Նոր դատարան, նոր դատավորներ

Նոր դատարան, նոր դատավորներ
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ վարչական դատարանը կունենա նաեւ երկրորդ ատյան՝ վերաքննիչ վարչական դատարան: Մենք արդեն գրել ենք այն մասին, թե ինչ պայքար է գնում այս դատարանի վեց դատավորների պորտֆելների համար: Երեկ տեղեկացանք, որ առավել թեժ է պայքարը վերաքննիչ վարչական դատարանի նախագահի աթոռի համար: Ի սկզբանե հայտնի չէր, թե ինչ որոշում է կայացվելու՝ արդյո՞ք վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը կնշանակվի վերաքննիչ վարչականի նախագահ եւ ինչ-որ մեկը կզբաղեցնի նրա թափուր մնացած աթոռը:



Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Մուկուչյանի թեկնածությանը դեմ է եղել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նա հետամուտ է, որ այս պաշտոնում նշանակվի վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը, որն այստեղ է նշանակվել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից, իսկ դրանից առաջ աշխատել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Ի դեպ, նրա աշխատած տարիներին այստեղ մի խոշորամասշտաբ մախինացիա է իրականացվել՝ 55 մլն դոլարի հասնող, որին, ասում են, անմասն չի եղել նաեւ նա, եւ որը հետագայում կոծկվել է, քանի որ թելերն ուղղակիորեն տարել են դեպի Մաքսայինի նախագահ Արմեն Ավետիսյան: Կարեն Մաթեւոսյանի թեկնածությունն ամբողջացնելու համար նշենք, որ նա անցած տարի մոտ 20 անգամ ավելի շատ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել, քան նույն դատարանում աշխատող մի քանի այլ դատավորներ: