Հանձնաժողովը տուգանում է, «ԱրմենՏելը»` բոյկոտում

Հանձնաժողովը տուգանում է, «ԱրմենՏելը»` բոյկոտում
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում կայացրեց տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը՝ «Hi Line» ծառայության միացման ժամանակ «անբարեխիղճ մրցակցություն» ցուցաբերելու համար: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, հաշվի առնելով սպառողների դժգոհությունները, ուսումնասիրել է ընկերության ցուցադրած գովազդային հոլովակը, որտեղ ասվում է, որ  «Hi Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի անվճար: Սակայն սպառողները բողոքում են, որ թեեւ մոդեմն անվճար է տրվում, բայց դրանից հետո համակարգչում անհրաժեշտ է կատարել որոշակի կարգավորումներ:



Սպառողները կարգավորումների համար զանգահարում են «ԱրմենՏելի» 100 հեռախոսահամարով, որտեղից էլ խորհուրդ են տալիս դիմել համակարգչային ծառայություններ իրականացնող վճարովի ծառայության, որը 3 հազար դրամ արժե: Փաստորեն ստացվում է, որ իրականությունը եւ գովազդվող ծառայությունը չեն համապատասխանում միմյանց: Սակայն «ԱրմենՏել» ընկերությունը համաձայն չէ ՏՄՊՊՀ որոշման հետ եւ համոզված է, որ հանձնաժողովը չի տարբերակում ինտերնետ կապի միացման եւ համակարգչային կարգավորումների համար նախատեսված վճարները, որը, ըստ ընկերության, չի տրամադրվում ակցիայի շրջանակում:



«ԱրմենՏելի» նկատմամբ կիրառվել է 5 հարյուր հազար դրամի չափով տուգանք, ինչպես նաեւ հանձնարարվել է ընկերությանը դադարեցնել եւ հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակությանը մոլորեցնող գործողություններ եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների վնասները: Թերությունները շտկելու համար սահմանվել է որոշակի ժամկետ, որի ընթացքում ընկերությունը պարտավոր է վերացնել դրանք: «Հակառակ դեպքում հանձնաժողովն օրենքի սահմաններում որոշակի քայլեր կձեռնարկի»,- ասաց ՏՄՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը:



«Իսկ գուցե շփոթմո՞ւնք է եղել» հարցին մամուլի քարտուղարը պատասխանեց. «Որեւէ շփոթմունք չկա: Մենք «ԱրմենՏելից» վերցրել ենք գովազդային հոլովակը, մասնագետները մանրամասն ուսումնասիրել են, բառ առ բառ վերլուծել, թե հոլովակն ինչ տեղեկատվություն է տալիս սպառողին, ու նոր որոշում է կայացվել»,- ասաց Նելլի Դանիելյանը: Փոխարենը «ԱրմենՏել» ընկերության երեկ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք մտահոգված ենք հանձնաժողովի որոշմամբ եւ կարծում ենք, որ, չտարբերակելով ծառայությունները եւ կիրառելով չհիմնավորված դրույթներ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստեղծում է վտանգավոր նախադեպ տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից»:



ՏՄՊՊ հանձնաժողովը յուրաքանչյուր նիստից հետո որոշակի թվով որոշումներ է կայացնում, բայց որքանով է հետեւողական լինում դրանց իրագործմանը, պարզ չէ: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը պնդեց, որ իրենք հետեւողական են ցանկացած որոշման կատարման հարցում. «Նախ պարտադիր ստուգայցեր, մոնիտորինգներ են կատարվում բոլոր ապրանքային շուկաներում, հատկապես նրանցում, որտեղ հստակ որոշումներ ունենք կայացրած: Հանձնաժողովը միշտ հետեւողական է լինում: Նույնիսկ ունենք դատական պրոցեսներ, երբ որ տնտեսվարողները համաձայն չեն եղել մեր կայացրած որոշումների հետ եւ դիմել են դատարան:



Ներկայումս մենք ունենք նման մի քանի դեպք: Ձվի շուկայում մենք տուգանեցինք 5 տնտեսվարողի, որոնցից 4-ն ուղղել էին իրենց սխալները, խախտումները վերացրել էին: Միայն մեկը՝ «Լուսակերտը», շարունակում էր շուկայում աշխատել խախտումներով: Դարձյալ մենք ստիպված եղանք վարույթ հարուցել, որը դեռ ընթացքի մեջ է»: Նկատենք, որ այդ մի օրինակը, սակայն, ճիշտ հակառակի մասին է խոսում. «Լուսակերտի» դեպքում հետեւողականությունը պայմանավորված էր նրա սեփականատեր Խաչիկ Մանուկյանի՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հասցեին արված քննադատությամբ, որին պատժելու համար էլ ձվի շուկայի հետ կապված ՏՄՊՊՀ-ն «հետեւողականություն» է դրսեւորում: