Ծեծկռտուք Սյունիքի մարզկենտրոնում

Ծեծկռտուք Սյունիքի մարզկենտրոնում
Կիրակի օրը, նոյեմբերի 7-ին, Սյունիքի մարզկենտրոնում  ծեծկռտուք է տեղի ունեցել  3 երիտասարդի ու ոստիկանության աշխատակիցների միջեւ։ Երիտասարդները, որ ամենայն հավանականությամբ սթափ չեն եղել, բարձրաձայն հայհոյել են,  պարեկապահակային ծառայության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել նրանց։ Սակայն ուժերն անհավասար են եղել՝ տղաները մարզված են եղել, եւ պարեկները ոստիկանությանն են օգնության կանչել։ Երիտասարդները  չեն ենթարկվել նաեւ ոստիկաններին։



Դեպքի վայր է ժամանել Կապանի ոստիկանապետ Արմեն Գեւորգյանը, նրան եւս հայհոյանքներ են բաժին հասել։ Արդյունքում, երիտասարդները բերման են ենթարկվել ուժով, ու նոյեմբերի 9-ին Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի որոշմամբ քրօր.-ի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն) եւ 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Մեր տեղեկություններով, Սյունիքի քննչական բաժնի հետաքննիչ Զորիկ Վարդանյանը գտնվում է հիվանդանոցում, ու նրա վիճակից է կախված երիտասարդներին առաջադրվելիք մեղադրանքը։



Ըստ որոշ տեղեկությունների, դատավորը մտադիր է եղել գրավի դիմաց նրանց բաց թողնել, սակայն մանրամասները հայտնի են դարձել ՀՀ ոստիկանապետին, եւ դատավորը հրաժարվել է իր մտադրությունից։ «Ոստիկանության պատիվը չպիտի ոտնահարվի, անկախ նրանից՝ ում որդիներն են նրանք ու ինչ ֆինանսական միջոցների տեր են»,-ասել է Ալիկ Սարգսյանը։ Տղաներից մեկի հայրը Սյունիքում հայտնի անձ է: