Հրանուշ Հակոբյանն իրեն քննադատողներին չի սիրում

Հրանուշ Հակոբյանն իրեն քննադատողներին չի սիրում
Մի խաբվեք Հրանուշ Հակոբյանի հաղթանդամ տեսքին. ներքուստ նա փխրուն է ու զգայուն, բավական է մի թթու բառ, կոշտ գնահատական իր գործունեությանն ուղղված, խոցվում է, դառնում հիշաչար ու վրիժառու: Նրան ոչինչ չի կարող հետ պահել հաշվեհարդարի մոլուցքից եւ երբ հանդիպում է իր "ոխերիմներին", անճանաչելիության աստիճանի փոխվում է, վերածվում գավառական լաչառի, որը պատրաստ է դիմացինի դեմքին շրխկացնել դուռը, մոռանալով իր պաշտոնի ու ամենակարեւորը՝ քաղաքավարության տարրական կանոնների մասին: Իսկ նախկին կոմսոմոլ գործչի ոսոխները կարող են լինել միայն իր ղեկավարած գերատեսչությանը քննադատող լրատվամիջոցներն ու լրագրողները: Նշենք, որ սփյուռքի նախարարության սեւ ցուցակում է հայտնվել "Հրապարակը": Այդ մասին տեղեկացանք երեկ, երբ Հրանուշ Հակոբյանի հերթական ազգանվեր առաքելությունն իրականացնելու համար գնացել էինք այն լուսաբանելու: Նախարարություն էին հրավիրել Լատինական Ամերիկայից օրերս վերադարձած երգիչներին՝ Արամոյին, Էմմա Պետրոսյանին եւ Արսեն Գրիգորյանին (Մրո): Մայիսի 10-21-ը նրանք մեկնել էին Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա: Երգիչները համերգներ են տվել Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո եւ Սան Պաուլո քաղաքներում: Այս հանդիպումը լուսաբանելու համար հրավիրել էին սահմանափակ թվով լրատվամիջոցների: Ես, կայքերից մեկից տեղեկանալով հանդիպման մասին, գնացել էի առանց հատուկ հրավերի. Հրանուշ Հակոբյանի կազմակերպած քեֆերն ու բեմադրությունները լուսաբանելը մի ուրիշ հաճույք է: Սակայն պարզվում է՝ մեր հրապարակումները մինչեւ հոգու խորքը խոցել են նախարար տիկնոջն ու նրա աշխատակազմին: Քանի դեռ չէին պարզել, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, լրատվական վարչությունը շատ հյուրընկալ ու ժպտադեմ հրավիրեց ներս: Սակայն երբ ներկայացա, սկսվեց իրարանցում եւ դիսկուսիա "Հրապարակում" Հրանուշ Հակոբյանի դեմ տպված "պատվերների" վերաբերյալ: Շուտով այս զրույցն ընդհատվեց ավետիսով, թե արդեն եկել են հյուրերը, եւ հրավիրեցին տիկին Հրանուշի կաբինետ: Երգիչներից հետո ներս մտա նախարարի առանձնասենյակ, տիկին Հրանուշը "էս ովքե՜ր են" ասելով, ուրախ-զվարթ, գրկաբաց դիմավորեց հյուրերին, նրանց հետ ողջագուրվելու ընթացքում հանկարծ տեսնելով ինձ՝ այլայլվեց ու բղավեց՝ "ո՛ւր, ո՛ւր, ո՛ւր ես գալիս": Մի պահ շփոթվեցի՝ կարծելով, թե ինչ-որ բան այն չեմ արել, եւ ետ-ետ գնացի: Տիկնոջ դեմքից վայրկենական անհետացավ հյուրընկալ ժպիտը, եւ նա՝ մռայլված ու մթագնած, գավառական լաչառ "կնկա" պես  մոտեցավ դռանն ու մոռացած աստղային հյուրերի մասին, գրեթե բղավեց՝ "եկել ես, որ վատ բան գրե՞ս", ու դուռը շխկացրեց դեմքիս: Արածն այնքան տգեղ էր, որ անգամ իր լրատվության վարչության աշխատակիցները, հանկարծակիի եկան ու սկսեցին արդարացնել իրենց շեֆուհու պահվածքը, այդ ընթացքում հորինելով մեկը մյուսից անկապ ստեր: Իբր՝ այս հանդիպումը նախատեսված էր միայն այն լրագրողների համար, որոնք ներկա են գտնվել երգիչներին Լատինական Ամերիկա համերգների ճանապարհելու արարողությանը, այսինքն՝ պետք է դիմավորեին միայն ճանապարհողները: Իսկ ինձ, որպես "բարոյական փոխհատուցում", հորդորեցին մնալ եւ հարցազրույց վերցնել նախարարուհուց: Սակայն ես այդ ռիսկին չէի կարող գնալ. հայտնի չէ, թե խոշորակազմ ու առողջ նախարարուհին եթե մենակ բռնացներ իր կաբինետում, ինչ կսպառնար ինձ: Գլխիցս ձե՞ռք էի քաշել, որ տետ ա տետ հանդիպեի նրան: