Ողջունել է, ընդգծել է

Ողջունել է, ընդգծել է
Արցախի ղեկավար Բակո Սահակյանի վերջին 1-2 աշխատանքային օրերը կրկին լարված են եղել։ Դարձյալ հյուրեր է ընդունել, ողջունել, ընդգծել եւ կարեւորել... Նախ ընդունել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ, եւ վերջիններիս հետ քննարկել առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:



Նա ողջունել է առողջապահության ազգային ինստիտուտի կողմից Արցախում տարածքային եւ տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելու առաջարկը՝ ընդգծելով, որ «դրանք մեծապես կնպաստեն մեր հանրապետությունում առողջապահության համակարգի զարգացմանը, այս ոլորտում կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը»: Ապա հաջորդ օրը հյուրընկալել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, եւ քննարկել հարկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:



Այս հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է այսուհետ եւս պահպանել համագործակցության առկա մակարդակն ու զարգացնել այն: Այստեղ նույնպես հատուկ ուշադրություն է հատկացվել «կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը», հատկապես Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդրին: ԼՂՀ նախագահի տեղեկատվական ծառայության վկայությամբ, Բ. Սահակյանը «կարեւորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը»:



Եվ իրոք, Արցախում, հատկապես հարկային ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ տեղի տնտեսությունը թռիչքաձեւ զարգացում է ապրելու։ Էլ չենք խոսում Արցախի փորսուղ գյուղատնտեսության մասին, որի հարկային կառույցներում «ներդրած էլեկտրոնային համակարգի» շնորհիվ ագրարային այս երկրի գյուղատնտեսությունը յուրօրինակ «բում» է ապրելու։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ