«Օրինաց Երկիրն» անօրինության պաշտպա՞ն

«Օրինաց Երկիրն» անօրինության պաշտպա՞ն
Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ «պիռատները»: Հաշվի առնելով կուսակցության անվանումը, այս երկու երեւույթները պետք է որ գտնվեին հակառակ ճամբարներում:



Բայց Հայաստանում, պարզվում է, այս երկուսը կարող են հանդես գալ համատեղ եւ պայքարել երկրում օրինականությունն արմատախիլ անելու «ազնիվ» գործի համար: Շատերը չէին հավատում, որ որեւէ կուսակցություն կարող է բացահայտ կերպով պաշտպանել «պիռատների» շահերը: Երեկ վերջապես հնչեց առաջին համազարկը: Եվ այն հնչեցրեց կուսակցության ամենահամարձակ պատգամավորը: Իզուր չէ, որ նրան մամուլը «էգ առյուծ» է անվանում: Նա խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց կառավարությանը, ի դեմս էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի, որ Հայաստանում CD/DVD-ների բիզնեսով զբաղվողները բողոքել են, թե ԱԺ կողմից ընդունված եւ նախագահի կողմից վավերացված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսա-ձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին»  օրենքը խոչընդոտներ է ստեղծում իրենց աշխատանքի համար, հատկապես ներմուծված խտասկավառակների առումով, որ մարդիկ հայտնվել են օրենքից դուրս վիճակում, եւ արդյո՞ք կառավարությունը չի ցանկանում փոփոխություններ կատարել այդ օրենքում:



Իր խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար տիկին Բիշարյանը նշեց, որ ս.թ. մարտի 18-ին կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացվել հետ կանչել այս օրենքն ԱԺ-ից: Մարտի 18-ի կառավարության նիստի մասին հրապարակումներում նման տեղեկատվություն չկա: Միգուցե մեր կառավարությունն արդեն գաղտնի որոշումնե՞ր է կայացնում, թե՞ տիկին Բիշարյանը սիրում է հորինել: Փորձառու պատգամավոր տիկին Բիշարյանը պետք է որ տեղյակ լիներ, որ ՀՀ կառավարությունն ԱԺ-ից կարող է հետ կանչել միայն իր կողմից ներկայացված  օրենքի նախագծերը, իսկ այս օրենքի հեղինակն ԱԺ պատգամավոր է: Հեղինակային իրավունքների պաշտպանությունը եւ օրինականության հաստատումը նաեւ ազգային անվտանգության հարց են, եւ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը պետք է որ ուշադիր լինի այս խնդիրների նկատմամբ եւ ԱԺ-ում իր կուսակցության անդամների վարքի նկատմամբ նման հարցերում: Ժամանակին շատերն էին ասում, որ «պիռատները» հեշտ հանձնվողը չեն:



Օրենքի ընդունումից հետո ասվում էր, որ «պիռատները» գումար են «գցվել»՝ խորհրդարանում այս օրենքի մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու համար, որոնց արդյունքում օրենքը կդառնար անատամ, իսկ իրենք հնարավորություն կստանային աշխատել նախկին ձեւով: Եվ ահա, ինչպես ասում են, ծրագիրը գործողության մեջ է: Փաստորեն, մեր «պիռատները» երկար փնտրեցին, թե ԱԺ-ում ով կարող է պաշտպանել իրենց շահերը, որն է ամենա-«ապօրինի» կուսակցությունը եւ գտան «Օրինաց երկրին»: Հետաքրքիր է, թե «Օրինաց երկիրն» այս ճանապարհով մինչեւ ո՞ւր կարող է հասնել: Այսօր նրանք պաշտպանում են «պիռատների» շահերը, վաղը միգուցե պաշտպանեն կեղծ ապրանք արտադրողների շահերը, մյուս օրը բնակարան թալանողների...



Մի օր էլ կպարզվի, որ «Օրինաց երկիրը» ողջ հանցագործ աշխարհի «օմբուդսմենն» է: Այդ ժամանակ արդեն անհրաժեշտ կլինի փոխել կուսակցության անվանումը եւ դարձնել, ասենք, «Ապօրինաց երկիր»: Իսկ «պիռատների» ամենօրյա աշխատանքից տուժող եւ գումարներ կորցնող մեր մշակույթի գործիչներին կոչ ենք անում անդամագրվել «Օրինաց երկրին» եւ դառնալ Հեղինե Բիշարյանի օգնականը «պիռատների» շահերի պաշտպանության «ազնիվ» գործում:



Լուսինե ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ