Տարած-հետ բերած լիմոնադները եւ «լիմոնադային» ռեկետ

Տարած-հետ բերած լիմոնադները եւ «լիմոնադային» ռեկետ
Աբովյանի Մելոն անհիշելի ժամանակներից զբաղվում էր ապակյա տարաների, հատկապես շշերի առուծախով, դրանից էլ նրա մականունը՝ Շշի Մելո: Սակայն աստիճանաբար կատարելագործվելով գործի մեջ, հասավ այն բանին, որ հիմնեց ապակյա տարաների գործարան` «Սարանիստ» ՍՊԸ: ԱԺ պատգամավոր դառնալուց հետո Մելոն եկավ այն համոզման, որ առավել շահավետ է լիքը շշերով առեւտուրը: Եվ սկսեց կոչվել ոչ թե Մելո, այլ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան, որը սկզբում ՕԵԿ-ական էր՝ ընտրվել էր այդ կուսակցության կողմից, ապա, դավաճանելով ՕԵԿ-ին, դարձավ ԲՀԿ անդամ:



Մի օր պարոն Մանուկյանը որոշում է Աբովյանի «Օրիգինալ» սուպերմարկետում վաճառել «Սիփան» կոչվող լիմոնադը եւ փոխտնօրեն Կառլեն Խաչատրյանին առաջարկում է այն: Թեեւ խանութում կային հայրենական արտադրության բազմատեսակ լիմոնադներ եւ հյութեր, փոխտնօրենը չի մերժում ԱԺ պատգամավորին: Երկար ժամանակ լիմոնադը դնում են խանութում, բայց շատ քիչ է վաճառվում, եւ խանութի մենեջերը վերջնահաշվարկ կատարելուց հետո Մ. Մանուկյանի առաքիչին է փոխանցում լիմոնադի վաճառքից գոյացած ողջ գումարն ու չվաճառված ապրանքը:



Պատգամավորը սրանից խիստ վիրավորվում է. իր լիմոնադը տանը մնացած աղջի՞կ է, ինչ է: «Որ լիմոնադս վաճառեիր,-ասում է նա Խաչատրյանին,-ես հարյուր հազար դոլարի շահույթ կունենայի: Չես վաճառել, թե չես ուզեցել, միեւնույն է, հիմա ինքդ կտաս ինձ այդ գումարը»: Եվ սկսում են Կ. Խաչատրյանին անհանգստացնել, սպառնալ, մեքենան տանել եւ այլն: Այդ գործը ղեկավարում է Մելոյի եղբայրը՝ Ռուբենը: Կառլեն Խաչատրյանը փորձում է բացատրել. «Խանութն իմը չէ: Ես ընդամենը փոխտնօրեն եմ: Եթե խանութը Ձեզ պարտք է, գնացեք եւ ստացեք մենեջերից»:



Սակայն Մանուկյաններն անդրդվելի են մնում: Ի վերջո` հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ի սահմաններում ԱԺ պատգամավորի թիկնազորի պետ Մարկոս Մարկոսյանը զանգում է Կ. Խաչատրյանին, թե. «Ախպեր, ո՞նց անենք, որ հանդիպենք, զրուցենք: Ամոթ է մեր մեջ թեմա ունենանք»: Չնայած Կառլենը պատասխանում է, որ շատ է զբաղված, չի կարող, Մարկոսն այնքան է զանգում, որ նա, գործը թողած, իր մեքենայով գնում է հանդիպման վայր` Սեւան-Երեւան ավտոճանապարհից քիչ հեռու գտնվող «Սարանիստ» ՍՊԸ-ի մոտ: Մարկոսը հայտնվում է երեք հաստավիզների ընկերակցությամբ: Նստում են Կառլենի մեքենան, եւ Մարկոսը կարգադրում է՝ «Քշի չոլերը: Գործարանի դարպասներից հեռանանք»: «Դու կանչեցիր, որ զրուցենք, - ասում է Խաչատրյանը,- հիմա չորսով մեկի դե՞մ եք դուրս գալիս: Սա տղու արարք չէ»:



Եվ չոլերը  քշելու փոխարեն ուղղություն է վերցնում դեպի մայրուղի: Ընթացքի ժամանակ Մարկոսը ձեռքի արգելակի միջոցով կանգնեցնում է մեքենան, հանում բանալիները, խլում բջջայինը այն պահին, երբ Կառլենը փորձում էր զանգել: Նրան իջեցնում են ավտոմեքենայից եւ սկսում ծեծել ու հայհոյախառն կարգադրել. «Ֆուռերդ կհանես էս ճանապարհներից: Դրանք այլեւս Աբովյան չպետք է մտնեն»: «Ախր դրանք վրացիներինն են: Արդեն քանի տարի է, գալիս են եւ ոչ մեկին չեն խանգարում: Ֆուռերն ի՞նչ կապ ունեն»,- պատասխանում է Կառլենն ու վազում դեպի ճանապարհը:



Այս դեպքից հետո Կոտայքի մարզի ոստիկանության քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվում քրօր.-ի 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ քննչականի պետը: Ինչ վերաբերում է դեպքի մասնակիցներին՝ նրանք հրաժարվում են պատահարի մասին խոսելուց: Ընդ որում՝ հրաժարվում է եւ Կառլեն Խաչատրյանը, եւ Մելիք Մանուկյանի թիկնապահ Մարկոսը:



Թերեզա ԱՍԱՏՐՅԱՆ