Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները

Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տարիների գործակցությունը շարունակվում է: Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ կամ կազմակերպչական աշխատանքներով: Կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ կամավորական աշխատանքը, որի հիմքում անտարբերությունը մերժելու՝ հասարակությանն ուղղված ուղերձն է: 



ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այս տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը հայտարարել են Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում:
Գեւորգյանների կիսակառույցը տասնամյակներ շարունակ նույն տեսքն է ունեցել: Գործընկեր կազմակերպությունների աջակցության արդյունքում, մինչեւ տարեվերջ տեսարանը կփոխվի:



«Երկար տարիներ ապրել ենք ամուսնուս հայրական տանը՝ Ուջան գյուղում, նրա ծնողների եւ եղբոր ընտանիքի հետ: Տարիներ շարունակ երազել ենք սեփական տուն ունենալու մասին: Այս կիսակառույց շինությունը տասնամյակներ առաջ սկեսրայրս էր ձեռք բերել, հույսով, որ կկարողանանք շինարարությունն ավարտին հասցնել, եւ մեր ընտանիքը կտեղափոխվի այստեղ: Տարիներն անցան, սակայն այդպես էլ չկարողացանք այն պիտանի դարձնել բնակվելու համար: Անցած աշուն ստիպված եղանք տեղափոխվել վագոն-տնակ, քանի որ նեղվածք էր ու այլեւս հնարավոր չէր այդպես ապրել: Չեմ կարողանում հավատալ, որ շուտով մեր տունը կունենանք: Շնորհակալ եմ»,-ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:



Մինչեւ տարեվերջ Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ տարիների գործակցությունը հաջողված է. ընդհանուր առմամբ, ծրագրից օգտվել է գյուղական 57 համայնք, որից 16-ը՝ սահմանամերձ: Բնակարանի խնդիր է լուծվել 146 ընտանիքի համար:



«Համայնքների զարգացումը եղել եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Շարունակում ենք իրականացնել ծրագրեր, որոնք պահանջում են պատասխանատվություն, նվիրում եւ տարիների հետեւողական աշխատանք: Դրանցից մեկն էլ բնակարանաշինությունն է: Այսպիսի մոտեցումը կարեւոր է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ համաչափ զարգացում ապահովելու, աղքատությունը նվազեցնելու եւ ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար: Այստեղ իրականացվող շինարարությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ. սա նաեւ հոգեբանական մեծ աջակցություն է, որն ավելի կարեւոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Այս համագործակցությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսեւորում է, որով առաջնորդվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը: Սա Հայաստանում աղքատությունը վերացնելու լավագույն ճանապարհն է, որն օրինակ կարող է լինել այլոց համար»,- ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 մլն․ ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: