Հավելյալ եկամուտներ բնակիչների առողջության հաշվին

Հավելյալ եկամուտներ բնակիչների առողջության հաշվին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ստացել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչներից, որոնք բողոքում են «Շող» յուղի եւ ձեթի գործարանից արտանետվող հոտերից: Վերոնշյալ խնդրի կապակցությամբ պատգամավորը հարցումով դիմել է բնապահպանության նախարարին.



«Երեւանի Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասում գործում է «Շող» յուղի եւ ձեթի գործարանը, որից արտանետվող «թունավոր» հոտերը, ինչպես որակել են 167 ստորագրությամբ ինձ նամակով դիմած Չարբախի բնակիչները, դժոխքի են վերածել այդ մարդկանց առօրյան: Խնդրում եմ «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ՀՀ օրենքի համաձայն`



- հանձնարարել համապատասխան տեսչությանը ստուգումներ կատարելու բնապահպանական նորմերի խախտման մասին ահազանգի հիման վրա եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառել,



- անհրաժեշտության դեպքում կասեցնել կամ դադարեցնել բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը` ապահովելով թաղամասի բնակչության էկոլոգիական անվտանգությունը:



«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել վերը նշվածի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների մասին»: