Ավգիական առասպել

Ավգիական առասպել
Շատ էր սիրում ձի, ավանակ`



Հելլեն  արքա Ավգիասը,



Թեև ուներ շատ ժամանակ



Բայց չէր սերտում կենաց  դասը:



 



Օրեցօր կիտվում էր կալը



Հարյուր  հազար ավանակի,



Զարթնեց  նախորդ տիրակալը`



Տեղն էր փնտրում դագանակի:



 



Հերկուլեսն էլ չէր երևում



Ասես անցել էր թոշակի,



Թուրն էր կախված իր վերևում



Տեսքով պարզած  դրոշակի:



 



-Քույրե՛ր, եղբայրնե՛ր պատվելի



Հանգիստ շնչե՛ք, ե՛ս եմ տերը



Անտառ  ունենք ցախավելի,



Մեզ էլ պետք չեն ձեր արտերը…



 



Ու խալխ դարձավ ազգը արի



Չէր էլ գտնում իր փանջարան,



Տառապում էր կլոր տարի`



Ասես ընկել էր տանջարան:



 



Ագռավներից սև, կալակեր



Չուներ ոչ քուն, ոչ էլ անուրջ



Պիտի անվերջ  կալ շալակեր`



Կամ էլ  գտներ բարձր  կամուրջ:



 



Այրուձին էլ  ընկավ  հալից



Գարշահոտ ու ախք էր համակ



Բանբեր  չկար Մեծ ձնհալից,



Չկար նույնիսկ փոքրիկ  նամակ:



 



Հանկարծ  ճռռաց երկանիվը



Ոտքերի տակ Ավգիասի,



Պոկվեց ընկավ ձախ անիվը



Ի հետևանք  անսերտ  դասի:



 



-Արեգա՜կը,-  մեկտեղ ասին



Ձնծաղիկն ու Մեծ ձնհալը,



Հասան  թորած ջրով թասին`



Սողացին գարշանքն ու կալը:



 



-Ի ա՜խք,- գոչեց խալխը ըմբոստ



Խոլ ավյունով արիական



Արթնացան անտառ ու ոստ



Խրոխտ երգից  դորիական:



 



Խենթ հեղեղից  դողաց հողը,



Քըշվեցին գարշանք ու կալ,



Ազդարարեց երկայն փողը`



Թագադրվեց նոր տիրակալ:



 



-Ազնի՜վ  հելլեն  քաջակորով



Անսա  դասին  ուսանելի.



Վարիր  խելքով, ոչ որկորով`



Թող հիշատակ  երանելի:



Հին հունարենից թարգմանեց`  Մարգար Մախսուդյան