Ոչ ճաշակ, ոչ ձայն, ոչ շոու

Ոչ ճաշակ, ոչ ձայն, ոչ շոու
Հայկական շոու-բիզնես կոչվող այլանդակության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար բավական է միացնել հեռուստացույցն ու հետեւել մեր «աստղերի» երգ ու պարին: Մի քանի կլիպ նայելուց հետո համոզվում ես, թե ինչքան ապաշնորհ ու անտաղանդ են այդ «աստղ» կոչվածները, նրանց ռեժիսորներն ու պրոդյուսերները եւ ինչպես են սղոցում մարդու ականջը, անգամ եթե այդ մարդը երաժշտության մեծ գիտակ չէ: Այնպես ստացվեց, որ ես «բախվեցի» այն բազում հաղորդումներից մեկին, որի ժամանակ երգերի թոփ-տասնյակ կամ պարզապես երաժշտության ժամ էր հայտարարված, եւ «Երեւան» հեռուստաալիքը ինչ-որ անկապ համադրությամբ ինչ-որ տեսահոլովակներ էր ցուցադրում:



Նախ, դրանց ընտրությունն էր զարմանալի՝ ոչ մի ժանրի, տեսակի կամ որակի չափանիշ չկա: Ուրախ ազգային երգին հաջորդում է էստրադային հնամաշ ժանրը, ռոմանսին՝ մուղամը եւ այդպես շարունակ: Երգիչ-երգչուհիների մեծ մասն ինձ անծանոթ էին, թեեւ՝ գուցե նրանք մեղավոր չեն, ես եմ շատ հազվադեպ լսում-նայում նրանց: Դժվար է ասել՝ նրանցից ոմանք ձայնային տվյալներ ունեն, թե ոչ, քանի որ հատուկ տեխնիկան հիմա հրաշքներ է գործում, եւ լրիվ անձայն-անտաղանդ մեկից կարող են Պլաչիդո Դոմինգո սարքել: Քանի դեռ ուղիղ հնչողությամբ չես լսել այդ աստղ-աստղիկներին, նրանց ձայնի մասին դատողություններ անելն անիմաստ է: Բայց կարեւորը ձայնն էլ չէ, այլ տեսարժանությունը:



Ես կարծում եմ, որ կլիպ կոչվածների գլխավոր արժանիքը պետք է դա լինի՝ գունեղ, վառ, հետաքրքիր լուծումներով, «սպեցէֆեկտներով» հագեցածությունը: Այդ առումով տեսածս հոլովակներն ուղղակի սոսկալի էին: Մեկում մի երկարածամ, 70-ականների սանրվածքով, անճաշակ շորով մի աղջիկ անձրեւի տակ քայլում էր, հետո կողքից հրդեհ էր բռնկվում: Ռեժիսորի մտահղացմամբ՝ կրակն ու ջուրը միասին էին: Միակ լուծումը՝ նրա հայելային, երկատված կերպարն էր, որի իմաստը բոլորովին չէր հասկացվում: Ոչ երգչուհու պատկերը մտապահեցի, ոչ երգը, անունն էլ չհասցրեցի կարդալ՝ այն մի անգամ արագ երգի սկզբում է գրվում, մի անգամ՝ վերջում:



Հաջորդ մի քանի երգն ինձ ցնցեցին բառերի իմաստով: Ավելի շուտ՝ բառային անիմաստության տեսակետից: Դրանք կամ ոչ մի հանգի չտրվող պատմվածքներ են, կամ խոհափիլիսոփայական տափակաբանություններ: Դրանց մեծ մասը ոչ միայն երգային հնչեղություն չունեն, այլեւ դրանք երգել կարողանալու համար պետք է հանճար լինես, կամ էլ քեզ համար մեկ լինի, թե ինչ բառեր ես արտասանում: Մի տղա ու մի աղջիկ, օրինակ, կոտրատվելով՝ իրար մեղադրում էին, թե՝ «շուտ-շուտ ինձ զանգում ու հարցնում ես՝ ուր եմ ես... էլ ոնց ասեմ, ոնց բացատրեմ... դե հասկացիր՝ սիրում եմ քեզ ու վստահիր... ես մի բան գիտեմ՝ ով սիրում է, նա նաեւ վստահում է» եւ այլն, եւ այլն: Իսկական մառազմ:



Անգամ Ռոմանոս Մելիքյանի չքնաղ «Վարդը» կարող են այս կլիպմեյքերներն ու նրանց ստեղծած «աստղերն» այնպես երգել ու բեմադրել, որ սիրածդ երգը աչքիդ գրողը դառնա: 10-12 երգչից ճանաչեցի միայն Սամվել Գրիգորյանին, որն արեւային ակնոցն աչքերին, կեպին գլխին՝ Ղարաբաղին նվիրված մի անհասկանալի երգ էր երգում, իսկ ետեւում աղջիկները (հավանաբար ղարաբաղցի) պարում էին, եւ Էռնա Յուզբաշյանին, որը երկարատեւ ընդմիջումից հետո հայտնվել է էկրանին եւ ոչնչով չի «զիջում» երիտասարդ սերնդին: Մի խոսքով՝ այս վայ-համերգից միայն տրամադրությունս ընկավ, եւ հասկացա, թե մենք ինչքան ռաբիզություն ունենք մեր մեջ անթեղած, որից ազատվելու համար հավանաբար մի ամբողջ դար է հարկավոր:



Գաբրիել ԱՊՐԵՍՅԱՆ