Ծառահատումներ Լոռու մարզում

Ծառահատումներ Լոռու մարզում
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում երկար ժամանակ է, ինչ անտառահատումներ են իրականացվում: Սակայն ծառահատումների հետ կապված ահազանգ եղավ միայն երեկ, մի խումբ բնապահպանների կողմից: Նրանց տեղեկություններով՝ Մեծավան համայնքում հատում են սոճենի տեսակի ծառատեսակներ: Արդեն Մեծավանում պարզ դարձավ, որ բնապահպանների ահազանգը ճիշտ է:



Խնդրի հետ կապված  փորձեցինք պարզաբանումներ ստանալ անձամբ Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանից, ով աշխատանքային ժամին գյուղապետարանում չէր, շենքում չէին նաև գյուղապետի տեղակալները: Բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ ծառահատումները երկար ժամանակ է, ինչ կատարվում են, հատում են գյուղի գերեզմանատանը հարակից գտնվող սոճիների պուրակի ծառերը, իսկ փայտի մի մասն էլ վաճառում են գյուղացիներին, մեկ խորանարդ մետրի համար պահանջելով 8000 դրամ: Բնակիչները նաև ասել են, որ անտառահատումները տեղի են ունենում երեկոյան ժամերին: Ի դեպ, բոլոր հատված ծառերի կոճղերը համարակալված են եղել, ինչն էլ խոսում է օրինական հատման մասին:



Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ անտառահատումները օրինական են. «Անտառահատման թույլտվությունը տրված է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, որով նախատեսվում է խնամքի և սանիտարական հատումների նպատակով կտրել 260 սոճենի»:



Վարչության պետը բացառեց անօրինական հատման վերաբերյալ խոսակցությունները, նշելով, որ հատումներին ներկա է ԲՆ աշխատակիցը, ով էլ հսկում է, որպեսզի հատվեն միայն համարակալված ծառատեսակները: