Արցախի պատգամավորը կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը

Արցախի պատգամավորը կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը
Նոյեմբերի 11-ին կայացած Արցախի Ազգային ժողովի նիստի վերջում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Վահրամ Աթանեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը, նրա հաղորդմամբ, բխում է «Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետից եւ վերաբերում է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումներին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե «Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ այդ երկրում ժողովրդավարությունը ոտնահարված է: Միջազգային դիտորդները, բացառությամբ ԱՊՀ առաքելության, արձանագրել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ»:



Պատգամավորը վկայակոչել է ԱՄՆ Պետդեպարտամենտին, որը հայտարարել էր, թե «Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: Ասել է թե՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպություններ չեն ճանաչում քվեարկության արդյունքները եւ դրանք համարում են կեղծված:



Արցախցի պատգամավորի հայտարարությունը եզրափակվում է հետեւյալ տողերով. «Այս իրավիճակում օրախնդիր է դառնում, որպեսզի միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, գործնականում լեգիտիմացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ իր շփումները եւ առաջ մղի ժողովրդավարական եւ իրավական ԼՂՀ փաստացի անկախությունը ճանաչելու գործընթաց:



Խորհրդարանական տապալված եւ միջազգային հանրության համար խիստ կասկածելի ընտրություններով Ադրբեջանը, փաստորեն, առկա խնդիրների կարգավորման այլ հնարավորություն չի թողնում»:



Մեր կարծիքով՝ քանի որ  նախագահական-խորհրդարանական վերջին ընտրություններով Հայաստանն ապացուցել է, որ նույնպես հեռու է ժողովրդավարական երկիր կոչվելուց, իրոք այս պահին թերեւս ամենաճիշտ քայլը Արցախի անկախության միջազգային ճանաչումը կլինի։ Երկիր, որ մարդու իրավունքների, հատկապես ընտրությունների խնդրում, համենայնդեպս, մի քանի գլուխ բարձր է քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանից ու Հայաստանից։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ