Գոմեշի մսի շուկայում մենաշնո՞րհ են ստեղծում

Գոմեշի մսի շուկայում մենաշնո՞րհ են ստեղծում
ՀՀ կառավարությունը երեկ ընդունեց Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներկրումը կանոնակարգող որոշում. այդպիսով՝ այսուհետ գոմեշի մսի հարցով համայն հայոց "դեսպան" կունենանք Հնդկաստանում՝ հատուկ հանձնակատար հնդկական գոմեշի միս-Հայաստանի շուկա հարաբերությունները եւ սննդի անվտանգությունը կարգավորելու համար: Կառավարության երեկվա որոշման մեջ ամրագրվել են նաեւ սննդի անվտանգության հարցերով "դեսպանի" պաշտոնի համար հավակնողների հանդեպ պահանջները` պարտադիր պայման է անգլերեն իմանալը, երեւի այդ վայրերում հնդիկ գոմեշատերերը բացառապես անգլալեզու են: Նշենք, որ տարեկան Հայաստան է ներկրվում մոտ 20-25 միլիոն ԱՄՆ դոլարի խոշոր եղջերավոր անասունի, այդ թվում նաեւ գոմեշի միս, որն այստեղ օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ:



Այնպես որ, սա բավական փողոտ գործ է, սակայն կառավարությունը համեստաբար չի նշել, թե ինչ ակնկալիք կա այդ փողոտ ու բարձր առաքելությունը շնորհելու դիմաց: Գյուղնախարարությունում երեկվա դրությամբ տեղյակ չէին, թե ում է նշանակելու վարչապետը: Նաեւ ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը որոշելու է Հնդկաստանում գործող կազմակերպության համապատասխանությունը կառավարության որոշմանը, եւ՝ թույլ տա՞լ, թե՞ թույլ չտալ այդ ընկերության արտադրած մսի մուտքը Հայաստան:



Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարի Հնդկաստանից Հայաստան միս ներմուծել է 11 ընկերություն՝ "Մուշը", "Ալեքս Գրիգը", "Դիուսը", "Մոկկոնաթը", "Նաթֆուդը", "Արմեն-Համիկ եղբայրները" եւ այլն: Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող որոշ գործարարներ, որոնք չցանկացան թերթում ներկայանալ, արդեն իսկ մտավախություն ունեն, որ կառավարության այս որոշմամբ փորձ է արվում կենտրոնացնել գոմեշի մսի ներկրումը եւ մենաշնորհային դաշտ է ստեղծվում մսամթերքի ներմուծման շուկայում. ավելին՝ մսամթերքի ներմուծումը հնարավոր է կենտրոնանա մեկ մարդու ձեռքում: Թե ով կարող է լինել այդ մեկ մարդը, մեր զրուցակիցները չասացին: Նաեւ տեսակետ հայտնեցին, թե  կառավարությունը հենց այդ նպատակով էլ անցյալ սեպտեմբերից սկսել է "հնդկական գոմեշի միս" օպերացիան: Եթե հիշում եք՝ անցյալ տարի օգոստոսի 2-9-ը հայկական պատվիրակություն ուղղորդվեց Հնդկաստան եւ այնտեղ նկարահանել էր մսամթերքի վերամշակման մի շարք ձեռնարկություններ, թե ինչպիսի պայմաններում են այնտեղ գոմեշի միսը վերամշակում ու ուղարկում Հայաստան:



Կոմպանիայի կասկածելին ի սկզբանե այն էր, որ այդ ամենը թմբկահարվեց  հայկական հեռուստատեսությամբ, նաեւ՝ "Հայլուրով": Այն պարագայում, երբ նման պրակտիկա մեզ մոտ ընդհանրապես չի կիրառվում: Հայաստանում նույն կառավարության քթի տակ արտադրվող տարբեր ապրանքատեսակների պայմաններն անմխիթար են. հանդիպած կլինեք տառականով հաց կամ ճանճով խավիար, սակայն որեւէ անգամ լսե՞լ եք, որ կառավարության ներկայացուցիչների այցը հայկական քիչ թե շատ հայտնի ընկերություններ նման կերպ լուսաբանվի:



Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվողների կոնկրետ մտահոգությունն այն է, որ մեկ հոգու ձեռքում կենտրոնացած ներկրումը կազդի մսի գնի վրա, հետեւաբար՝ նաեւ իրենց բիզնեսի: Մեզ հասած տվյալներով՝ այս տարի միս ներմուծողներն առանց այդ էլ պակասել են՝ մոտ 4-5 գոմեշի միս ներմուծող կա: Հնդկաստանից գոմեշի միս ներկրող "Դիուս" ընկերությունը, որը մսամթերքի ներկրմամբ զբաղվել է շուրջ 8 տարի, անցյալ աշնանից դադարեցրել է մսի ներկրումը Հայաստան: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ընկերության տնօրեն Արայիկ Կարապետյանն ասաց, որ իրենց այլեւս ձեռք չի տալիս մսի ներկրումը, դրա համար էլ դադարեցրել են: Ըստ նրա՝ իրենք բերել են որակյալ միս, եւ իրենց ձեռնտու էր աշխատել Հնդկաստանում հենց իրենց գործընկերոջ հետ:



"Այս պահին նշված չափանիշներով կոնկրետ մեզ ձեռք չի տալիս բերելը",- ասաց տնօրենը: Նա, սակայն, չկիսեց տեսակետը, թե կառավարության որոշումը մոնոպոլիա ստեղծելու համար է եւ տանում է մսի ներկրման կենտրոնացման: "Ով էլ ուզի, կարող է բերել, որեւէ սահմանափակում չկա: Մենք ուղղակի չենք ուզում",- պնդեց տնօրենը: Նա նաեւ ասաց, որ մի շարք երկրներ մսի հարցում ունեն ներկայացուցիչ Հնդկաստանում: Այնպես որ, հայտարարեց, թե նորմալ է համարում կառավարության՝ մսի ներկրումը կարգավորող որոշումը:



Գոմեշի մսի հետ կապված ողջ աղմուկը բարձրացավ անցյալ տարի, երբ կառավարությունը հանկարծ հայտնաբերեց, որ երշիկեղենի արտադրության մեջ նաեւ գոմեշի միս է օգտագործվում, ու սկսեց կասկածել, որ այն հակասանիտարական պայմաններում մորթված կլինի Հնդկաստանում, ու մարդ ուղարկեց Հնդկաստան: Ըստ կառավարության, հայկական ընկերությունները Հնդկաստանում միսը ձեռք են բերել ոչ վերահսկելի տարածքներից, մսամթերքը տեղափոխող մեքենաները սանիտարահիգիենիկ տարրական չափանիշներից հեռու են եղել:



Թեեւ Հնդկաստանից միս ներկրողները վստահեցնում են, որ այնտեղ միսը ձեռք են բերել նորմալ ընկերություններից: Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հավաստիացնում էր, որ իրենք իսկապես լաբորատոր փորձաքննություն են անցկացրել, միսը ստուգվում է նաեւ Հայաստան մտնելուց առաջ, եւ այսքան ժամանակ Հայաստան վատորակ գոմեշի միս չի բերվել: Սա, սակայն, չհամոզեց Տիգրան Սարգսյանին: Անցյալ տարի վարչապետը հրահանգել էր, որ միս ներմուծեն միայն այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ եւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ, ու Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարել էր գործը հետաքննել:



Ըստ այդմ պարզվել էր, որ Հնդկաստանում ընդամենը 4 նման ձեռնարկություն կա, որ ունի մեր կառավարության մատնանշած որակական պայմանները, իսկ մեր տեղական ընկերությունները նման ձեռնարկություններից գնել են ներմուծված մսի ընդամենը 21%-ը: Այսօրվա որոշմամբ կառավարությունը պահանջում է, որ մսի արտադրությամբ զբաղվող հնդկական ընկերությունն ունենա 10 տարվա պատմություն: Երեւի վերը նշված 4 ընկերությունից մեկն է մնացել, դրա համար էլ մսամթերք արտադրողներն ասում են, թե մի հոգի է միս բերելու Հայաստան: