Հայկական դրամապանակն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում․ ի՞նչ է «Volteman»-ը և ե՞րբ հասանելի կլինի․ (ֆոտո, վիդեո)

Հայկական դրամապանակն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում․ ի՞նչ է «Volteman»-ը և ե՞րբ հասանելի կլինի․ (ֆոտո, վիդեո)

«Volterman» խելացի դրամապանակը, որի մասին վերջերս շատ են խոսում, առաջինն է իր տեսակի մեջ աշխարհում։ Հետաքրքրությունն այնքան մեծ էր հայկական նորույթի նկատմամբ, որ հաշված օրերի ընթացքում նախագիծը հավաքեց մոտ 300 հազար դոլար գումար։



Ինչպես նշում է նախագծի անդամ Նարեկ Վարդանյանն, իրենց ակնկալիքներն ավելի մեծ են․ «Volterman-ը երեք կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է։ Մենք փորձել ենք ստանալ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան արտադրանք և պետք է ասեմ, որ այն աշխարհում ամենահզոր դրամապանակն է, քանի որ մյուսներն ունեն այս դրամապանակի մեկ կամ երկու ֆունկցիան։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էր 45 հազար դոլար, սակայն հավաքվեց մոտ 300 հազարը, բայց պետք է ասեմ, որ մեր «ախորժակն» ավելի մեծ է»։



Նշենք, որ դրամապանակն ունի տարբեր ֆունկցիաներ, այն հնարավորություն է տալիս հեռախոսի հետ միանալու շնորհիվ պարզել, թե որտեղ եք այն թողել։ Եթե այն որևէ մեկը փորձի բացել, ապա լուսանկարը վայրկյաններ անց կհայտնվի ձեր հեռախոսի էկրանին։ Բացի այդ «խելացի դրամապանակը» կարող է լիցքավորման սարքի դեր կատարել, ապահովել «wi fi» ծառայություն, ունենալու է հիշողության այլընտրանքային բանկ՝ հեռախոսի աշխատանքը չծանրաբեռնելու համար։



Նարեկ Վարդանյանը նշում է, որ դրամապանակի նկատմամբ ամենամեծ պահանջարկը ԱՄՆ-ից է․ «ԱՄՆ-ից պատվերների քանակը հասնում է 35-40 տոկոսի, մյուս երկիրը Միացյալ Թագավորությունն է, իսկ երրորդը Հայաստանն է»։



Գաղափարի հեղինակը Ազատ Թովմասյանն է, իր դրամապանակը մի քանի անգամ կորցնելուց հետո, նա որոշել է այն վերահսկելու մեխանիզմներ մշակել։ Նախագծի կազմակերպիչներն անկեղծանում են՝ դեռ ոստիկանության հետ համագործակցելու միտում չունեն, բայց չի բացառվում, որ առաջիկայում դրամապանակը գողության դեպքերը բացահայտելու լավ միջոց դառնա։



Նախաձեռնողները նշում են, որ չնայած դրամապանակները դեռևս միայն տղամարկանց համար են, կանայք էլ երկար չեն սպասի իրենց օրինակներին։ Դրամապանակների գներն այս ընթացքում բավականին մատչելի են լինելու՝ 100-150 դոլարի սահմաններում, սակայն չի բացառվում, որ առաջիկայում գնային փոփոխություն կկատարվի։ Դա կախված է նորույթի տարածման արագությունից։ Լինելու են երեք տիպի՝ դասական, միայն քարտերի համար նախատեսված և ճամփորդական՝ 89, 129 և 157 դոլար արժողությամբ․ «Մենք շատ ուզում ենք, որ ինքը լինի հաջողության նախադեպ՝ success story, ու Հայաստանում բոլորը, տեսնելով այս նախագծի հաջողությունը, տեսնեն, որ Հայաստանում գտնվելով կարող են իրենց հետաքրքիր գաղափարներն իրականացնել ու սարքել միջազգային չափանիշներին համապատասխան նախագծեր։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ մենք ուզում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանից կարող են դուրս գալ այնպիսի նախագծեր, որոնք ոչ միայն չեն զիջում, այլև մի քանի բանով ավել են աշխարհի ցանկացած այլ նախագծից։ Պարտադիր չէ լավ ծանոթություն կամ մեծ գումարներ ունենալ լավ նախագիծ ունենալու համար»,- նշում է Վարդանյանը։ Մեզ ուրախացրեց, որ բիզնես-նախագծի մեջ նաեւ հայրենասիրական գործոն կա ու նպատակ։ Հուսանք, որ կառավարությունն ամեն ինչ կանի խանդավառ ու հայրենասեր երիտասարդներին աջակցելու, ոգեւորելու համար։



Նարեկ Վարդանյանի խոսքերով՝ Volterman-ի օրինակով ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է GlobalAM-ի հիմնական նպատակը՝ օգնել հայկական ստարտափներին դուրս գալ միջազգային շուկա, որպեսզի դրսից փողերը Հայաստան գան և դրսում ավելի տարածվի Հայաստանի անունը։



Volterman-ը իր տերերին կհասնի դեկտեմբեր ամսից, դեռևս այն կմատակարարվի կայքի պատվերների շնորհիվ, իսկ հետո կհայտնվի նաև խանութներում։ Կանաչ ճանապարհ Volterman-ին։



Լիլիթ Շաբոյան