Ոգու վերադարձը

Ոգու վերադարձը
Մայիսի 28-ին լրացավ հայոց հանճարի` Կոմիտաս Վարդապետի աճյունի հայրենադարձման 75-ամյակը, որը մեր մեծերի Պանթեոնում արժանիորեն նշեցին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան թեմը եւ կոմիտասապաշտ հայորդիները. հոգեհանգստյան արարողություն, Արարատյան թեմի «Ծաղկազարդ» համույթի կողմից Կոմիտասի «Պատարագի» եւ կոմիտասյան երգերի կատարում:



Կոմիտասյան գործերից կատարումներ հնչեցին նաեւ շնորհալի ջութակահարների եւ երգիչների կողմից, ընթերցվեցին հատվածներ Չարենցի, Սեւակի, Լ. Միրիջանյանի` Կոմիտասին նվիրված պոեմներից, ելույթ ունեցավ «Կարին» պարային համույթը, իրենց խոսքը հնչեցրին կոմիտասագետներ, արվեստագետներ, հասարակագետներ, գրողներ, Պանթեոնի ծառուղիներում մեկտեղվեցին տարբեր սերնդի հեղինակների կոմիտասյան թեմաներով քանդակներն ու նկարները:



Կոմիտասի պաշտամունքն ունեցող Եղիշե Չարենցն իր անչափելի հանճարի հզորությամբ գրեց  «Կոմիտասի հիշատակին Requiem Իternam» անզուգական պոեմը:



«Ոգու վերադարձը» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին կայցելենք Եղիշե Չարենցի հուշահամալիր, որպեսզի միասին նշենք Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի 75-ամյակը:



Կոչեմ ապրողաց, մասնակցել հիշատակի եւ ոգեկոչման արարողությանը, որի ընթացքում, օրհնանքի խոսքից հետո, շնորհալի ասմունքողները կկարդան հատվածներ պոեմից, երգիչները եւ երաժիշտները կկատարեն Կոմիտասի գործերից: Կոմիտասյան դասը կվարեն կոմիտասագետ արվեստագետները:



Միասին կմտորենք, թե ինչպես, ինչ ճանապարհով Կոմիտասի անվան զբոսայգում հայ մեծերի Պանթեոնի հարեւանությամբ գտնվող շենքը (նախկին «Կինոհոկտեմբեր» կամ «Պլանետարիում»), որպես ազգի, պետության եւ պետականության գերակա շահ, փրկագնենք եւ վերածենք Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտի, եւ թե ինչպես ավարտին հասցնենք դժնդակ 36-ին Կոմիտասի աճյունն անձնազոհաբար հայրենիք վերադարձրած Դանուշ Շահվերդյանի անվան փողոցի վերանվանման` շուրջ 15 տարի չարչրկվող հարցը:



Գագիկ Շահվերդյան