Դեպի գյուղ

Դեպի գյուղ
Աստված մեզ զորություն տա, որ դիմանանք պոպուլիզմի ու ժամանակավոր ժողովրդավարության այս փուլին: Կա՞ արդյոք ավելի զավեշտալի իրողություն, քան դեպի գյուղն ու գյուղացին շրջված չինովնիկն է, որն ասֆալտի վրա է ապրել, գարնանացանն աշնանացանից չի տարբերում, կովը՝ ցուլից եւ վստահ է, որ հավ պահելը միայն ամեն օր տասը ձվից ձվածեղ ուտելու հաճույքն է, այլ ոչ տարին 12 ամսվա չարչարանքը: Եվ երբ այս չինովնիկները՝ «չոլկով» փոխվարչապետից մինչեւ Իսպանիայի մեղմ կլիմային սովոր վարչապետ, սկսում են գյուղ գնալ ու գյուղի խնդիրներից խոսել, կարելի է պատկերացնել, թե նրանց ինչպես են ընդունում այդ գյուղերում եւ ինչ հակասական զգացումներ են ապրում գյուղացիները: Փաստորեն, Պատրիկյանների մի նոր սերունդ է ի հայտ եկել, ռուս հեղափոխականների մի հերթափոխ, որը նախագահի «դեպի գյուղ» կոչին արագ արձագանքելով, փորձում է ցույց տալ, թե անչափ մտահոգ է գյուղացու հոգսերով: Իսկ օձունեցի բարեկամս երեկ պատմում էր, որ եթե գյուղացին գտնի փող աշխատելու այլընտրանքային որեւէ ճանապարհ, այլեւս հողին չի վերադառնա, քանի որ հողից եկամուտ ստանալն ամենադժվար գործն է: Իսկ իրենց գյուղի աշխատավորները մոտ 10 տարի առաջ բռնել են խոպանի ճամփան, ու ահագին մարդ արդեն Ռուսաստանի տարբեր մարզերում աշխատանք է գտել: Եթե 90-ականներին մի մետր վարելահողի համար «իրար փոր էին թափում», հիմա լիքը չմշակված հող կա գյուղում: Հող մշակելը, գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր, ու գյուղացին սկսել է հետ սովորել հողից: Ահա այսպիսի տխուր բաներ: Անշուշտ լավ է, որ իշխանությունը հասկացել է, որ երկիր պահողը, շենացնողը գյուղացին է՝ եթե նա վատ է ապրում, վատ ենք ապրելու նաեւ մենք բոլորս: Այդ թվում՝ կառավարական կաբինետներում նստածները: