Այս երկրին մամուլ պետք չէ՞

Այս երկրին մամուլ պետք չէ՞
Մամուլն աղետալի վիճակում է հայտնվել, SOS հնչեցնելու ժամանակն է: Մեր ֆինանսական, հոգեբանական, մենթալիտետային խնդիրները քիչ էին, հիմա էլ Կարեն Անդրեասյանի ծնած օրենքի շնորհիվ դատական հայցեր են հարուցում եւ մեծ դրամական տույժեր դնում թերթերի վրա: «Հրապարակը» թեեւ ընդամենը մեկ դատական գործ ունի (տխրահռչակ Հրաչ Քեշիշյանի հետ), որը դեռեւս քննվում է, սակայն երեկ մենք 2 վատ ազդակ ստացանք, որոնք սպառնում են մեր թերթի բնականոն աշխատանքին: Մեզ հետ պայմանագիր կնքած երկու կազմակերպություն ուզում են միակողմանիորեն վերանայել պայմանագրերը եւ բարձրացնել մեզ մատուցվող ծառայությունների գինը: Մեկը տպարանն է, որի տնօրենը պնդում է, որ թղթի գինը միջազգային շուկայում բարձրացել է, ուստի ինքը ստիպված է բարձրացնել թերթի տպագրության գինը: Մյուսը՝ քաղաքապետարանը, որին պատկանող տարածքում մենք դժբախտություն ենք ունեցել տարածք վարձակալել: Տպարանի հարցում դեռ կարելի է վերապահում անել՝ մասնավոր հիմնարկ է, եւ մարդն ինքն է որոշում իր ծառայությունների գինը: Իսկ այ, քաղաքապետարանի դեպքում այս «վերանայումից» ճնշման, հետապնդումի, անհանդուրժողականության հոտ է փչում: Բանն այն է, որ այս շենքում տեղակայված որոշ լրատվական ընկերություններ անհատույց են տարածք զբաղեցնում՝ կառավարության հատուկ որոշմամբ անժամկետ օժանդակություն է տրամադրվել մամուլին: Իսկ մենք 5 տարի ժամկետով եւ ֆիքսված գնով պայմանագիր ունենք քաղաքապետարանի հետ կնքած, որը հաստատվել է Կադաստրում եւ նոտարում: Այնպես որ, հարգելի քաղաքապետ, ստիպված եք հանդուրժել մեր քննադատությունը, քանի որ պայմանագիրը միակողմանի վերանայելու եւ գինը 2 անգամ բարձրացնելու Ձեր պահանջն անօրինական է, մենք դա կապացուցենք ցանկացած ատյանում: