Հայաստանում անցած տարի գործել է 95 հեռուստաընկերություն

Հայաստանում անցած տարի գործել է 95 հեռուստաընկերություն

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին գործել են 95 հեռուստաընկերություն, որից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը`կաբելային: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ընթացքում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: 2016թ. Հայաստանում գործել է նաև 18 ռադիոընկերություն։



Նա նշեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2016 թվականին տրամադրել է հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման 7 լիցենզիա, որից 3-ը`Երևան քաղաքի և մեկ կամ մի քանի մարզերի, և 4-ը`մեկ մարզի տարածքում սփռման համար: «Հաշվետու ժամանակահատվածում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումներ չեն մերժվել: 2016 թվականին դադարեցվել է հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման 8 լիցենզիա, որից 4-ը` դիմումների համաձայն, իսկ 4-ը`լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու հիմքով»,- ասաց Գագիկ Բունիաթյանը:




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ