Քեռի Վանյայի "Գազելը"

Քեռի Վանյայի "Գազելը"
Գործից հոգնած դուրս եմ եկել, կանգառում 10 համարի "գազելին" եմ սպասում ու ինքս ինձ հույս եմ տալիս, թե էդ ուշ ժամին երթուղայինը լիքը չի լինի, ազատ նստելու տեղ կլինի: Ահագին ժողովուրդ կա կանգառում, եւ նրանցից մի քանիսին գիտեմ՝ ինձ նման 10-ի ուղեւորներից են: Հիմա մտածում եմ՝ պետք ա ճարպիկ լինեմ, սրանցից շուտ ինձ ներս գցեմ, որ ազատ տեղը (մտքովս չի անցնում, որ հնարավոր է մեկից ավել ազատ տեղ լինի) ես զբաղեցնեմ: Տասը համարը գալիս է՝ հույսերս խորտակվում են՝ ազատ տեղ չկա: Մինչ մտածում եմ՝ նստեմ-չնստեմ, կանգնելու տեղ էլ չի մնում, եւ երեւի դա էլ իմ բախտից էր. եթե այդ տասը համարը նստեի, քեռի Վանյային չէի ճանաչի: 25-30 րոպեից հաջորդ "գազելն" է գալիս՝ մեջը ասեղ գցելու տեղ չկա, բայց ես մի կերպ ինձ ներս եմ գցում եւ մի քանի փորձից հետո դուռը հաջողացնում եմ փակել: Երկու մետրանոց հասակս այնպես եմ ծռմռում ու ոլորում, որ Ալբերտ Ազարյանն էլ իր լավագույն մարզավիճակում չէր կարող անել: Քթիս վերեւում ինչ-որ մեկի անմաքուր թեւատակն է, աչքերիս առջեւ, 10-15 սանտիմետր հեռավորության վրա խորը բացվածքով շոր հագած մի փարթամադոշ կնոջ կրծքերն են, որոնք վարորդի կտրուկ գործողությունների արդյունքում պարբերաբար սեղմվում էին դեմքիս՝ ինձ հնարավորություն տալով լիարժեք պատկերացում կազմել նրանց փափկության եւ չափերի մասին: Չէի ասի, թե շատ տհաճ էր, մի ուրիշ ժամանակ, մի ուրիշ վայրում կարող է շատ էլ հաճելի լիներ, բայց էդ նեղ մաջալին հեչ դրա հավեսը չկար: Տիկնոջ դեմքը չեմ տեսնում եւ հստակ չեմ կարող ասել, թե ինքը ինչ է զգում, բայց տեսնում եմ, թե ինչպես իր կրծքերի եւ իմ դեմքի ամեն հանդիպումից հետո նա բացվածքի եզրից բռնելով որքան հնարավոր է վերեւ է ձգում զգեստը, բայց անօգուտ, որովհետեւ հենց որ բաց է թողնում, զգեստը պարկի պես ներքեւ է իջնում: Էդ հլա հեչ՝ մի բարձրակրունկ հագած աղջիկ էլ էդ բարակ կրունկի համար ուրիշ տեղ չէր ճարել, ոտքիս վրա էր կանգնել: Ոտքս կրունկի տակից քաշեցի, բարձրացրի,  աղջիկը կրունկը ոտքիս տեղը դրեց, առոք-փառոք կանգնեց՝ ոտքս օդի մեջ մնաց: Մտածում եմ՝ էս մեր տուրիզմով զբաղվող պաշտոնյաներն ինչո՞վ են զբաղված, որ երթուղայինների էքստրեմալ տուրիզմը չեն զարգացնում, Գառնի-Գեղարդից դենը բան չեն տեսնում:



- Մի քիչ հեռու կանգնի, գլխառկս լռիվ ծռեցիր,- դասական քաղքենու ձայնով խոսեց մի տիկին, եւ անմիջապես լսեցի նաեւ "մեր լավ ջահելի" պատասխանը. Մորքուր ջան, յանի ընենց կարըմ ե՞նք, էնյան չենք կայնըմ:



Քաղքենի տիկինը միացավ: Պահը հասունացել էր, երաժշտություն լսելու ճիշտ ժամանակն էր, եւ վարորդը մագը միացրեց, կնոջ ձայնը խլացնելու համար երաժշտությունը քոքեց: Սկզբում լսեցինք Թաթուլի "Դառնացել է այս աշխարհը", հետո, երբ քաղքենի տիկինը լռեց, եւ մոտեցանք կանգառին, որտեղ երկու կին էին կանգնած, վարորդը Թաթայի "Թե ֆայտոնս չնստեսը" դրեց: Կանգառում իջնողներն ավելի շատ էին, քան բարձրացողները: Թեթեւացանք: Հիմա ավելի հանգիստ վիճակում էի կանգնած եւ կարող էի քաղքենի կնոջ դեմքը տեսնել: Հիսունը վաղուց անցած կին էր: Լայնեզր գլխարկ էր դրել, մատներին տարաբնույթ մատանիներ էին շարված, դեմքը վառ գույներով շպարված էր: Մեքենան կտրուկ արգելակեց, նոր նստած երիտասարդ գեղեցկադեմ կինը, որը անհարմար դիրքով էր կանգնած եւ մի ձեռքին էլ տոպրակ կար,  քաղքենի տիկնոջ նստելատեղի թիկնակից բռնվեց, ձեռքը տիկնոջ շորին կպավ:



- Գոնե ձյեռկեռտ մաքո՞ւռ են,- դեմքին զզվանքի արտահայտություն տվեց տիկինը:



- Դիտմամբ չկպա, այդպես ստացվեց,-խեղճացավ նորեկը:



- Մորքուր ջան, ընձ թվըմ  ա, դու պտի տաքսով ֆռֆռաս, մառշռուտկեն քո հագով չի,-մուղամով ծաղրեց "մեր լավ ջահելը", որի խղճի վրա չէր նստել, որ նորեկ կնոջը քաղքենին ճնշում է:



- Էս ինչ փաստաբան ծլեց, քո կառծիքը քեզ պահի,-նորից միացավ քաղքենին:



Կանգառում մեր "լավ ջահելն" ու քաղքենի կինը իջան, այդքան տարբեր մարդիկ էին, բայց նույն թաղում էին ապրում: "Հայրենիքի" կանգառում եւս մի չորս-հինգ հոգի իջան, առջեւում տեղ ազատվեց, եւ ես առաջացա:



- Դալանի մոտ կկանգնե՞ք,-դալանից բավականին հեռու հարցրեց երիտասարդ աղջիկը:



- Ուստա, ստե մի տե պահի,-ետեւի տեղերում նստած մի երիտասարդ էր:



Ուստեն աջ քաշեց-կանգնեց: Երիտասարդն իջավ: Դալանի մոտ իջնող աղջիկը, որ հոգնել էր կանգնելուց եւ գերադասում էր մի հարյուր մետր քայլել, քան թե մի քանի վայրկյան ավել կանգնել,  հետեւեց երիտասարդին:



- Աղջիկ ջան, նստի, դալանի մոտ կկանգնեմ,-ասաց վարորդը եւ աղջկա պատասխանին չսպասելով՝ գազ տվեց: "Գազելը" տեղից պոկեց:



- Հորոխպեր,-ասում եմ,-ցերեկն էլ ե՞ս սենց վարում, որտեղ պատահի՝ կանգնում, տուգանքներից չե՞ս վախենում:



- Ապեր,-ասաց վարորդը,- ես ժամանակավոր եմ էս գործին, սպասում եմ երեխեն համալսարանը ավարտի, պոկվեմ Ֆրանսիա: Ես բերնեբերան բարձած Մեղրիից Մոսկվա եմ քշել, թե չէ էս ինչ գործ ա, սա գործ չի: Ես ագարակցի եմ, մեր պամիդորը Աշտարակի դեղձից քաղցր ա, մեր դամբուլը էս կողմերի ծիրանից համով ա: Ապեր, սիրում եմ կատակ անեմ՝ բոլորը ծիծաղից թուլանան, ես լուրջ-լուրջ նրանց նայեմ, սիրում եմ ընկերներով նստենք-խմենք, բոլորը հարբեն՝ ես լուրջ մնամ, սիրում եմ նարդի խաղամ՝ չտարվեմ:



- Խի տենց մարդ կա՞, որ տարվելը սիրում ա,-ետեւից ասում է տղամարդը, որ մոտավորապես վարորդի տարիքին է:



- Չէ, իմն ուրիշ ա, ես հավեսով եմ հաղթում:



- Ուստա, անունդ ո՞նց ա,-հարցնում եմ ես:



- Քեռի Վանյա,-ասում է վարորդը:



- Չեխովի "Քեռի Վանյան" կարդացե՞լ ես,-հարցնում եմ:



- Չէ,-ասում է քեռի Վանյան,- բայց Չեխովի փողոցում տուն եմ վարձել:



Երթուղայինից իջնում եմ, ձեռքս գրպանս եմ տանում, որ սիգարետիս տուփը հանեմ, ձայնագրիչս է դուրս գալիս՝ միացված է: Այդ ամբողջ ընթացքում ձայնագրել էր, մտածում եմ՝ "Հրապարակի" համար մի բան գրեմ երթուղայինների ու քեռի Վանյայի մասին:



Բոյ-ԲՈւՍԱԹՈՎ