ՀԱԿ. Հեղափոխություն՝ առանց մի կաթիլ արյան

ՀԱԿ. Հեղափոխություն՝ առանց մի կաթիլ արյան
Արդեն մեկ շաբաթ է, Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաներ են՝ մարդիկ պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը, հանրահավաքները շարունակվում են: Ընդդիմադիր ցուցարարների ղեկավարությունը ստանձնել է  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամեդ Էլ-Բարադեյը, որը կիրակի օրը հայտարարել էր, որ հետդարձի ճանապարհ չկա, եւ իրենք հասնելու են գործող ռեժիմի տապալմանը, եւ Եգիպտոսում նոր դարաշրջան է սկսվելու:



Անկարգությունների հետեւանքով, նախնական տվյալներով, մահացել է 300 մարդ, մոտ 3 հազար մարդ վիրավորվել: Նախօրեին Կահիրեի Ազատության հրապարակում 1,5 միլիոնից ավելի մարդ էր հավաքվել: Հայաստանում էլ այս օրերին ամենաքննարկվող թեման Եգիպտոսի իրադարձություններն են՝ հեղափոխությունը կարո՞ղ է նախադեպ լինել Հայաստանի համար, թե՞ ոչ: Կարծիք կա, որ դա կարող է նախադեպ լինել Հայաստանի համար, եւ օր օրի հասունացող սոցիալական բունտը մեզ մոտ էլ կհանգեցնի հեղափոխության նոր ալիքի:



ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը օրերս հայտարարել էր, թե Եգիպտոսի դեպքերը չեն կարող նախադեպ հանդիսանալ Հայաստանի համար. «Հայաստանում կա դժգոհություն, բայց չկա նախապայման սոցիալական բունտի համար: Հայաստանի իշխանությունները վճռական են՝ իրականացնել բարեփոխումներ հետճգնաժամային հետեւանքների բարելավման համար: ...Եթե որոշ մարդկանց անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ՝ մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան»:



«Որոշ մարդիկ» ասելով՝ հավանաբար նկատի ունի Հայ ազգային կոնգրեսին, սակայն ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, պարզվեց, նունպես դեմ է «ուժեղ ցնցումներին» եւ կարծում է, որ ցանկալի նպատակին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով, իսկ Եգիպտոսի դեպքերը, ըստ նրա, վտանգավոր են այն առումով, որ կարող են երկրի կործանման պատճառ դառնալ: «Որպես սոցիալական պայթյուն՝ ռեալ է:



Սակայն չղեկավարվող պայքարն էլ է վտանգավոր: Իշխանության հետ կարող է երկիրն էլ կործանվել: Հայաստանի հետ զուգահեռ անցկացնել չեմ ուզում: Մերը մի քիչ ավելի ինստիտուցիոնալ է, քան սոցիալական: Իշխանությունների հրաժարականը պահանջելու առումով, այո, մեր մոտ էլ է պահանջը նույնը, սակայն մի տեղ, որտեղ ավերումների հետեւանքով է դա լինում՝ երկիրը կարող է կործանվել: Նույնը Թունիսում էր:



«Սոված մարդու» ըմբոստությունը լավ է, դա նրա իրավունքն է, բայց այն, որ դրանից կարող է սոցիալական պայթյուն առաջանա՝ վտանգավոր է»,-ասաց Արամ Մանուկյանը: Անդրադառնալով Հայաստանին՝ Մանուկյանն ասաց. «Մենք վճռական ենք, որ առանց մի կաթիլ արյուն թափվելու ավելի լավ արդյունքի հասնենք, քան կարող է իրենք հասնեն: Մենք գնում ենք այդ ճանապարհով, եւ վստահ եմ, որ արդյունքի կհասնենք: Մեր մոտ էլ կա այդ վճռականությունը, եւ վստահ եղեք, որ ավելի գրագետ ձեւով է:



Այդ առումով մեր ինստիտուտները, կուսակցությունները, քաղաքացիական գիտակցությունը շատ բարձր մակարդակի վրա են»: Սակայն, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, դա չի նշանակում, որ  «բարեւ ձեզ, ինչպե՞ս եք» ձեւով պետք է լինի իշխանափոխությունը: Կարող է ըմբոստացումներ, պոռթկումներ էլ լինեն, քաղաքացիական դրսեւորումներ, բայց՝ «ցանկալի տարբերակն է նույն արդյունքին հասնելը ավելի քիչ կորուստներով:



Այդ ժամանակ, ուրեմն, դու ավելի խելոք ես ու ավելի ճիշտ կազմակերպված: Խելոք է այն ընդդիմադիրը, որը խուսափում է ծայրահեղություններից»,-հավելեց Արամ Մանուկյանը: Նա կարծում է, որ այս ամենի մասին ավելի շատ պետք է մտահոգվի իշխանությունը, որը պետք է ժողովրդին տանի այնպիսի ճանապարհով, որ քաոս չառաջանա. «Աֆրիկյան երկրների քաոսը միայն իշխանությունների մեղքն է:



Ինչու են ժողովրդին այդքան ճզմել, խեղդել, որ անկարգությունների այդպիսի ալիք բարձրանար: Իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, որ Հայաստանը հանկարծ չհայտնվի այդպիսի վիճակում: Բայց իշխանությունները կարծես ամեն ինչ անում են, որ այդ սոցիալական լարումն ավելի սրվի: Ձմեռվա կեսին միայն խելառը կարող էր շուկաների ժողովրդին՝ կանաչի ծախողներին, առեւտրականներին փողոց հաներ:



Այսինքն ժողովրդին գրգռելու առումով նրանց արածը խելամիտ չէ: Կարծես նրանք չեն հասկանում, որ սոցիալական բունտը վտանգավոր բան է»: Արամ Մանուկյանը չի կարծում, որ Եգիպտոսի դեպքերը կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա. «Ոգեւորություն կառաջանա բնականաբար, սակայն ես կուզենայի, որ մեր մոտ բոլոր գործընթացները կարգավորվող լինեն, քաոսի չվերածվեն»:



Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, սակայն, կարծում է, որ Եգիպտոսի դեպքերն անուղղակիորեն, բայց ազդեցություն կունենան Հայաստանի վրա: «Թունիսի դեպքերն ազդեցին Եգիպտոսի վրա, Եգիպտոսի դեպքերը, բնականաբար, կազդեն Սուդանի, Սիրիայի, Հորդանանի, արաբական աշխարհի վրա առաջին հերթին: Իսկ այնտեղից էլ ազդեցություն կլինի այլ տարածաշրջանների՝ այդ թվում եւ մեզ վրա»,- ասաց քաղաքագետը եւ հավելեց. «Ես ուզում եմ շեշտադրել այն փաստը, որ Թունիսի դեպքերը սկսեցին փողոցային առեւտրի արգելման հետեւանքով: Դա մտորելու տեղիք պետք է տա հայ հասարակությանը»: Ի դեպ, եւ Արամ Մանուկյանը, եւ Երվանդ Բոզոյանը վստահ են, որ Եգիպտոսում արմատական ընդդիմությունը հաղթանակ կտանի:



ՀԳ. Չնայած ընթացող բուռն քննարկումներին, Արամ Մանուկյանն ասաց, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես գալ որեւէ հայտարարությամբ: