Ոչ Սյունիքի մարզպետը, ոչ էլ հանրապետության առաջին տիկինը մեղավոր չէին

Ոչ Սյունիքի մարզպետը, ոչ էլ հանրապետության առաջին տիկինը մեղավոր չէին


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Սիսիանի «Նորաշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ գնելու նախապատվության իրավունքը վերականգնելու պահանջների մասին հայցը: Հայցվորը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Իշխան Իշխանյանի կինն է՝ Լիանա Սահակյանը: Վեճը վերաբերում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի՝ Սառնականքում գտնվող ավտոգազալցակայաններից մեկին: Լցակայանը Սյունիքում բոլորը գիտեն որպես «Իշխանի կալոնկա», որը մասամբ Արմեն Հայրապետյանինն է:



Հենց վերջինս էլ ղեկավարում էր աշխատանքները՝ պաշտոնապես չլինելով տնօրեն: Մոտ մեկ տարի առաջ, բոլորին անհասկանալի պատճառով, դադարեցվեց գործունեությունը: Այդ ժամանակ տարածված լուրերի համաձայն, դրան նպաստել էր Սյունիքի մարզպետը, որը փոքր-ինչ հեռու իր սեփական լցակայանն է կառուցել: Մեկ այլ վարկածով օրերից մի օր հանրապետության առաջին տիկինն է անցել միջպետական ճանապարհի այդ հատվածով, երբ լցակայանում պայթյուն է լսել: Դրանից հետո իշխանություններն արգելել են լցակայանի գործունեությունը: Իրականում փոքրիկ վթարի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, բայց անսարքությունը վերացվել է, ու դա հիմք չէր կարող լինել չաշխատելու:



Իշխան Իշխանյանի գործընկերոջ՝ Արմեն Հայրապետյանի համար մինչեւ այս տարվա հոկտեմբերը առեղծվածային էր մնում, թե ինչու պարոն Իշխանյանը չի ցանկանում աշխատեցնել լցակայանը, չէ որ շահավետ ու եկամտաբեր բիզնես է: Դատարանից ծանուցագիր ստանալուց հետո ամեն ինչ պարզ դարձավ: Գործընկերը ցանկանում է խլել նրան պատկանող բաժնեմասը: Երեք տարի առաջ՝ 2007-ին, Լիանա Սահակյանն ու Անահիտ Վարդանյանը (Ա. Հայրապետյանի կինը) Արմեն Հայրապետյանից գնել են ընկերության բաժնեմասերը, յուրաքանչյուրը 25 բաժնեմասի 50 տոկոսի չափով: Պայմանագրի կնքման պահին 1 բաժնեմասի արժեքը հազար դրամ է եղել, ընդհանուր գումարը՝ քսանհինգ հազար դրամ:



2008թ. Անահիտ Վարդանյանը բաժնեմասերի առքուվաճառքի պայմանագրով ընկերության 25 բաժնեմասերից 50 տոկոսն օտարել է սկեսուրին՝ Մարգո Հայրապետյանին: Բաժնեմասերից յուրաքանչյուրի անվանական արժեքը 815 հազար 40 դրամ է, ընդհանուր գումարը՝ 20 մլն 378 հազար 500 դրամ: Ըստ Լիանա Սահակյանի, այդ առքուվաճառքի պայմանագիրն անվավեր է, քանի որ կնքվել է նրա իրավունքների խախտմամբ: Վերջինս, ինչպես նշել է հայցադիմումում, անտեղյակ էր գործարքից ու, ըստ գործող կարգի, չի ստացել բաժնեմաս գնելու առաջարկ: Ըստ պատասխանող կողմի էլ` առանց Իշխան Իշխանյանի իմացության ոչ մի բան չէր արվում: «Եթե տեղյակ չէին, ինչո՞ւ հենց այդ օրերին չբողոքեցին, այլ 2 տարի անց, նպատակը ո՞րն է»,-ասում է Անահիտ Վարդանյանը:



Ի դեպ, վերջինս զարմանում է ոստիկանի՝ որպես պետական պաշտոնյայի մտածելակերպի վրա. գազալցակայանի փակմամբ 27 մարդ գործազուրկների շարքն է համալրել: Պակաս զարմացած չեն սիսիանցիները: Նրանք էլ փորձում են գտնել մի հարցի պատասխան՝ ի՞նչ սեւ կատու է անցել Իշխանի ու Արմենի միջեւ: Այս տանդեմի ախպերությանը ժամանակին շատերը նախանձում էին: Գուցե աչքո՞վ են տվել:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ