«Ավրորայի» ֆենոմենը կամ կոշկակարը՝ առանց կոշիկի

«Ավրորայի» ֆենոմենը կամ կոշկակարը՝ առանց կոշիկի

Հայաստանում երկրորդ անգամ տեղի ունեցավ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, երկրորդ անգամ աշխարհը հոլովեց «Հայաստան» անունը ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ բոլորովին ուրիշ՝ պոզիտիվ համատեքստում: «Ավրորայի» մասին այս կամ այն կերպ արտահայտվողները մի միտք են «մեխում» դրանով հետաքրքրվողների գիտակցության մեջ՝ հալածյալի իր բուռը պարզած ու գթություն աղերսած ազգ-ժողովրդից հայերն ու հայաստանցիներն այժմ հանդես են գալիս «գեղեցիկի՜ն, բարո՜ւն, վսեմի՜ն, լավի՜ն» փոխհատուցողի, երախտագիտություն հայտնողի դերում: «Ավրորան» հայի դերափոխության մասին է վկայում եւ այդ դերափոխությունն այժմ փորձում է ապացուցել, որ, բացի այն, որ քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, այլ նաեւ գիտենք «դուրս գալ մեզ արված բարության տակից՝ մեկի փոխարեն տասը հատուցելով…»: Համաձայնելով մրցանակաբաշխության փիլիսոփայության նման ընկալման հետ, թերեւս արժե խոսել այդ փիլիսոփայության կարեւոր ծալքի՝ մարդասիրության մասին: Այն բոլոր մարդիկ, ովքեր առանձնացվել ու նոմինացվել են որպես «Ավրորայի» հավակնորդ, վստահաբար, ունեցել են կյանքի եւ գործունեության մեկ գլխավոր մոտիվացիա՝ անձնուրաց մարդասիրություն, մարդու՝ որպես անփոխարինելի արժեքի հանդեպ հոգատարություն ու նվիրում:



Հումանիզմը, ինչպես հայտնի է, փիլիսոփայական աշխարհայացք է, որի կենտրոնում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով, բայց հումանիզմը յուրաքանչյուր անձնավորության փառաբանումը չէ, այլ մեծ պատասխանատվությունը նրա հանդեպ։ Այդ վերաբերմունքը դրսեւորման տարբեր եղանակներ ունի՝ կոլեկտիվ պատասխանատվություն՝ ի դեմս պետական ինստիտուտների, եւ անհատական՝ ի դեմս անհատ գործիչների՝ միսիոներների: Կայացած կարելի է անվանել այն պետությունները, որոնք իրենց քաղաքացիներին դիտում են որպես արժեք եւ հոգ տանում նրանց համար:



Բախտավոր կարելի է անվանել այն պետությունների քաղաքացիներին, որոնց կառավարող իշխանություններն իրենց պարտականությունների կատարմանը վերաբերվում են որպես միսիոներություն: Այս նույն տրամաբանությամբ՝ չկայացած կարելի է կոչել այն պետությունները, որտեղ մարդը դիտվում է լոկ որպես նրա նկատմամբ իշխանություն բանեցնելու օբյեկտ, եւ այդտեղ մարդու՝ արժեք լինելու իրողությունը հաստատել ստիպված ստանձնում են միսիոներները: Եվ, վերջապես, դժբախտ կարելի է համարել այն պետությունների քաղաքացիներին, ովքեր դե յուրե ունեն իշխանություն, սակայն փաստացի ապրում են անիշխանության պայմաններում, ուր տեղ չկա հումանիզմին, իսկ մարդու նկատմամբ հոգածությունն ստանձնել են կեղծ միսիոներները:



«Ավրորայի» որդեգրած գործելաոճը ենթադրում է, որ հումանիզմը ոչ միայն մաշկի գույն, դավանանք, սահմաններ, չափ, ժամանակ, ձեւ ու կերպ չի ճանաչում, այլ նաեւ քաղաքականություն՝ բառի բուն իմաստով. հումանիզմը վերքաղաքական հասկացություն է: Բայց «Ավրորայի» ֆենոմենն այն է, որ այն տեղի է ունենում մի երկրում, որտեղ տիրող իշխանական, քաղաքական բարքերն ուղղակի հակասում են «Ավրորայի» կողմից պրոպագանդվող արժեքներին: Ասել է թե՝ հումանիզմը գնահատվում եւ մրցանակի է արժանանում անտիհումանիտարիայի երկրում, որտեղ հումանիզմն ստորադասված է քաղաքականությանը, եւ դրա կիրառումը տեղի է ունենում ըստ քաղաքական նպատակահարմարության: Երկիր, որտեղ իշխանության ու հասարակության շահերը չեն ներդաշնակվում՝ քրեաօլիգարխիան զբաղված է լոկ իր մեկուսի երջանկության կառուցմամբ, իսկ այդ երջանկությանը «խանգարողները» մեկուսացվում են՝ բանտերում խոշտանգվելու, փտելու կամ, լավագույն դեպքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դռներն ընկնելու հեռանկարով: «Ավրորայի» երկրում այլեւս օրհասական է ա-ով սկսվող երեք հասկացություն՝ արդարադատությունը, աղքատությունը, արտագաղթը:



Առաջինի դեպքում առկա է ընտրողական եւ հատվածական կիրառում, երկրորդի դեպքում՝ մոտ 30 տոկոս, երրորդի դեպքում՝ 24 հազար մարդ՝ միայն 2016-ին: Այս ցուցանիշները վկայում են հումանիզմի ահռելի դեֆիցիտի մասին եւ փաստում, որ մարդասիրությունը պահանջված է առաջին հերթին Հայաստանի ներսում, որի պոտենցիալ շահառուները՝ ՀՀ քաղաքացիները, ունեն «Ավրորայի» պոտենցիալ դափնեկիրների՝ իսկական միսիոներների կարիքը:



Այդ՝ տարեցտարի խստացող կարիքի բավարարման համար առաջադեմ մարդկությունը հնարել է թերեւս ամենահումանիստական մեթոդը՝ ընտրությունը, կամարտահայտությունը, որի միջոցով է հնարավոր հասնել կեղծ միսիոներների առաքելության ավարտին եւ ազդարարել նորի՝ ազատ ընտրությամբ ձեւավորվածի սկիզբը: Մի բան, որն այդպես էլ տեղի չի ունենում «Ավրորա» կազմակերպող երկրում եւ բոլոր այն երկրներում, որտեղ միսիոներություն են անում «Ավրորայի» հերոսները: Ուստի՝ հումանիզմի սով ապրող երկրում «Ավրորայի» հեղինակների կողմից հումանիզմի ոգեկոչումներն անկեղծ չեն ընկալվում, եւ այդ մասնավոր նախաձեռնությունը հիշեցնում է «սոված հպարտին», «անկոշիկ կոշկակարին», որի գործողության վայրը թեեւ Հայաստանն է, սակայն ոչ մի կապ չունի ներկայիս Հայաստանի եւ նրա քաղաքական ղեկավարության արժեհամակարգի հետ: Ուստի՝ թերեւս պետք է փոխել «Ավրորայի» անցկացման աշխարհագրությունը՝ ընտրելով հումանիզմի օազիս որեւէ տարածք, բայց մի պայմանով, որ գոնե մինչեւ հաջորդ մրցանակաբաշխություն «բարեկարգվի» նախկին տարածքը, եւ ուրվագծվի հումանիզմի սերմերի՝ այդտեղ երբեւէ ծիլեր տալու հեռանկարը: Այդժամ, երեւի, աներկբա կընկալվեն «Ավրորայի» հավակնորդ աֆղանստանցի Ջամիլա Աֆղանիի խոսքերը. «Ես ուզում եմ, որ իմ երկիրն էլ դառնա Հայաստան»:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ