ՀՀԿ անվճար բուժոգնությունն օրինախախտում է

ՀՀԿ անվճար բուժոգնությունն օրինախախտում է
17.09.10թ.-ին  «Հայլուրն»  ընդարձակ  հաղորդում  հեռարձակեց  ՀՀԿ  անվճար  բուժօգնության  մասին, նշելով,  որ այդ  բարեգործության  նախաձեռնողներից  է  ՀՀ  նախագահի  աշխատակազմի  ղեկավար  Կ. Կարապետյանը: Դեռեւս հուլիս  ամսին այդ  օրինախախտման վերաբերյալ մենք  ներկայացրել  ենք  մեր  տեսակետը, սակայն ոչ  մի  արձագանք չի ստացվել, ավելին` օրինախախտումները  շարունակվում  են:



Մասնավորապես.



1. պետական  պաշտոն   զբաղեցնող  կուսակցության  անդամը  (Կ. Կարապետյան) իրավունք  չունի  իր  ծառայողական  (պաշտոնեական)  դիրքն  օգտագործել  հօգուտ  կուսակցական  շահերի («Կուսակցությունների  մասին»  ՀՀ  օրենքի  10-րդ հոդված),



2. կուսակցությունը (ՀՀԿ) բարեգործական  կազմակերպություն  չէ («Բարեգործության մասին» ՀՀ  օրենքի  11-րդ հոդված) կամ  չի  կարող բարեգործական  գործունեություն  իրականացնել  («Կուսակցությունների  մասին»  ՀՀ  օրենքի  3-րդ հոդված):



Ափսոսանքով  պետք է նշենք, որ անգամ  օրինապաշտ ԶԼՄ-ներն  արդեն  չեն  անդրադառնում   նմանօրինակ  խախտումներին, հավանաբար կամ համակերպվել  են   ՀՀԿ  այս  սանձարձակությունների հետ, կամ  հոգնել  են  անարդյունք  արձանագրելուց: Նաեւ սա է, որ  ավելի  է  ոգեշնչում  ՀՀԿ  օրինախախտներին:



Այդ կապակցությամբ այսօր մենք ձեռնարկել ենք մի շարք  միջոցներ, մասնավորապես դիմել ենք`



1. Հատուկ  քննչական  ծառայություն`  պաշտոնեական լիազորություններն  անցնելու  հիմքով ՀՀ  նախագահի  աշխատակազմի  ղեկավարի`  օրենքին  հակասող  գործողությունների  մասին  հաղորդմամբ,



2. ՀՀ նախագահին, առաջարկելով դիմել  Սահմանադրական դատարան ՀՀԿ գործունեության  արգելման  հարցով  սահմանադրական  կարգը (հոդված 7) խախտելու  հիմքով,



3. ՀՀ-ում  ԵԽ  անդամ-երկրների  դեսպաններին, խնդրելով  Մոնիտորինգի  hանձնաժողովին  ներկայացնել  ՀՀԿ  սույն  ապօրինի  գործունեությունը, որն  ավելի  քան  բացահայտորեն  ուղղված  է  ՀՀ  ընտրական իրավունքի  եւ այդ  իմաստով՝  ԵԽԽՎ  համապատասխան  որոշումների   դեմ:



Միաժամանակ նյութեր  ենք նախապատրաստում՝ առաջիկայում  դիմելու  ՀՀ-ում  ՌԴ  դեսպանին` ՌԴ  քաղաքացիների  մասնակցությունը  մեր երկրի  քաղաքական  կյանքին  կանխելու  նպատակով:



Ռուբեն ԹՈՐՈՍՅԱՆ