Սյունիքում բալը թանկ է

Սյունիքում բալը թանկ է
Այս ամառ Սյունիքի մարզկենտրոնում թանկացել  են համարյա բոլոր մրգերն ու բանջարեղենը։ Մարդիկ դժգոհում են, նեղվում, բայց չեն կարող փոխել իրավիճակը։   Ոմանք   հույս են փայփայում, որ սեպտեմբեր-հոկտեմբերին գները  կնվազեն, եւ կհաջողվի ճաշակել եւ  ձմռան  պաշար կուտակել։ Միջին սպառողական զամբյուղի   պարունակությունը նույնիսկ միջին եկամուտ ունեցող   ընտանիքի համար դարձել է ճոխություն։ Յուրաքանչյուր  երրորդ ընտանիք, ամենայն հավանականությամբ, մրգի  տեսականու կեսն անգամ առայսօր չի գնել։ Ոչ որակյալ ծիրանը՝ 750, քիչ թե շատ տեսքովը 1300-1500 դրամ է։ Դեղձն  ու սալորը՝ 700-1000, կեռասը՝ 1300, բալը՝ 750-1300 դրամ։  Ստացվում է, որ միջին չափի մեկ սկուտեղ միրգ հյուրասիրելու  համար  մոտ  10 հազար դրամ է անհրաժեշտ։ Կապանցիներից քչերը  կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա լոլիկը 450-500 դրամ  է, սմբուկը նույնպես, վարունգը, անկախ որակից՝ 250 դրամ։  Էժանանալու նախադրյալներ էլ չեն երեւում։ Նույնիսկ մի քանի օր արեւի տակ արկղերում տեղավորված միրգը   առեւտրականները  չեն էժանացնում, 1 կգ-ի մեջ 50-70 դրամ  լավություն են անում։ Ծնողները մի կերպ պետք է  բացատրեն մրգով լի արկղերի կողքով անցնող երեխաներին,  որ "բալը  թանկ է"։