Պատգամավորներն էլ որ չլինեին, ազգը սովից կմեռներ

Պատգամավորներն էլ որ չլինեին, ազգը սովից կմեռներ
ՀԱԿ հրապարակած 76 «ոչ լեգիտիմ» պատգամավորներից ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանը՝ «Գարուն» ԲԲԸ-ի, «Բեքսա ֆիշ» ՍՊԸ-ի սեփականատերը, մեր հերթական հարցախույզի ժամանակ, ինչպես վերոնշյալ ցուցակում ընդգրկվածներից շատերը, կտրականապես հրաժարվեց, որ ինքը բիզնեսով է զբաղվում: Նա երկու օր առաջ մտերիմներից է իմացել, որ իր անունը եւս ներառված է այս ցանկում, եւ մի շարք վիրավորանքներ թափեց ցուցակը կազմողների հասցեին:



- Հետո՞ ինչ, որ գրել են, կարող ա՞ իմ սեփականությունը նվիրեմ էդ գրողին, էդ էշը ո՞վ ա: Հա, ունենք, ի՞նչ է եղել, բայց չենք զբաղվում. մարդ կա, դիրեկտոր կա դրած՝ աշխատում ա:



- Ամեն դեպքում, Ձեր անունը եւս հրապարակայնացվել է, հնարավո՞ր է ԲՀԿ-ում որոշեն, որ Ձեզ այս անգամ չեն ընդգրկելու  ցուցակում:



- Ինձ ոչ ոք բան չի ասել, ես էլ իմ համար ըտենց ծրագիր չեմ դրել, ոչ էլ դրա մասին մտածում եմ ընդհանրապես: Ես դրա մասին տեղյակ չեմ, ոչ էլ ինձ պետք ա էդ թեմայով զբաղվել: Ինչ վերաբերում է, որ սեփականատեր ենք՝ հա, նորություն ա՞-ինչ ա, որ սեփականատեր ենք, բայց բիզնեսով չենք զբաղվում, մարդ ենք դրել՝ աշխատում ա:



- Բայց ցուցակ կազմողներն էլ հակափաստարկ են ներկայացնում, որ եթե անգամ չեն զբաղվում, միջամտում են բիզնեսին, ինչը նույնպես հակասում է ՀՀ Սահմանադրությանը:



- Իրանք էշ են, ուրիշ բան է՞լ ես ուզում ասեմ՝ էդ էլ ասեմ, էդ էլ գրեք: Ես ընդհանրապես չեմ աշխատում, հիմնարկությունն արենդայով հանձնել եմ ուրիշին, գերմանացիներն են աշխատում, վաբշե չեմ խառնվում ոչ մի գործի:



- Բայց չեք ժխտում, չէ՞, որ դրանք Ձեր սեփականությունն են:



- Բա ո՞նց ժխտեմ, եթե ես փող եմ տվել-առել եմ՝ ինչպես բոլորը: «Գարունն» ամենակարեւորը, արդեն 5-րդ տարին է՝ տված ա վարձով՝ գերմանացիներին, իսկ մյուսն էլ ընդհանրապես չի աշխատում, փակ վիճակում ա:



- Լավ, տիկին Ենոքյան, հիմա ցանկություն ունե՞ք, առաջադրվելո՞ւ եք հաջորդ ընտրություններին:



- Ցանկություն՝ ոչ հա, ոչ չէ, ես հիմա ոչ մի բան չեմ ասում, ոնց հարմար կլինի, նենց էլ կարվի, ես բազարի դուրս չեմ գալիս: Ինձ ոչ մի բան պետքը չի էս աշխարհում, բացի առողջությունից:



- Տիկին Ենոքյան, Դուք արդեն բավականին տարիք ունեք, չե՞ք գտնում, որ ժամանակն է երիտասարդ ուժերին տեղը զիջել:



- Էդ հարցը պահի՝ ուրիշին կտաս, ինչ որ ես ուզում եմ, ինչ որ մտածում եմ, ես դա անում եմ: Իսկ էն, ինչ անելու եմ, ոչ մեկին չեմ ասում՝ ժամանակից շուտ ինչ եմ որոշում անեմ: ...Էլի սկսվեց, երկու օր չկա՝ եկել եմ հանգստանալուց, արդեն… դե վերջ տվեք: Ես բոլոր ձեւի «շկոլաներն» անցած մարդ եմ, ես ինքս եմ ղեկավարում իմ հետագա քայլերը, ոնց հարմար կգտնեմ, էնպես էլ կանեմ, որեւէ մեկին դակլադ չեմ տալիս իմ կյանքում՝ ինչ պիտի անեմ հաջորդ օրը: Ըտենց էլ գրի ու ավարտենք, շուտ ա, հերիք ա պղտորեք, այ էս բառերը գրեք՝ հերիք ա պղտորեք էս ժողովրդին, հերիք ա, էլ արդեն մարդ չի մնացել էս քամբախ երկրում:



- Բայց մե՞նք ենք պղտորում, էդ կիսաօլիգարխ պատգամավորները չեն պղտորում, մե՞նք ենք պղտորում...



- Դրանք էլ չլինեն, ազգս սովամահ կլինի, բա որ դրանք էլ չաշխատացնեն, մեր բյուջեն ինչո՞վ պետք է լցվի, դուք մի քիչ խորը մտածո՞ւմ եք, թե՞ պրոստը խոսում եք:



- Բայց չէ՞ որ բիզնեսն ու օրենսդիր աշխատանքը համատեղելը հակասում են Սահմանադրությանը, եւ հետո՝ ո՞վ չգիտի, որ այդ պատգամավորների համար Ազգային ժողովն ուղղակի «կրիշ է»:



- Ի՞նչ կրիշ, նրանք հազարավոր բանվորներ են պահում, դրանից փողեր ա գնում սոցիալական բյուջե: Հիմա նրանք ի՞նչ կրիշ են, նրանք արտադրություն են պահում, նրանք հազարավոր բանվորներ են պահում, էդ մարդիկ աշխատում են՝ գլուխները պահում են, գոնե էսքանը չեն փախչում: Բացի էդ ձեր ժուռնալիստական խնդիրներից, մի քիչ էլ ազգի մասին մտածեք, սենց հո չի՞ լինի, ընկել եք մեր... հլը մի հատ տեսեք՝ էս թազա լակոտ-լուկուտները հնարավորություն ունե՞ն կազմակերպեն, կատարեն որեւիցե աշխատանք, բիզնես պահեն, բանվոր պահեն, աշխատանքով ապահովեն, կամ ձեր ժուռնալիստներից...



- Չե՞ք ընդունում, որ շատ պատգամավորների համար ԱԺ-ն սեփականություն պահելու եւ ձեռնարկատիրություն ծավալելու տանիք է միայն:



- Ինչի՞ չեմ ընդունում, բայց ես օրինակ բացարձակ դրա համար չեմ մտել, երբ ես մտել եմ, ձեռնարկությունն արդեն արենդայով տված էր ուրիշին: Ընդունում եմ, որ որոշ մարդկանց համար կրիշ ա, էդ տիպիներին ման եկեք-գտեք ու դրանց էս հարցերը տվեք: Ձեր կամպանիայի մարդիկ մի քիչ անհարմար պետք է զգային ինձ էդ հարցը տալու: Ես սարսափելի ծանր ու ճիշտ կյանք եմ ապրել: Անդրադարձեք էն մարդկանց, որ ցուցակի մեջ մի 30 հատ կա գրած, հլը մի 130 հատ օբյեկտ էլ բարեկամների, երեխեքի, կնանիքի հորողբերների ու եսիմ ում վրա ա՝ այ դրանց բռնացրեք:



- Իսկ կարո՞ղ է մի 130 հատ «օբյեկտ» էլ Դուք Ձեր բարեկամների անունով գրանցած ունեք:



- Չէ, երբ ման կգաս-կգտնես՝ կասես:



- Եվ հետո՝ մենք ոչ մեկին վիրավորելու նպատակ չունենք եւ չենք ասում՝ արտադրություն մի ղեկավարեք կամ բիզնես մի արեք, բայց պետք է ընտրություն կատարեք՝ կամ բիզնես, կամ օրենսդիր մարմին:



- Ես կգտնեի ավելի նպատակահարմար՝ էդ բիզնեսմենները, ովքեր այդ հնարավորությունն ունեն, իրենք աճեցնեն չափազանց գրագետ կիրթ յուրիստներ եւ օրենքից բան հասկացողներ, եւ իրանց ներկայացուցիչները լինեին Ազգային ժողովում: Ես ասել եմ, որ ճիշտ է, որ ԱԺ-ում լինեն միայն մասնագետներ, օրենք գրող էկոնոմիստներ, յուրիստներ:



- Բայց հիմա ԱԺ-ում արդյո՞ք բոլորն են մասնագետներ եւ օրենք գրողներ: Եվ արդյո՞ք չենք թերագնահատում երիտասարդների ներուժը, նրանց հնարավորություն պե՞տք է տրվի, թե՞ ոչ:



- Ես ասում եմ, որ օրենքով էդպես պիտի լիներ: ...Եթե երիտասարդը փորձ ունի, գրագետ ա, յուրիստ ա, տնտեսագետ ա, էս աշխարհից բան ա հասկանում, փորձ ունի, ստաժ ունի եւ կկարողանա օրենսդրական դաշտում աշխատել...  ո՞վ է ասում, որ չէ. ես 100 տոկոսով պադդերժկա եմ անում էդ տիպի մարդկանց:



- Չնայած ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ներկայումս առկախված է, այդուամենայնիվ ինչպե՞ս կգնահատեք դրանց ընթացքը, ի՞նչ տվեց այն մեր երկրին:



- Ոչ մի բան էլ չեմ տեսել, որ տվել ա: