Օտար լեզվի ուսուցում. որտեղից սկսել

Օտար լեզվի ուսուցում. որտեղից սկսել
Ըստ ձեզ` ինչո՞ւ են ռուս պաշտոնյաները, Ռիժկովի, Զատուլինի կարգի, այդքան մտահոգ Հայաստանում ռուսաց լեզվի իմացության մակարդակով: Չէ, ավելի հասկանալի ձեւակերպենք հարցը` ինչի՞ց են հայ ժողովրդի բարեկամ Ռիժկովն ու Զատուլինը գլխի ընկել, որ Հայաստանում սկսել են ռուսերեն վատ խոսել: Թերեւս ամենաճիշտը կլիներ հենց նրանց տալ հարցը, բայց քանի որ այդ հնարավորությունը չունենք, կփորձենք գլխի ընկնել ինքներս եւ գլխի գցել Ռիժկովի եւ Զատուլինի հետ Երեւանում սեղան նստած-ելածներին:



Մեր հյուրերը` հատկապես Ռիժկովը, պատկանում են ռուսական քաղաքական էլիտայի այն սերնդին, որ ժամանակին շփվել է հայ կոմունիստ-կոմսոմոլների ռուսապաշտ պլեադայի հետ, որի առաջին լեզուն, չնայած մայրենի լեզվի դոմինանտ կարգավիճակին, ռուսերենն էր: Այդ երանելի տարիներին հայ ղեկավարների հետ հաղորդակցվելը կրեմլյան չինովնիկների համար եղել է նույնը, ինչ որ Մոսկվայի փողոցներից մեկի բնակիչների հետ շփվելը, եւ նրանք որեւէ դժվարություն չեն ունեցել ընկալելու իրենց երեւանյան գործընկերներին:



Հենց այդ ժամանակներից է գալիս նաեւ մեր ռուս բարեկամների` վիրավորվելու վատ սովորությունը, երբ երկու հայ իրենց ներկայությամբ հայերեն են խոսում: Նրանց միշտ թվում է, թե այդկերպ այս երկու հայը ձեռք են առնում իրենց կամ մի դավ են նյութում իրենց դեմ: Նկատենք, որ դա հայի բախտ չէ, որ այդ ճակատագրով մենք եզակիներից չենք, եւ որ նույն իրավիճակում են եղել ԽՍՀՄ ոչ ռուս բոլոր ազգերն ու ժողովուրդները:



Այս ճոխության մեջ ապրած Ռիժկովը, հասկանալի է, դիսկոմֆորտ է զգում այսօր, երբ հայտնվում է ժամանակակից Հայաստանում` նրա ժամանակակից ղեկավարների` հարց լուծողների, օրենք ընդունողների, գործ անողների շրջանակում: Եթե մեր երկրի առաջին դեմքերը շատ թե քիչ տանելի ռուսերենով են շփվում իրենց գործընկերների հետ, ապա նույնը չի կարելի ասել այն մակարդակի մասին, որ չնայած շփվում է Ռիժկովի հետ, բայց ռուսերենով գրված տեքստ կարդալ անգամ չի կարողանում: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես չեմ պնդում, որ մերոնք պարտավոր են հենց ռուսերենով շփվել ռուսների հետ: Կան միջազգային այլ լեզուներ, որ հավասարապես հասկանալի են թե ռուսներին, թե ճապոնացիներին, թե իսպանացիներին:



Բայց եթե ռուսների հետ շփվելու համար մերոնք ընտրում են հենց ռուսերենը, պետք է նաեւ բարի լինեն նման հանդիպումների ներկայանալ գրական ռուսերենով եւ ոչ թե ռուսերենի` Շիրակի խոսվածքով: Հայերեն բարբառներով համեմված ցանկացած օտար լեզու, ճիշտ այնպես, ինչպես օտար լեզվի բարբառներով համեմված հայերենը, միշտ էլ ծիծաղելի է, եթե չասենք` անհասկանալի: Նման իրավիճակից խուսափելու համար, ինչ եք կարծում, ինչպե՞ս են վարվել ժամանակին մեծ աղմուկ հանած «Սոյուզ-Ապոլոն» ծրագրով տիեզերքում հայտնված ռուս եւ ամերիկացի տիեզերագնացները: Ի դեպ, նշենք, որ նրանք մինչեւ տիեզերքում հայտնվելը սովորել են միմյանց լեզուները: Ահա, ուրեմն, որոշվել է, որ ռուսները կխոսեն ռուսերեն, իսկ ամերիկացիները` անգլերեն, որովհետեւ ռուսների ռուսերենը ամերիկացիների, իսկ վերջիններիս անգլերենը ռուսների համար էր հասկանալի:



Իսկ մեզ էլ հասկանալի է, որ ոչ մի ռուս մարդու այսօր չես սովորեցնի հայերեն այնպես, որ մեր հայերենը նրա համար հասկանալի լինի: Ես նկատի ունեմ ռուս չինովնիկներին եւ ոչ թե հարյուր տարին մեկ առկայծող ռուս հայագետներին: Հետեւաբար մնում է, որ հայ չինովնիկները շատ թե քիչ տիրապետեն ռուսերենին, եթե Ռուսաստանի հետ 50 տարով ոտուգլուխ քնելու պայմանագիր են ստորագրում: Եվ այս իրավիճակում, ինչ եք կարծում, ինչպիսի հետեւություններ կարող են անել Ռիժկովն ու Զատուլինը, երբ իրենց մեկ այցի շրջանակներում պարզում են, որ մենք ոչ միայն չենք ուզում զիջումների գնալ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, այլեւ մեր այդ համառությունն իրենց մայրենի լեզվով չենք կարողանում բացատրել իրենց: Բնական է, որ պիտի մտածեն նախեւառաջ Հայաստանում ռուսերենի դրվածքը բարելավելու մասին:



Հիմա մեր հարցը` կարո՞ղ էինք մենք կանխել այս խայտառակությունը: Հավանաբար կարող էինք, եթե Ռիժկովի ու Զատուլինի առաջ ռուսերենի իրենց իմացությամբ չփորձեին փայլել Սամվել Բալասանյանն ու Արամ Սաֆարյանը: Մեկը ռուսերեն կարդալ չգիտի, մյուսը` խոսել: Հիմա պատկերացրեք ռուս պաշտոնյաների վիճակը, երբ աշխարհի ոչ մի թարգմանիչ հանձն չի առնում նրանց համար թարգմանել ՕԵԿ-ական շորշոփով այս ԲՀԿ-ական ռուսերենը: Հավանաբար նույնը կլիներ նաեւ այլ կուսակցությունների պարագայում, որովհետեւ, դարձյալ ճիշտ հասկացեք, խնդիրը կուսակցական չէ: Այս խնդիրը նույնիսկ Սամվել Բալասանյանի եւ Արամ Սաֆարյանի հետ կապ չունի: Դա մի խնդիր է, որ գոյություն ունի օբյեկտիվորեն եւ գոյություն ունի արդեն քսան տարի: Այդ ընթացքում մեր հարյուրավոր պաշտոնյաներ են հայտնվել չհասկացվածի կարգավիճակում եւ ոչ միայն ռուսների հետ իրենց հարաբերություններում:



«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ անելով, ռուսական դպրոցներ բացելով եւ հատկապես հայերենը երկրորդ պլան մղելով` այս հարցը չի լուծվի: Փոխարենը շատ արագ մենք կռեաբիլիտացվենք ռուս եւ օտար շրջանակների առաջ, եթե օտարալեզու դպրոցներ սկսեն գործել ՀՀ նախագահի նստավայրին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ կառավարությանը կից: Այդ դեպքում մեր պաշտոնյաները, որը աշխատանքի հաշվին, որը կիրակնօրյա ռեժիմով, կկարողանան վերջապես տիրապետել որեւիցե օտար լեզվի եւ հարկ եղած դեպքում երկիր ներկայացնել հյուրերի առաջ: Թե չէ ի՞նչ է ստացվում` իրենք ռուսերեն չգիտեն` մի ողջ ժողովրդի մասին վատ կարծիք կազմելու պատճառ են դառնում: Թող վիրավորական չհնչի, բայց երբ, օրինակ, իսպանացու կամ ֆրանսիացու համար շատ հասկանալի «Si?» (Այո՞, լա՞վ, հասկանալի՞ է) երկու տառանոց բառը հայկական ղեկավար շրջանակներում Գյումրվա համուհոտով խոսվածքի «ըսի՞» ձեւն է ստանում, իսպանացին ու ֆրանսիացին մեղքդ գալիս են:



Չգիտեմ` Աշոտյանն ու մեկուկես տարուց ժամկետը բոլորող ԱԺ-ն ինչ գնահատական կտան մեր այս ելույթին ամբողջությամբ, բայց եթե հարցով իրոք մտահոգ են, ապա առաջարկս կընկալեն: Այն է` ցենզ սահմանել օտարների հետ շփվելու պաշտոնական դիրք ունեցողների համար: Նրանք պետք է առնվազն երկու օտար լեզու իմանան` ռուսերեն եւ անգլերեն: Ռուսերենը պարզ է ում, իսկ անգլերենն էլ ամբողջ աշխարհի հետ շփվելու համար: Դե եթե լեզվամտածողության տեսանկյունից էլ հայերեն սերտեն, ընդհանրապես հրաշալի կլինի:



Հավատացնում եմ, պարոն Աշոտյան, որ ոչ միայն ԱԺ խմբակցությունները, այլեւ ողջ ժողովուրդը կողմ կքվեարկի «Լեզվի մասին» օրենքում առաջարկված այս փոփոխությանը, եւ այն կարագի պես կանցնի հենց թեկուզ առաջիկա նստաշրջանի առաջին օրը` կես ընթերցումով:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ