Արցախը հարավկովկասյան կրթական դաշտում

Արցախը հարավկովկասյան կրթական դաշտում
Ստեփանակերտում Արցախի հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղանի թեման էր՝ «Կրթության հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում»։ Միջոցառմանը մասնակցել են Արցախի կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, բարձրագույն ուսումնական ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների, ավագ դպրոցների ղեկավարներ եւ կրթության ոլորտի մասնագետներ։



Կլոր սեղանը ղեկավարող Ժաննա Կրիկորովան նշեց, որ հասունացել է լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը, եւ քաղաքացիական հասարակությունը չի կարող մի կողմ կանգնել երկրի ներսում գոյացած խնդիրներից։ Ցավոք, ակնարկված խնդիրների մի որոշ մասը վերաբերում է հենց կրթության ոլորտին, որը վերջին տասնամյակում դարձել է յուրօրինակ փորձադաշտ։



Տեղի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, Արցախի պետհամալսարանի դասախոս Գեորգի Սահակյանի ասելով՝ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները եկել են այն համոզման, որ կրթական նախկին համակարգը սպառել է իրեն եւ նոր կրթական բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ Եվ որպեսզի, Գ. Սահակյանի ասելով, Արցախը դուրս չմնա հարավկովկասյան կրթական դաշտից, ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել միանալ, այսպես կոչված, «բոլոնյան» նախաձեռնությանը։



Ճիշտն ասած, տեղյակ չէի, որ հարավկովկասյան կրթական դաշտ գոյություն ունի, եւ հայաստանահայերը, ազերիներն ու վրացիները գտնվում են այդ կրթական դաշտում, իսկ արցախցիներս չենք ուզում հանկարծ հայտնվել այդ դաշտից դուրս։ Համենայնդեպս, Գ. Սահակյանը ներկայացրել է կրթական համակարգում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ այն, որ ավագ դպրոցների ստեղծումով վտանգվում է մեր փոքր գյուղերի գոյությունը, քանզի աշակերտները ստիպված են սովորելու մեկնել այնտեղ, որտեղ ավագ դպրոցներ կան։



Կրթության նախարարի ելույթից այն տպավորությունը ստացա, որ նա ձգտում է ոչ այնքան բարձրացված խնդիրների մասին խոսել, որքան ներկայացնել, թե կրթության համակարգում վերջին 1-2 տարիներին ինչպիսի առաջընթաց է ձեռք բերվել՝ վերականգնվում են պատերազմից հետո անհետացած նախադպրոցական հիմնարկները։ «Եթե երեք տարի առաջ նախադպրոցական համակարգին հատկացվել էր 67 մլն դրամ, ապա այսօր, կառավարությանը ներկայացված նախագծի համաձայն, նախատեսվում է 10 անգամ ավելի գումար՝ 607 մլն դրամ»,- ասաց նա։ Հանրապետությունում ստեղծվել է երեք առանձնացված ավագ դպրոց, երկուսը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Շուշիում, գործում են նաեւ հինգ խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցներ եւ այլն։



Նախարարի բավական երկար ելույթից տպավորվել է հետեւյալը։ Նա «հարգելի ներկաներին» պատմեց, որ ուսուցիչներից մեկը հարցրել է իրեն, թե կարո՞ղ է անբավարար գիտելիքներով աշակերտին նշանակել «անբավարար», եւ նախարարը վերջինիս հավաստիացրել է, թե կարող է։ Այդ օրինակով չգիտեմ, թե ինչ է ցանկացել հայտնել ԿԳ նախարարը, բայց, որ շարքային ուսուցիչը նախարարից թույլտվություն ստանալով պիտի գնահատի իր սաների գիտելիքները, դա արդեն մտահոգիչ է։ Մտահոգիչ է նաեւ այն, երբ կլոր սեղան վարողը հայտարարել է, որ 15-20 րոպե ընդմիջում է տրվում, նախարարը հարցրեց՝ կոնկրետ տասնհի՞նգ, թե՞ քսան րոպե, կրթության ոլորտի մասնագետներից մեկն ակնածանքով ասաց. «Նախարարը պաշտպանության բանակում է աշխատել, ճշտապահություն է սիրում»։



«Բանակային ճշտապահություն» ակնարկող մասնագետը երեւի թե չգիտի, որ մի այլ ճշմարտություն էլ կա, որ անվանում են «գերմանական ճշտապահություն»։ Տարբերությունը մեծ է։ Վերջինս ոչ թե պարտադրում, զոռով խցկում են մարդու գլուխը, այլ այն մոր կաթի հետ են ստանում ու ողջ կյանքում առաջնորդվում դրանով։ Կրթական համակարգում ոչ թե բանակային, այլ հենց այսպիսի ճշտապահություն պիտի լինի։ Մտահոգիչ է նաեւ այն, որ կրթության ոլորտում առկա խնդիրները քննարկելու ցանկությամբ հավաքված մասնագետների շրջապատում այդ ոլորտի բարձր պաշտոնյաներից մեկն ասում է՝ «իմ համար», մինչդեռ տարրական դասարանի աշակերտն անգամ գիտի (կամ պետք է իմանա), որ «իմ համար» կամ «մեր համար» չի լինում: Ճիշտ ձեւն է՝ «ինձ համար», «մեզ համար»... Այնպես որ՝ Արցախի կրթության ոլորտում գոյություն ունեցող տեսանելի խնդիրներից բացի, կան նաեւ հարցեր, որ պակաս մտահոգիչ չեն։



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ