Մեր “Васька”-ները չեն էլ լսում

Մեր “Васька”-ները չեն էլ լսում
Սոցիալական խնդիրը համար մեկ համապարփակ հոգսն է մեր երկրի համար: Դրա հիման վրա էլ արտաքին աշխարհի հետ մեր փոխհարաբերությունները ինչպես թիկունք եւ ճակատ են: Դա է մեր ցավոտ հոգսը: Քանի որ ոչ մի պետություն չի կարող համաշխարհային հանրության ազդեցությունից դուրս լինել, մենք տարբեր ազդեցությունների ու հոսանքների տակ ենք եւ այդ ընթացքում շատ դժվարությունների ենք հանդիպում: Ինչպես մեր միջնադարյան բանաստեղծներից մեկն է ասում, չեն թողնում, որ վարդս բացվի: Չեն թողնում, որ Հայաստանն իր ներուժը դրսեւորի: Ես ափսոսում եմ, որ, ունենալով այսքան ներուժ, կարողություն եւ դարավոր պաշար, մենք այսպիսի թշվառ վիճակում ենք:



Մի դեպք հիշեցի, երբ  նավաբեկությունից մեկն ընկնում է անմարդաբնակ կղզի եւ քաղցից մեռնում է մի ծառի տակ, որն այդ միջավայրում ամենահամեղ պտուղներն ուներ, բայց այդ մարդը չկարողացավ այդ ծառից օգտվել, տեղյակ չէր: Հիմա ոմանք տեղյակ են, որ մենք կարող ենք արժանավայել, հային վայել կյանքով ապրել, ոմանք էլ տեղյակ չեն, բայց քանի որ նավը մեկն է, եւ էն տեղյակն էլ, անտեղյակն էլ, սովածն էլ, կուշտն էլ նույն նավի մեջ են, եթե մի բան պատահի, միասին են սուզվելու: Որպեսզի չսուզվենք, նախ պետք է հուզվենք: Մի քիչ անհաջող բառախաղ ստացվեց, բայց պետք է սիրտ ունենանք: Շատերի սրտերը կամ քարացել են, կամ էլ էդպես քարսիրտ են ծնվել, որովհետեւ սոցիալականի հիման վրա էլ արվեստի ծաղիկը պիտի ծաղկի, արվեստը, մշակույթը պիտի ծաղկեն:



Մեզ խեղդում են տարբեր օտարածին, այլմոլորակային ծրագրերով: Հայաստանը կարծես աղախին լինի, այն Հայաստանը, որ Նժդեհ է ունեցել: Նժդեհի մի փոքրիկ գրքույկը կարող է անգամ մեր Սահմանադրությանը փոխարինել, եթե նրա խոսքը ճիշտ կատարեն: Ցավոք, այսօր Նժդեհից խոսում են հականժդեհականները, ոչ թե խոսում են, այլ իմիտացիա են անում: Ես նկատի չունեմ իսկական նժդեհականներին: Իմ նպատակը չէ ասելու, թե ով է իսկական, ով կեղծ նժդեհական: Երեւույթն է այդպիսին: Մենք ունենք ամեն տեսակի հնարավորություններ, որը կարծես թաղած է: Այն պետք է վեր հանվի: Եթե երեւակայենք, որ մենք Հայաստանից գնանք, եւ այստեղ գան գերմանացիներն ապրեն, երկիրը դրախտավայր կսարքեն, որովհետեւ օրինապաշտ են:



Հայաստանը տվեք ֆրանսիացիներին, իտալացիներին, նրանք այս թշվառ վիճակից  թռիչք կկատարեն: Այս ամենն ասում ենք, բայց ասողին լսող է պետք: Կրիլովի դասական առակում,  երբ գող փիսոն անընդհատ խոհանոցից բան է փախցնում, խոհարարը նրան խրատում է եւ ամոթանք տալիս, թե այդպես չի կարելի, ամեն ինչ տալիս ենք, բայց էլի գողանում ես: Առակի վերջում ասում է. "А Васька слушает, да ест": Մեր "Васька "-ները անգամ ժամանակ չեն ծախսում լսելու վրա, որ ավելի շատ ուտեն, եւ ոչ միայն խոհանոցն են ուտում, մեր կյանքն էլ հետն են ուտում:



Դանիել ԵՐԱԺԻՇՏ