Փոքրիկ, բայց սխրանք

Փոքրիկ, բայց սխրանք
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի արարքը ՀՀԿ-ականի փոքրիկ սխրանք է եւ այլ բառով, քան սխրանք, չի կարելի բնութագրել: Եթե կուզեք` դա շատ ավելի մեծ դաս էր ՀՀԿ-ին, քան Իջեւանի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունը: Եթե Իջեւանում պարտվեց ՀՀԿ թեկնածուն, եթե ԲՀԿ թեկնածուին, ինչպես ասացին, սատարեցին մյուս քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչներ, ապա Քաջարանում մի գյուղապետ հաղթեց ՀՀԿ-ին` հետ վերադարձնելով գյուղապետի լանջաշղթան եւ ՀՀԿ անդամատոմսը: Այս կարգի պարտությունները չեն մոռացվում եւ երկար ժամանակ իրենց վրա են սեւեռում վերլուծաբանների ուշադրությունը, մասնավորապես «ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ» հարցադրման շրջանակներում:



Կարո՞ղ եք հիմա ասել, թե քանի գրոշ արժեն ՀՀԿ-ի համար ԱԺ նախագահի եւ ԱԺ փոխնախագահի ընտրությունների հաղթահանդեսները, երբ հեռավոր Քաջարան գյուղը տառապում է այդ նույն պաշտոնյաների թիկունքում կանգնած կուսակցության ձեւավորած կառավարության զավեշտալի որոշումից: Ի՞նչ է նշանակում գյուղը պահող հողերը պետության գերակա շահ հայտարարելն ու գյուղացուց յուրացնելը: Մի՞թե սահմանամերձ գյուղն ու այդ գյուղում ապրող գյուղացին պետության մեկ այլ տիպի շահ են եւ ոչ գերակա շահ:



Կառավարությունում նստած օսլայած օձիքավորները, հետաքրքիր է, պատկերացնո՞ւմ են, թե ինչ ասել է հողից հաց քամելը: Տվեք նրանց մեկական կտոր խամ հողատարածք ու առաջարկեք մշակել: Այդ ժամանակ գուցե Տիգրան Սարգսյանը հասկանա, թե ինչ է նշանակում մարդուն իր հողից կտրելը, մարդու հողը պետական գերակա շահ հռչակելու անվան տակ յուրացնելը: Ոչ ոք ոչ մի պարագայում չի կարող փոխհատուցել գյուղացու` անմշակ տարածքները վարելահող ու այգի դարձնելու աշխատանքը: Դա ժամանակի հետ կռիվ է եւ մանավանդ չի կարող տեղավորվել կծծիությամբ փայլող ՀՀ կառավարության ամենաճոխ հաշվարկներում: Սա է ամենաառաջին եւ կարեւորագույն պատճառը, որ քաջարանցիները ոչ մի կերպ չեն համաձայնում «ձեռ քաշել» հայրենի կառավարության հերթական ցնդաբանության տակ եւ իրենց հողերից քաշվել այլ տարածքներ:



Կարո՞ղ էր արդյոք գյուղապետը համաձայնել: Կարող էին, չէ՞, նրան կաշառել, հազար ու մի խոստումներ տալ, լուսավոր ապագա խոստանալ գյուղին` ասֆալտ, ճոպանուղի, շախմատի աշխարհի առաջնություն, ձեթ… Պարզվում է` չէին կարող կամ չկարողացան: Չկարողացան գյուղացու մտածողությանը հասցնել մի շատ հասարակ բան` այն, որ իրենց որոշումը բխում է պետության շահերից եւ գերակա է: Գյուղացին լուրջ կասկածներ ունի, թե իր հողն օտարվում է պետության գերակա շահի համար: Այդ նույն պետության գերակա շահ համարվող բանակին նա զինվոր է տալիս, այդ նույն պետությանը նա պարտաճանաչ հարկուտուրք է տալիս, իր աշխատանքով կերակրում այդ պետությանը` դա համարելով նաեւ իր գերակա շահը: Իսկ այս դեպքում, կներեք, ոչ, որովհետեւ Հայաստանի ընդերքը Հայաստանինը չէ, որովհետեւ ամենաաղաղակող փաստերը կապված են ընդերքի շահագործման հետ, որովհետեւ սա ընդամենը բիզնես է, որից պետությանն ու քաղաքացուն ոչինչ կամ գրեթե ոչինչ չի հասնում: Հետեւաբար Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի հարձակումը գյուղացիական հողերի վրա անմիջապես ընկալվում է որպես ոչ պետական գերակա շահ, թայֆայի, խմբի, հանքատերերի շահ է նկատվում, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների շահ է նկատվում, ուրիշի շահ է նկատվում վերջապես:



Ո՞վ կլինի Քաջարանի հաջորդ գյուղապետը: Այս հարցը ՀՀԿ-ում քննարկվե՞լ է: Իրենց հարցնես, կասեն՝ ոչ: Ես չեմ կարող պատկերացնել, որ Քաջարանի հաջորդ գյուղապետ կարող է դառնալ մի անձնավորություն (թեկուզ ՀՀԿ-ական), որ փորձի Ռաֆիկ Աթայանի գծից մեկ սանտիմետր շեղում թույլ տալ: Այնպես որ, Քաջարանի պատմությունը ոչ թե մի բան էր, որ եղավ-անցավ, այլ մի բան է, որի պտուղները դեռ նոր պիտի քաղեն ՀՀ իշխանությունները:



Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իր մոտ է հրավիրել Ռաֆիկ Աթայանին` հասկանալու համար պատճառները եւ գյուղացիների պահանջը: Սակայն հետո պարզվել է, որ Ռաֆիկ Աթայանը դեռ լուր չունի հրավիրված լինելու մասին: Ամեն դեպքում: Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետի մտքով անցել իր մոտ հրավիրել անհնազանդ գյուղի արդեն նախկին գյուղապետին: Չենք կարծում, թե միայն թեյ խմելու: Կանչում է իր մոտ ի՞նչ անեմ, ես իմ ասելիքն ասել եմ` հետ կվերցնեմ հրաժարականներս, եթե կառավարությունն էլ իր որոշումը հետ վերցնի. մոտավորապես այսպես է արձագանքել Ռաֆիկ Աթայանն այդ «հրավերին»: Իր փոքրիկ սխրանքով, փաստորեն, այս մարդը բոլոր ընտրովի ու նշանակովի պաշտոնյաներին պարտադրեց մի պահ կանգ առնել, խորհել, նայել սեփական ներսը, բաներ, որ խորթ են եղել նրանց ի սկզբանե, կամ որոնց հանդեպ խորթացել են ՀՀԿ երկարուձիգ իշխանության տարիներին:



Էդիկ Անդրեասյան