Գնալ, թե չգնալ... այս է խնդիրը

Գնալ, թե չգնալ... այս է խնդիրը
Բոլոր լրատվամիջոցները, քաղաքական, հասարակական, մշակութային  գործիչներն այս օրերին  քննարկման թեժ թեմա են գտել՝ Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին հայերի մասնակցել-չմասնակցելու հարցը: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների թույլտվությամբ մեկօրյա պատարագ է մատուցվելու  սեպտեմբերի 19-ին: Պատարագին պատրաստվում է մասնակցել շուրջ 6 հազար մարդ՝ հայեր եւ պարզապես զբոսաշրջիկներ: Գնալ-չգնալու շուրջ տարբեր կարծիքներ կան: Ոմանք գտնում են, որ այդ պատարագն ընդամենը քաղաքական շոու է, Թուրքիայի հերթական խաղը, եւ պետք չէ մասնակցել դրան: Ոմանք քննարկումներ են կազմակերպում, հանդես են գալիս կտրուկ, մերժողական հայտարարություններով, հայերի մասնակցությունը պատարագին դավաճանություն ու կարճամտություն են համարում:



"Ինչ է նշանակում տարվա մեջ մի անգամ եկեղեցու գլխին խաչ դնել ու պատարագ անցկացնել: Հայերն էլ խաբված գնում են մասնակցելու այդ արարողությանը: Բայց մենք գնալով լավություն ենք անում թուրքերին՝ պարզերես երեւալ աշխարհի աչքին: Ներեցեք, բայց ես կարծում եմ, որ ովքեր գնում են, պարզապես կարճամիտ են",- ասաց դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ասաց. "Ես սկզբունք ունեմ. ես իմ հայրենիք որպես տուրիստ չեմ կարող գնալ": Հարցի կապակցությամբ կա նաեւ երկրորդ կարծիք: Շատերն էլ կարծում են, որ Աղթամար գնալու եւ պատարագին մասնակցելու մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ դա հոգեւոր հարց է ու բնավ էլ պետք չէ քաղաքականացնել:



Օրինակ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը թեեւ սեպտեմբերի 19-ին անձամբ չի մեկնելու Աղթամար կղզի՝ պատարագին մասնակցելու համար, բայց եւ գնացողներին էլ չի մեղադրում եւ ոչ մի վատ բան չի տեսնում դրանում: "Ես չեմ պատրաստվում գնալ, որովհետեւ ես եղել եմ Աղթամարում, մի քանի ժամ նկարահանումներ եմ արել այդտեղ: Կարծում եմ, դա եկեղեցի է, ու հավատքը պետք է թելադրի, թե ինչ անեն: Հավատացյալներն իրենք պետք է որոշեն ինչպես վարվեն: Կարծում եմ՝ այս հարցը քաղաքականացնել պետք չէ, չնայած ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դա քաղաքական շոու են համարում: Բայց չգնալ, չմտնել եկեղեցի՝ մտածելով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կասի կամ կմտածի՝ քրիստոնյա մարդու համար անընդունելի է, մեղք է",- ասաց կինոռեժիսորը:



Երգահան Արա Գեւորգյանը համերգների ու զբաղվածության պատճառով ծանոթ չէր այս հարցին: Երբ ներկայացրինք հարցը, ասաց. "Լավ չի, որ խաչը մի օրով են դնում, բայց գիտեք, դժվարը հենց առաջին անգամ դնելն է: Ինձ թվում է՝ թուրքերը կամաց-կամաց սկսել են մեղա գալ եւ մեզ վերադարձնել մեր ունեցածը": Երեկ կայացած ասուլիսում շատ հետաքրքիր կարծիք էր արտահայտել նաեւ թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ համարելով, որ սա նախադեպ է, եւ, օգտագործելով այն, գուցե հետագայում հնարավորություն ստանանք Թուրքիայում մյուս հայկական եկեղեցիներն էլ վերանորոգել ու վերաբացել, ասենք՝ Անիի եկեղեցիներից մեկը: "Եվ տարին մեկ անգամ Անին մերը կլինի",- ասել է թուրքագետը եւ հավելել, որ պատարագին չմասնակցելով՝ հայերն ընդամենը ջուր են լցնելու Թուրքիայի ջրաղացին:



Ինչեւէ, հայերի մասնակցել-չմասնակցելու դեպքում էլ պատարագը տեղի կունենա: Մեր առաքելական եկեղեցուց պատարագին մասնակցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, իսկ պատարագը մատուցելու է Կոստանդնուպոլսի պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ի դեպ, մենք զանգահարեցիք ՀՀ ԱԳՆ՝  իմանալու, թե ստացե՞լ են արդյոք Սուրբ խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր: ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեզ հայտնեց, որ թուրքական կողմից պաշտոնական հրավեր առայժմ չեն ստացել: