համակարգիչներ, ծրագրային մաս, կայքեր եւ նույնիսկ տեսախցիկներ։ Իսկ հիմնական թիրախը կապի եւ տեղեկատվության անվտանգության ապահովումն է պատվիրատու կազմակերպության մոտ։ Դրա արդյունքում ղեկավարը կարողանում է տեսնել, թե իր աշխատողներն ինչով են զբաղված, ինչ են անում։ 

Երեկվանից հեռավար ուսուցման է անցել նաեւ Երեւանի պետական համալսարանը։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Բոլոր ֆակուլտետներում բոլոր ձեւաչափերով, այո, կան»։ Հարցին էլ, թե ամբողջակա՞ն դասապրոցես, ասաց՝ ի՞նչ է նշանակում՝ ամբողջական, ապա հավելեց. «Տարբեր ձեւով, կա, որ կուրսն ամբողջական կավարտեն էս մի ամսվա ընթացքում, դրա փոխարեն ժամեր կազատեն, որ մյուսները կարողանան ավելի ինտենսիվ աշխատել... գործնականները, լաբորատորներն անհնար է էդ բանով անել, ինտերնետով։ Դա բաց ենք թողնում, դրա փոխարեն ժամեր ենք ազատում, որ հետո կարողանանք խստացված անել լաբորատորները»։ Ամեն դեպքում, դասաժամերի առումով ամեն ինչ փակվելու՞ է։ Գեղամ Գեւորգյանն ասում է, որ նոր են սկսել, վերջնարդյունքի մասին չի կարող խոսել, կկարողանա ասել ուսումնական տարվա վերջում։

Այլ մանրամասներ․ ԵՊՀ դասախոսները հեռավար ուսուցմանը, ըստ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի, միանում են ինչպես իրենց տներից, այնպես էլ դասը կարող են վարել ամբիոնից ու հեռախոսով։ Վերջինը՝ ոչ թե զանգ, այլ կապի միջոց։ Իսկ բուհի դասախոսներն ունե՞ն այդչափ IT հմտություններ։ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ նման դասերը վարում են նրանք, ովքեր ունեն։
 Ցավոք, Հայաստանում ամերիկյան համալսարանից տեղեկություն ստանալ չհաջողվեց, քանի որ բուհի հեռախոսահամարներին պատասխանում էր ավտոմատը, եւ հետադարձ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ արդեն իսկ heravar.armedu.am պորտալում հավաքված են հեռավար կրթություն իրականացնող տնտեսվարողները, դրանց թվում՝ «Քան» ակադեմիա, Տիգրան Հայրապետյան գրադարան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Իթվինիգ պլյուս Հայաստան» եւ այլն:
Նախարարը նաեւ հայտնել էր, որ  որ Հանրային հեռուստաընկերության հետ միասին ստեղծել են հնարավորություն` դասախոսությունների ու դասերի անցկացման հենց հեռուստաընկերության եթերում: Ամեն առավոտ 8:30-9:30-ը կլինեն դասեր, այնուհետեւ դրանք կվերսկսվեն 11:30-12:40-ը:
Բացի այդ, լավ առաջարկ են ստացել «Յուքոմից», նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասեր անցկացնելու՝ 24-ժամյա հնավորությամբ հեռավար դասեր անցկացնելու։

Ի դեպ, «Յուքոմ» ըներությունն ինքը անցել է հեռավար աշխատանքի։ Ընկերության զանգերի կենտրոնի աշխատակցուհին ասաց, որ գործում է միայն ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակը, այն էլ՝ շատ սահմանափակ թվով շահառուների համար, ինքն էլ մեր հեռախոսազրույցի ընթացքում տնից էր խոսում։ 

Երեկ առավոտյան տնից, այսինքն՝ հեռավար սկսեց աշխատել նաեւ Աննա Հակոբյանի գրասենյակը։ Մասամբ հեռավար աշխատանքի անցել են նաեւ մի շարք լրատվականներ, այդ թվում՝ «Հրապարակը»։

Իհարկե, հեռավար աշխատանքի մեթոդը միայն որոշակի մասնագիտությունների համար է հնարավոր կիրառել, սակայն ոչ վաճառքի, սպասարկման ու արտադրության։