Հնդիկ ենք դարձել. «Վեոլա ջուրը» գյումրեցիների համբերությունն է փորձում

Հնդիկ ենք դարձել. «Վեոլա ջուրը» գյումրեցիների համբերությունն է փորձում

Հուլիսի սկզբից Գյումրու մի շարք թաղամասերում ջրամատակարարման խնդիր է առաջացել: Բնակիչներն օրվա ընթացքում ջուր են ունենում 2-3ժամ: Նման վիճակում են հայտնվել հատկապես Անի, Մուշ-2 եւ արդեն կենտրոնական հատվածների որոշ թաղամասեր: Անի թաղամասի բնակչուհին՝ մեզ ահազանգած տիկին Աղավնին, ասում է. «Հուլիսի 2-ից այս վիճակն է: Կոտորվանք դույլերով հարևան բակի ցայտաղբյուրից ջուր կրելով: Բարեկամներիս եմ զանգում, խնդրում եմ ջուր վերցնեն, տղաներիս ուղարկում եմ, գնան-բերեն: Լրիվ հնդիկ ենք դարձել, էնքան հնդկական սերիալ հրամցրեցին, մշակույթը յուրացրինք, կենցաղն էլ՝ հետը: Էդ սերիալների կերպարների նման ժամերով ջրի հերթ ենք կանգնում՝ դույլերը ձեռքներիս»,-վրդովված պատմում է տնային տնտեսուհին՝ նշելով, որ «Վեոլա ջուր» ընկերության պատասխանատուների հետ կապվել չի հաջողվում, քանի որ հեռախոսազանգերին չեն պատասխանում:



Դժգոհող բնակիչներից մեկն էլ նկատում է, որ երբ զանգահարել է թեժ գծին, մայրաքաղաքի օպերատորներից պատասխանել են, որ իրենք տեղի հեռախոսահամար չեն տրամադրում, իսկ խնդիրը պարզելու համար պետք է կապվել քաղաքային ներկայացուցիչների հետ: «Զանգել եմ տեսուչին, խնդրում եմ հեռախոսահամար տրամադրի, էնպես լեղաճաք եղավ, ոնց որ ահաբեկչության զոհ լիներ»,-ասում է նա:
Բնակիչներից մեկին էլ ընկերությունից առաջարկել է հարցերն ու դժգոհությունները ներկայացնել գրավոր տարբերակով՝ ուղարկելով իրենց էլփոստին: Մինչդեռ սովորական քաղաքացիներից շատերը ոչ միայն Երևան զանգելու, այլև էլփոստով նամակ գրելու հնարավորություն չունեն:



Ամառվա կեսին այսպիսի լուրջ խնդիրի առաջ կանգնած Հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները նկատում են, որ երբ մեկ տարի առաջ «Վեոլա ջուրը» «Շիրակ-ջրմուղկոյուղու» ձեռքից վերցրեց ջրամատակարարումը, շատ ուրախացան՝ հուսալով, որ ի վերջո քաղաքում կլուծվի հանապազօրյա ջրի խնդիրը: Ի դեպ «Վեոլա ջուրը» ՓԲԸ-ի հետ համագործակցելու որոշում կայացրեց քաղաքի ավագանին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Փորձեցինք «Վեոլա ջուրը» ընկերությունից պարզաբանում ստանալ, թե ինչու է ընկերությունը գյումրեցիների լեզվով ասած իրենց համբերությունը փորձում: Ընկերության «Արևմուտք» տարածքային կառույցից փոխանցեցին, թե խնդրին քաջատեղյակ են, փորձում են հնարավորինս շուտ կարգավորել: Ընկերության աշխատակցի փոխանցմամբ՝ այս օրերին ոռոգման հետ կապված ջրի ճնշումն ընկել է, եւ այդ է պատճառը, որ որոշ թաղամասեր կարելի է ասել ընդհանրապես զրկվել են ջրից:



Նշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ Գյումրիում ջրամատակարարման որակը բարելավվելու նպատակով «Շիրակ-ջրմուղկոյուղին» փոխեց ջրատար խողովակները, որոնց աշխատանքի հետքերը դեռ թարմ են. շատ փողոցներում փորված տարածքներն այդպես էլ մնում են:



Արևիկ Հակոբյան