Երբ պետք է՝ փող գտնում են, քննիչի թոշակը դարձնում 400 հազար դրամ

Երբ պետք է՝ փող գտնում են, քննիչի թոշակը դարձնում 400 հազար դրամ

 



«Հայք» կենտրոնի՝ այսօր հրավիրած քննարկման ժամանակ գիտնական Վահան Համազասպյանն ասաց, որ ինքը վատ է վերաբերվում հիմնականում սոցիալական ոլորտում գործող պետական 47 կազմակերպությունների մասնավորեցման գաղափարին։
«Ստացվում է, որ իշխանությունները ոչինչ չունեն առաջարկելու եւ ստիպված ձեռքերը գցում են փրփուրներին, որպեսզի կարողանան լցնել բյուջետային ճեղքերը»,- ասաց նա։ Գիտնականն ասաց, որ առայժմ չկա այնպիսի ծրագիր, որը թույլ կտա Հայաստանին դուրս գալու տնտեսական ճգնաժամից։ Նրա դիտարկմամբ՝ հետխորհրդային երկրները լուրջ դժվարությունների բախվեցին, երբ պլանային տնտեսությունից անցան շուկայական հարաբերությունների եւ սկսեցին աշխատել ատկատներով։



«Ես նայում եմ վարչապետի դիսպետչերականները, եւ դրանք սովետական տարիներից եկած դիսպետչերականների կրկնություն են, երբ մարդկանց հանձնարարություններ են տրվում, ինչ-որ հարցեր են առաջ քաշվում, պահանջներ դրվում։ Վարչապետի ցուցումները մեզ բոլորովին չեն հետաքրքրում»,- ասաց գիտնականը։ Փոխարենը նա ունի ծրագիր, ներկայացրել է վարչապետին, որն ասել է՝ մի կողմ դրեք, ես սրան լավ ծանոթ եմ։ Գիտնականին հետաքրքրում է, թե ինչու է վարչապետը հրաժարվում այդ ծրագիրը կյանքի կոչելուց։



Նա ասաց, որ օրերս հեռուստակամուրջ է հաստատելու ԱՄՆ-ի հետ եւ փորձելու են զուգահեռաբար ներկայացնել իրենց հիլոֆիլակացիային վերաբերող ծրագիրը։
Պատմաբան Արմեն Հովսեփյանը հիշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որը 1992-96թթ․ ընթացքում մասնավորեցրել է 3963 ձեռնարկություն։ Իսկ դրանից հետո էլ՝ 1996-99թթ․ մասնավորեցվել է 1513 խոշոր եւ միջին ձեռնարկություն։ 2000 թվականից սկսած էլ առ այսօր, ըստ նրա, շարունակում է 900 պետական ձեռնարկությունների մասնավորեցումը։ Նրա կարծիքով՝ չպետք է սեփականաշնորհվեն տնտեսական օգուտով աշխատող ձեռնարկությունները, հեռուստատեսության եւ կապի միջոցները, էներգիա աշխատող եւ արտադրող ձեռնարկությունները, ավիացայի ոլորտը, ճանապարհներն ագուցող հաղորդակցման միջոցները, գազամուղները, ջրավազանները, հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտական հիմնարկները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ընդերքը։



Արամ Սարգսյանն էլ նշեց, որ կառավարության ցանկից պետք է դուրս բերվեն բուժհիմնարկներն ու գիտական կենտրոնները։ Նա հիշեցրեց, որ երբ ծառն ուզում են կտրել, այն չորացնում են։ Հիմա էլ, ըստ նրա, այդ կերպ են վարվում պետական հիմնարկների հետ, որոնց սեփականաշնորհումը փորձում են արդարացնել նրանց պահել չկարողանալով։ Արամ Սարգսյանը նկատեց, որ երբ պետք է՝ պետությունը փող գտնում է, քննիչի թոշակը դարձնում 400 հազար դրամ այն դեպքում, երբ շարքային քաղաքացու թոշակը 40 հազար դրամ է։