Փաստաթուղթ չեն պատրաստում

Փաստաթուղթ չեն պատրաստում
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում ծրագրված չէ: Այս մասին  հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` ելույթ ունենալով Բաքվում տեղի ունեցող միջազգային սիմպոզիումի ժամանակ: «Ներկայումս նման փաստաթղթի պատրաստման վրա մենք չենք աշխատում, օրակարգում բանակցությունների ձեւաչափն է, որն անցկացվելու է Աստանայում»,-ասել է նա: Մամեդյարովի խոսքով` առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որպեսզի հակամարտության կողմերին ներկայացնեն ԵԱՀԿ գնահատման առաքելության զեկույցը:



Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը մեծ սխալ կլիներ. «Եթե Հայաստանը սկսի Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը, դա մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի առումով: ԼՂ անկախության ճանաչումը կնշանակի, որ Հայաստանը նաեւ ճանաչում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի փաստը»: Էլմար Մամեդյարովը նաեւ նշել է, որ այսօր բանակցային գործընթացում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. «Ոչ Ադրբեջանը, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում Հայաստանից հստակ պատասխան ստանալ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ»: Նախարարի խոսքով` Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել բանակցային գործընթացից, որն այժմ այդքան էլ ինտենսիվ ընթացք չունի:



Մամեդյարովը կարծում է, որ Հայաստանը եւս չպետք է արգելակի բանակցային գործընթացը: «Երկարաժամկետ հեռանկարում, ես վստահ եմ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի՝ ՄԱԿ-ի պահանջներին համապատասխան»,- իր ելույթը եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: