Հաղթանակի կարոտ

Հաղթանակի կարոտ
Մեր ժողովուրդը կարիք ունի հաղթանակների՝ երեկ ասում էր երիտասարդ մի գրող եւ պնդում, որ դա հատկապես երեւաց Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի ժամանակ: Մանավանդ նոր սերունդը այդ հաղթանակին շատ էր սպասում: Երբ 90-ականներին մութ էր, գրեթե քաղց, կարիք, անգործություն, մեզ պահողը հենց ռազմաճակատի հաղթանակներն էին: Ասում են՝ այդ տարիներին արտագաղթ գրեթե չի եղել, իսկ ով էլ գնացել է՝ ետ է վերադարձել, որովհետեւ դա անհուսության, ապագայի հանդեպ հավատի բացակայության գաղթ չէր: Ծանր էր, երիտասարդ տղաների դիակներ էին բերում Արցախից, սակայն մարդիկ ապրում էին հաղթանակների ոգեւորող, արբեցնող լուրերով: Հաղթանակներն անշուշտ միայն ռազմական չեն լինում: Եվ պետք էլ չէ, որ 21-րդ դարում դրանք ռազմական լինեն: Այս դարը տնտեսական, գիտական, սպորտային հաղթանակների դար է: Իսկ այդ բոլոր ասպարեզներում մենք, ցավոք, պարտվում ենք: Իսկ ժողովուրդն այնպե՜ս է ուզում հաղթել: Կարծում եք ինչո՞ւմ էր այն խաբեբա երիտասարդ «ֆիզիկոսի» ֆենոմենը: Հենց հաղթանակի փափագն էր առաջնորդում նրանից համաշխարհային մեծության գիտնական, նոր Էյնշտեյն ու Կոպերնիկոս սարքելու ավանտյուրան: Հաղթանակի կարոտն է ստիպում մարդկանց գնալ հանրահավաքների ու երթերի՝ գուցե այս անգամ իշխանությունը գրավե՞նք: Եթե այն չենք կարողանում գրավել ընտրությունների ճանապարհով, ապա պետք է դրան հասնենք ուժով ու պայքարով: Այդ նույն հաղթանակի ձգտումով են նաեւ մարդիկ այս օրերին այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին՝ գուցե նա իր հացադուլո՞վ հաղթի իշխանություններին ու ինչ-որ քայլեր պարտադրի: Հաղթելու երազանքը հզոր խթան է, հասարակությանը շարժող ուժ: Պարզապես հարկավոր է հասարակությանը տալ այդ հաղթանակի զգացումը՝ թեկուզ փոքրիկ հաղթանակներ ապահովելով: