Գտիր տասը տարբերություն

Գտիր տասը տարբերություն
Եւ այսպես, ԱՄՆ պետքարտուղարը եկավ Հայաստան ու գնաց, Վրաստանում եզրափակելով Արեւելյան Եվրոպա ու Հարավային Կովկաս հնգօրյա այցելությունը:  Մեկնելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին:  Այս փաստի կարեւորությանը, որն անշուշտ նախագահ Օբամայի եւ իր` ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուի` Հիլլարի Քլինթոնի նախընտրական խոստումների լույսի ներքո է, չի կարելի արժանին չմատուցել, եւ պատահական չէ, որ այնպիսի արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպիսին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն է, այս փաստը ողջունելի է համարում:



Բանն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Ծիծեռնակաբերդ ամերիկյան նման բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով առաջինն է: Եւ առհասարակ, երկրորդը Հայաստան. մեկ անգամ էլ` 1992-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախկին պետքարտուղար Բեյքերը: Պատմական, մարդկային, բարոյական առումով իրոք այս լուրջ քայլը ակնհայտորեն եթե ոչ լուրջ հաղթաթուղթ, ապա խաղաքարտ կդառնա Սերժ Սարգսյանի եւ իշխող քաղաքական ուժի ձեռքում: Ի տարբերություն  երիտասարդ հանրապետականների կողմից հորթային հրճվանքով ընդունվող այն հանգամանքի, թե, ահա տեսեք՝ Հիլլարի Քլինթոնն Անկախության տոնը նշում է «մեր երկրի նախագահի հետ», անգիր իմանալով, թե ինչ են ասելու հանրապետականները, նրանց հակադարձենք, որ տիկին պետքարտուղարը Բաքվում էլ այցելել է տեղի հայկական գերեզմանոցի վրա բարձրացված «Շեհիդների ծառուղի»:



Սա, իհարկե,  հարցի քաղաքական կողմն է, այլ ոչ բարոյական, որովհետեւ եթե քաղաքական առումով սա կարելի է հավասարության ժեստ դիտել երկու երկրների վարչակարգերի միջեւ, ապա բարոյական եւ պատմական առումով չի կարելի այդ նշանը դնել  Ծիծեռնակաբերդի հուշակոթողի ու Ղարաբաղյան պատերազմի ազերի ազատամարտիկների գերեզմանոցի միջեւ: Եւ մեկ էլ` Հայաստան այցելած բարձրաստիճան պաշտոնյաներից առաժմ միայն երեքն են հայտնի նրանով, որ անտեսել են Հայաստանի արարողակարգով նախատեսված այցելությունը` Ահմադինեջադը, Բաշար Ալ Ասադը եւ Մովլութ Չավուշօղլուն:



Իսկ ԱՄՆ պետքարտուղարի այցի ամենաինտրիգային մասը նրա հանդիպումների գրաֆիկն էր`«2+1» ձեւաչափով: «Երկուսը» Սերժ Սարգսյանն ու Էդիկ Նալբանդյանն էին, իսկ երրորդը`”քաղաքացիական նախաձեռնության` NGO-ների 25 ներկայացուցիչները, որոնց հետ երեկ առավոտյան հանդիպեց տիկին Քլինթոնը  Կասկադում` Ջերալդ Գաֆեսճյանին պատկանող թանգարանում, քննարկելով ժողովրդավարությանը վերաբերող հարցեր:  Հանդիպումը խիստ կոնֆիդենցիալ է եղել, մասնակցել են ավելի շատ լրագողական ուղղվածության կազմակերպություններ`«Ա1+», «Ինտերնյուս», «Հետք», Խոսքի ազատության կոմիտե, Մամուլի ազգային ակումբ, «Մեդիամաքս», ինչպես նաեւ «Եվրասիա», «Սորոս» հիմնադրամներ, Հայաստանի հելսինկյան կոմիտե եւ անգամ մեկ բլոգեր: Ինտրիգը նրանում է, որ ամերիկյան կողմը հենց նրանց է գերադասել, այլ ոչ հայաստանյան քաղաքական ընդդիմության երեք թեւերին:



Սկզբնական շրջանում սա նորմալ էր դիտվում, քանի որ տիկին Քլինթոնը Հայաստան էր գալիս խիտ աշխատանքային գրաֆիկով եւ ինքն էր իրավասու որոշել` ում է հանդիպում, ում ոչ: Մանավանդ որ, ունենալով դեսպանատուն Հայաստանում, կարող էր անուղղակի հակադարձել, թե ամերիկյան դեսպանատան միջոցով տեղեկացված է Հայաստանում ժողովրդավարության վիճակին:



Եւ մյուս կողմից կարծիք էր շրջանառվում, թե տիկին Քլինթոնն ընդդիմության որեւէ թեւին` օրինակ, ՀԱԿ-ին   հանդիպելու դեպքում պետք է հանդիպեր ամբողջ  ընդդիմությանը, նաեւ «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, այլապես մեկի հետ հանդիպման դեպքում շահարկումներ էին լինելու, թե ԱՄՆ վարչակարգը իշխանությունների այլընտրանք է տեսնում հենց այս քաղաքական ուժին: Համադրելով տիկին Քլինթոնի «հայաստանյան», «վրաստանյան» ու «ադրբեջանական» հայտարարությունները, հասկանում ենք, որ այս անհավասարությունը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլեւ իշխանությանը: Իսկ մեծ հաշվով՝ երկրին: Օրինակ` Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է, որ Վրաստանի տարածքն օկուպացված է Ռուսաստանի կողմից, եւ որ Միացյալ Նահանգները երբեք այդ փաստի հետ չի համակերպվի: Ապա Վրաստանին կոչ է անում հետեւողական լինել սեփական տարածքային ամբողջականության եւ դրանք ազատագրելու հարցում:



Սրանից բառացիորեն մի քանի օր առաջ արդեն ոչ Հիլարի Քլինթոնը, այլ նրա անմիջական ղեկավարը` Բարաք Օբաման, Ադրբեջանի տարածքներն է անվանում օկուպացված` հանրությանը ներկայացնելով «Հիմնարար սկզբունքները»: Ընդ որում, եթե Լ’Աքվիլայում գոնե նշվում էր, որ դրանցից հայկական զինուժը պետք է դուրս գա, ապա վերջին տեքստում նշված է «վերադարձ» բառը: Կամ Բաքվում`«Շահիդների ծառուղուց» դուրս գալուց հետո ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ ԱՄՆ-ն կարող է կողմերին օգնել, որպեսզի գան փոխհամաձայնության: Իսկ Երեւանում նա նշում է, որ իր համար մեծ հաճույք է գտնվել Երեւանում ՀՀ Սահմանադրության օրը, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատորեն տնօրինելու իր ճակատագիրը:



Իսկ էդիկ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղարին «թարգմանում է»` ԱՄՆ-ն ու Հայաստանը համակարծիք են, որ «ԼՂՀ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ այլնի, եւ այլնի վրա»: Դիվանագիտական բլա-բլա: Բայց Վրաստանում, չգիտես ինչու, այդ բլա-բլան չկա:



Տարբերությունն ակնհայտ է, չէ՞. պետք էլ չէ «գտիր 10 տարբերություն» գլուխկոտրուկի միջոցով ծուղակներ որոնել, այդ տարբերություններն անգամ նախագահականի տարածած տեքստից են երեւում: