Ի՞նչ հիմունքով է պաշտոնանկ արված տնօրենը ստորագրել փաստաթղթերի տակ

Ի՞նչ հիմունքով է պաշտոնանկ արված տնօրենը ստորագրել փաստաթղթերի տակ
Ի՞նչ հիմունքով է պաշտոնանկ արված տնօրենը ստորագրել փաստաթղթերի տակ
Ի՞նչ հիմունքով է պաշտոնանկ արված տնօրենը ստորագրել փաստաթղթերի տակ
Ի՞նչ հիմունքով է պաշտոնանկ արված տնօրենը ստորագրել փաստաթղթերի տակ

«Գյումրին  առանց տնակների» հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Ինչպես գրել էինք, հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը վերջերս պաշտոնանկ արեց հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանին՝ հիմք ընդունելով  նրա անհարգի  բացակայություններն  ու խորհրդի որոշումները չկատարելը: Հիշեցնենք, որ Մհեր Խաչատրյանը  նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրում էր զեղծարարության մեջ: Հոգաբարձուների խորհուրդը   համամիտ չէր մեղադրանքների հետ եւ դրանք համարում էր  անարդարացի եւ ի վնաս հիմնադրամի վարկանիշին ու գործունեությանը:Վերջերս հոգաբարձուների խորհրդի անդամ Արտուշ Հովհաննիսյանը, որը նաև Շիրակի մարզպետարանի աշխատակից է,  պաշտոնանկ արված տնօրենի դեմ նոր փաստեր է հայտնաբերել  եւ այն ներկայացնել    հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու մյուս անդամներին։

«Ս.թ. ապրիլի 4-ին «Գյումրին՝ առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին տեղյակ է պահվել, որ հիմնադրամի խորհրդի կողմից հեռացված տնօրեն, իրեն արդարության առաջամարտիկ հորջորջող Մհեր Խաչատրյանը, լինելով Գյումրու տնակների ապամոնտաժումը և տարածքի ազատումը հաստատող հանձնաժողովի անդամ, հիմնադրամի անունից ստորագրել է կեղծ փաստաթղթերի տակ, մասնավորապես՝ ս.թ. մարտի 18-ին 237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված: Կից ներկայացվում է ապրիլի 4-ին կատարված լուսանկարը»: Խորհրդի անդամների հիմնական մտահոգությունը,  փաստորեն, նաև այն է, որ Մհեր Խաչատրյանն ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի իրավասությունը չուներ: «Նա այդ փաստաթուղթը ստորագրել է  այն ժամանակ, երբ այլևս տնօրեն չէր»,- նշում են խորհրդի անդամները՝ ներկայացնելով փաստաթուղթ, ըստ որի՝ այլևս հիմնադրամի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Գևորգ Գևորգյանը:

Hraparak.am-ը զրուցեց նաև Մհեր Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե որքանով են օրինական եւ անօրինական նրա գործողությունները: «Նախ ասեմ, որ այդ հասցեներով քանդման ակտեր չեն տրամադրվել որևէ բնակչի, իսկ այս խոսքերիս ապացույցը կլինի այն, որ  առաջիկայում գրավոր դիմելու եմ Գյումրու քաղաքապետարան և խնդրելու եմ, որ եթե առկա են այդ հասցեներով տրամադրված ակտեր, ուրեմն պատճենները տրամադրեն: Ե՛վ  նամակը, և՛ նամակի եկած պատասխանն անպայման կհրապարակեմ Ֆեյսբուքում:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ես՝ որպես հեռացված տնօրեն, դեռ շարունակում եմ քանդման ակտերի տակ ստորագրել, դա իմ կողմից խախտում չէ, քանի որ հիմնադրամը՝ ինքը, պետք է գրավոր կերպով դիմի համապատասխան կառույցին և խնդրի, որ իմ լիազորությունները դադարեցնեն ու փոխարինեն ուրիշ թեկնածուով»,- իր արարքն այսկերպ մեկնաբանեց հիմնադրամի արդեն իսկ նախկին տնօրենը՝ հավելելով, որ նույնկերպ նաև հանդես է եկել վարչապետի 1658-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինության կոմիտեում ստեղծված աշխատանքային խմբի կազմում և մարտի 26-ին մասնակցել է Գյումրիում անցկացված արտագնա նիստին:

Ի դեպ, Մհեր Խաչատրյանը մոտեցավ Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկի եւ իր կողմից հայտնաբերված անարդարությունների մասին, սակայն նկատենք, որ վարչապետը շրջանցեց խոսակցությունը՝ առաջարկելով դիմել իրավապահներին: 

Հիշեցնենք, որ «Գյումրին՝ առանց տնակների» հիմնադրամը ստեղծվեց 2015-ին, քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ՝ անօթևաններին սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով: